Խաղաղության աղավնին

10/02/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Խոսք է գնում մի քանի նոր կուսակցությունների ստեղծման կամ ակտիվ գործունեություն ծավալելու մասին, եւ սպասվում է, որ դրանք լուրջ դեր կունենան 2007թ. ընտրությունների ժամանակ: Միաժամանակ նկատելի է, որ գնալով աճում է ընտրություններում ֆինանսական գործոնի ազդեցությունը: Նոր ստեղծված եւ ստեղծվելիք կուսակցությունների, քաղաքական դաշտում ֆինանսական գործոնի ազդեցության մեծացման եւ հարակից հարցերի շուրջ երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ) ղեկավար Յուրի Մանուկյանը եւ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը: Հարկ է նշել, որ բանավեճ, որպես այդպիսին, տեղի չունեցավ: Բանախոսները գրեթե բոլոր հարցերում միակարծիք էին: Փոխարենը նրանցից յուրաքանչյուրը գովերգում էր սեփական կուսակցության գաղափարախոսությունն ու արած գործերը: Ինչեւէ, Յու. Մանուկյանի կարծիքով` առանց գաղափարական հենքի ստեղծված կուսակցությունների շարքային անդամները կուսակցամոլներ են, իսկ կուսակցամոլն, ըստ նրա, վերջիվերջո բարոյական խելագար է դառնում: «Նա վտանգ չի ներկայացնում հասարակության համար, սակայն նրա գործունեությունը շատ վտանգավոր է, որովհետեւ եթե իր կուսակցության լիդերը չի ասում, որ մածունը սպիտակ է, ինքը չի կրկնում»,- պնդում է ՀՄԿԿ առաջնորդը, սակայն չմասնավորեցնելով, թե ինքը նկատի ունի «Ազգային Միաբանությա՞նը», թե՞ «Օրինաց երկրին»: Նա նաեւ հարկ համարեց նշել, որ իրենց նպատակը սոցիալիզմի վերադարձն է Հայաստան, «իսկ գերխնդիրը` ազգը»: Նկատենք, որ Հայաստան սոցիալիզմի վերադարձն իր նպատակ հռչակած Յու. Մանուկյանը 2003-ին ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավի ժամանակ սատարում էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը սոցիալիզմի հետ: «2000 տարվա ընթացքում մի թիզ Ղարաբաղ ենք ձեռք բերել: Հայաստանը, բացի Ղարաբաղից այսօր գերխնդիր չունի: Մենք մտածում ենք` ինչպե՞ս պահել Ղարաբաղը»,- սոցիալիզմի հետ Ռ. Քոչարյանի կապն է բացահայտում ՀՄԿԿ առաջնորդն ու հավելում, թե այդ տեսակետից իրենք պայքարել ու պայքարելու են քաղաքական կայունության համար: Ավելին` Յու. Մանուկյանը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց հրապարակել ՀՄԿԿ կենտրոնական կոմիտեի պլենումի որոշումը, որտեղ ասվում է, որ «առաջիկա բոլոր ընտրություններում, որտեղ որոշվելու է Հայաստանի թիվ մեկ կամ երկրորդ ղեկավարի հարցը, ՀՄԿԿ-ն միշտ կողմ է լինելու ղարաբաղյան կողմի թեկնածուներին»: Հավանաբար, նվիրյալ կոմունիստը մոռացել էր, թե ինչպե՞ս Լեռնային Ղարաբաղը տասնամյակներ առաջ հայտնվեց խորհրդային Ադրբեջանի կազմում: «Մենք եկել ենք, որպեսզի խաղաղություն մտցնենք Հայաստանում, քանի դեռ լուծված չէ մեր գերխնդիրը»,- ավետեց ՀՄԿԿ ղեկավարը: Իսկ ահա ՀՌԱԿ ատենապետ Հ. Առաքելյանն էլ կարծիք հայտնեց, թե նորմալ երկրներում իշխանությունները չբեր են լինում, իսկ մեզ մոտ դա այդպես չէ: «Նորմալ երկրներում ժողովուրդն է ծնում իշխանություն: Մեզ մոտ իշխանությունն է փորձում ծնել իշխանություն: Նորմալ երկրներում իշխանությունները չբեր են»,- պնդում է Հ. Առաքելյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ մոտ ապագայում ՀՌԱԿ-ը կներկայացնի հայեցակարգ, թե «ինչպիսի Հայաստան է ուզում»: ՀՌԱԿ ատենապետը նաեւ մտավախություն ունի, թե կարող է մեր 60-70 կուսակցություններից մեկը մեզ ոչ բարեկամ երկրի կողմից ֆինանսավորվի, եւ կոչ արեց չզարմանալ, եթե վաղը մեր ԱԺ-ն որոշում ընդունի հօգուտ Վրաստանի, Ադրբեջանի կամ Թուրքիայի: Հարկ է նշել, որ 2003-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրության ժամանակ ՀՌԱԿ-ը եւս ֆինանսավորվում էր դրսից, եւ բոլորն են հիշում, թե ինչպես էին նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՌԱԿ ներկայացուցիչները դպրոցներին համակարգիչներ բաժանում: ՀՌԱԿ ներկայիս ատենապետը հերքում է այն ժամանակ իրենց` դրսից ֆինանսավորվելու մասին պնդումները: «Դրսից ֆինանսավորում չի եղել: Եղել են համակարգիչներ: Այդ համակարգիչները ռուսական լեզվի զարգացման կենտրոնինն են եղել, իսկ մենք ուղղակի բաժանել ենք»,- բացատրում է Հ. Առաքելյանը, ընդ որում, նա չի բացառում, որ առաջիկա ընտրությունների ժամանակ եւս իրենք նման քայլի կդիմեն: «Ընդհանրապես ռամկավարները մեծահարուստների հետ աշխատելու մեծ փորձ ունեն` սկսած Նուբար Փաշայից»,- փաստում է ՀՌԱԿ ղեկավարը` փաստորեն անուղղակի կերպով հասկացնելով, որ 2 տարի առաջ ՀՌԱԿ` դրսից ֆինանսավորվելու մասին պնդումներն իրականությունից այնքան էլ հեռու չեն: Ինչեւէ, երեկվա քննարկման մասնակիցները անդրադարձան ռուսական գազի գնի բարձրացման խնդրին եւ դա միակ հարցն էր, որտեղ նրանք տարբեր կարծիքներ հայտնեցին: «Հայ եւ ռուս ժողովուրդների, Հայաստան եւ Ռուսաստան պետությունների հարաբերությունները երբեք գազավորված չեն եղել: Այդ բարեկամությունը եղել է, կա եւ շարունակվելու է: Այդ կարգի «բլեֆ» թեմաներով երկու ժողովուրդների` դարերով ամրացած բարեկամությունն ու վստահությունը հնարավոր չէ խաթարել»,- գազային թեմայի առիթով նման կարծիք հայտնեց ՀՄԿԿ ղեկավարը: Վերջինիս խոսքերով` իրականում եղավ այնպես, ինչպես իրենք ենթադրել էին. մինչեւ այսօր գազը Հայաստան է մտնում այն գնով, ինչ գնով եղել է եւ շարունակելու է մտնել, մինչեւ բանակցություններն ավարտվեն: «Իսկ դա, ենթադրվում է, որ կհայտարարվի ապրիլ ամսին, այսինքն` այն ժամանակ, երբ այդ հիստերիան այլեւս արժեք չի ունենա. ամռանը հայ ժողովրդին, Հայաստանին այդքան գազ պետք չի, ինչքան հիմա»,- հավանաբար մոռանալով, որ սովորաբար ամռանը հաջորդում է աշունը, իսկ աշնանն էլ` ձմեռը: Ինչեւէ, ՀՌԱԿ ատենապետի խոսքերով էլ` ինքը Հայաստանում հակառուսական հիստերիա չի տեսնում: «Հիստերիան ավելի շատ «Գազպրոմի» մոտից է: Տվյալ պարագայում գազի գների բարձրացման Ռուսաստանի կառավարության քայլը չի բխում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ռուս ժողովրդի շահերից»,- կարծում է նա:

Հ.Գ. Երեկ Յու. Մանուկյանը կարծիք հայտնեց, թե «ռուս զինվորի ոտքը պետք է Հայաստանում լինի, եւ այդ ոտքերի քանակը պետք է շատանա»: Մանուկյանը կարծում է նաեւ, որ բացի ռուսական զորքից, Հայաստանում եւ նրա շրջակայքում այլ երկրների զորքեր պետք չեն: