Պայքար ապօրինի զինամթերքի դեմ

10/02/2006

Ըստ մեր աղբյուրների` հունվարի 8-ին ՀՀ Ոստիկանության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստ։ Օրակարգում քննարկվել է ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների 2005-ի օպերատիվ-ծառայական գործունեության արդյունքները։

Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ Ոստիկանության, ԿՀԴՊՎ-ի, Քրեական հետախուզության, Քննչական գլխավոր, Օպերատիվ-փնտրողական, Փորձաքրեագիտական, Տրանսպորտի, Անձնագրերի եւ Վիզաների, Պետական պահպանության, ՊԱՏ վարչությունների, Ոստիկանության մարզային վարչությունների եւ Տարածքային բաժինների եւ ստորաբաժանումների պետերը։

Կոլեգիայի նիստին ներկա է եղել ԼՂՀ ոստիկանապետ Արմեն Իսագուլյանը։ Ներկա է գտնվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով, ըստ մեր աղբյուրների, իր դժգոհությունն է հայտնել անչափահասների շրջանում իրավախախտումներին նպաստող պայմանների կանխարգելման կապակցությամբ Ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող բաժինների կատարած աշխատանքներից։ Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 2004 եւ 2005թթ. առաջին կիսամյակների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 573 անչափահասների կողմից կատարված 854 հանցագործության դեպք, որոնք հիմնականում գողություններ, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ են։ 573 անչափահասից 220-ը 14-15 տարեկաններ են, 172-ը` դպրոցականներ, մնացածը` բուհերի ուսանողներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանապետը որոշ դժգոհություններ է արտահայտել նաեւ Ոստիկանության որոշ տարածքային բաժինների Անձնագրային ծառայությունների պետերի աշխատանքից. մասնավորապես` Երեւան քաղաքի Կենտրոն, Շենգավիթ, Մաշտոց, Արաբկիր, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների, ինչպես նաեւ մարզային` Գյումրիի, Արտաշատի, Վանաձորի, Հրազդանի, Արարատի, Սիսիանի։ Որոշ անձնագրային ծառայության աշխատակիցների վերաբերյալ ստեղծվել են նյութեր, որոնցով ոստիկանապետի հրամանով զբաղվում է Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը, իսկ որոշ անձնագրային աշխատակիցների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։ Ոստիկանապետի պնդմամբ` որոշ քաղաքացիներ, կեղծ անձնագրեր օգտագործելով, ապօրինի հատում են ՀՀ պետական սահմանը եւ մեկնում արտասահման։ Հիմնականում կեղծում են դեռեւս զինվորական տարիքի չհասած անչափահասների համար` նպատակ ունենալով մեկնել հանրապետությունից` խուսափելով զինվորական հաշվառումից, ինչպեսեւ ժամկետային զինվորական ծառայությունից։ 2005-ին լուսանկարները փոխելու միջոցով կատարվել է կեղծ անձնագրի հանձնման 38 դեպք։ Նշված բոլոր դեպքերի համար Անձնագրային ծառայությունների աշխատակիցների նկատմամբ ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում եւ Ոստիկանության շտաբում անցկացվում է քննություն։ Անձնագրային ծառայության որոշ աշխատակիցներ, ոստիկանապետի հրամանով, ենթարկվել են կարգապահական խիստ տույժերի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ոստիկանապետը խիստ հանձնարարականներ է տվել Նոր Նորք, Արաբկիր բաժինների պետերին։

ՀՀ ոստիկանապետը խիստ հանձնարարություններ է տվել Ոստիկանության բաժիններին, որպեսզի նրանք պայքար տանեն ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ, ինչպես նաեւ` նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Ինչպես հայտարարվել է, նիստի ժամանակ 2005-ին բացահայտվել է ՀՀ-ում կատարված հանցագործությունների 85%-ը, հայտնաբերվել է 1936 հետախուզվող։

Սեփ. լր.