«Արդարությունն» արդարացնո՞ւմ է Քոչարյանին

10/02/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ կոալիցիայի օմբուդսմենի թեկնածու Արմեն Հարությունյանի պարտությունը վերագրում էր ԱԺ կոալիցիոն կուսակցություններին` անտեսելով կոալիցիայի չորրորդ եւ հիմնական կողմ Ռոբերտ Քոչարյանին:

Վ. Դալլաքյանի հավաստմամբ, օմբուդսմենի փակ, գաղտնի քվեարկությունը «ԱԺ կոալիցիային, որն ասում էր, թե` իմ դեմ խաղ չկա, ցույց տվեց, որ իրենց դեմ, այնուամենայնիվ, խաղ կա»: Իսկ դա վերաբերո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին: Մեր հարցին ի պատասխան` Վ. Դալլաքյանը, որը ոչ մի կերպ չէր արտասանում «Ռոբերտ Քոչարյան» անուն-ազգանունն, ասաց. «Աշխարհում չկա որեւէ անձ եւ քաղաքական ուժ, որոնց դեմ խաղ չլինի, եւ հիմնական խաղացողը պետք է լինի ժողովուրդը: Եվ քանի դեռ այն անձինք եւ այն ուժերը, որոնք չեն գիտակցել, որ չի կարելի ժողովրդի կամքը, նրա ընտրելու իրավունքը ոտնահարել, նրանք ուղղակի նման փակուղային իրավիճակներում կհայտնվեն»:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ հանկարծ այն դարձավ կոալիցիոն կուսակցությունների եւ ոչ Ռ. Քոչարյանի պարտությունը, երբ Ա. Հարությունյանի դեմ ելույթ ունեցող իր ընդդիմադիր գործընկերները պնդում էին, որ կոալիցիայի թեկնածուն համարվում է «Քոչարյանի թիմի մարդ», եւ իրենք չեն կարող իրենց ձայնը տալ նրան, Վ. Դալլաքյանն ասաց. «Ա. Հարությունյանը որեւէ մեկի մարդը չէ, ես ճանաչում եմ նրան: Այլ խնդիր է, որ նա որպես մասնագետ նախագահի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացուցիչն է եղել: Ինչ վերաբերում է չորրորդ կողմին (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է:- Լ.Ս.), ապա եթե քաղաքագիտական, դասական գնահատականներ տանք, հազիվ թե կոալիցիայի չորրորդ կողմին ձեռնտու լիներ վարկաբեկել կոալիցիայի մնացած երեք ներկայացուցիչներին: Բայց սա քաղաքագիտական մոտեցում է: Կարծում եմ, պրակտիկ մոտեցումներում կարելի է այլ ենթադրություններ կատարել»: Մեր հիշեցմանը, թե «Արդարություն» դաշինքը միշտ հայտարարել է, որ Ռ. Քոչարյանն օմբուդսմենին նշանակում է իր իրավունքները հետագայում պաշտպանելու համար, որովհետեւ «դրա կարիքը նա անպայման ունենալու է», Վ. Դալլաքյանը պատասխանեց. «Կարծում եմ, խնդիրը պետք է այլ հարթության մեջ դիտարկել: Բացի կոալիցիայից, ԱԺ-ում կան ուժեր, պատգամավորներ, ովքեր այս ձեւով ընդվզեցին իրենց պարտադրված թեկնածուի դեմ: Պատգամավորներն ուղղակի չեն ցանկանում պարտադրանքի ենթարկվել: Այսինքն` դահլիճում քաղաքական զարգացումներ եղան ու անձնավորված որոշակի խնդիրներ առաջացան»:

Այնուամենայնիվ, Վ. Դալլաքյանից, որն ամեն կերպ փորձում էր շրջանցել կոնկրետ պատասխանները, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ինքը սկսել խնայել Ռոբերտ Քոչարյանին: «Ես բացարձակապես չեմ խնայում Ռ. Քոչարյանին: Ուշադրություն դարձրեք, առաջին անգամ ԱԺ-ն պետք է ընտրի մարդու իրավունքների պաշտպան: Միգուցե Քոչարյանը քաշվել է մի կողմ եւ ԱԺ-ի մեծամասնությանը թույլ է տվել ընտրություն կատարել: Միգուցե նա դրանով ուզում է ցույց տալ մեծամասնությանն ու իշխանամետ ուժերին, որ առանց իրեն նրանք որեւէ քայլ չեն կարող կատարել: Չեմ բացառում դրա հնարավորությունը, բայց չեմ ցանկանա Քոչարյանի փոխարեն ենթադրություններ կատարել: Այն կարծիքին եմ, որ հազիվ թե Քոչարյանը շահագրգռված լիներ, որ ԱԺ-ում նման բան տեղի ունենար»,- ասաց Վ. Դալլաքյանը: