Լավատեսությունը պակասել է

10/02/2006

Ռոբերտ Քոչարյանը, որ պաշտոնական այցով գտնվում է Շվեդիայում, երեկ հայտարարել է. «Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններից հետո ես պակաս լավատեսորեն եմ տրամադրված Ադրբեջանի նախագահի հետ Փարիզում փետրվարի 10-ին կայանալիք հանդիպման նկատմամբ»: «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը հասնելու համար կողմերը պետք է ցուցաբերեն քաղաքական կամք եւ դիմեն որոշակի քաղաքական ռիսկերի: Վերջին 2-3 օրերի ընթացքում Բաքվից հնչող հայտարարություններն ինձ մոտ տպավորություն են ստեղծում, որ Ադրբեջանում այդ քաղաքական կամքը չկա, կամ էլ բավականաչափ չէ», – հայտարարել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, «Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությունները զարմացրել են հայկական կողմին»: Այդ ամենի հետ մեկտեղ, Ռոբերտ Քոչարյանը ավելացրել է, որ «շատ եւ շատ զգուշավոր լավատեսության համար հիմքեր դեռ կան»: Ռ. Քոչարյանը նշել է նաեւ, որ Փարիզում կհանդիպի ոչ միայն Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի, այլեւ Ֆրանսիայի նախագահ Ժ. Շիրակի հետ: