Երեւանում օրական գոյանում են 500-550 տոննա կենցաղային կոշտ թափոններ: Դրանց տեղափոխմամբ զբաղվում են 15 սանմաքրման ընկերություններ, որոնցից յոթը մասնավոր են: Քաղաքապետարանն արդեն այս ընկերություններին չի ֆինանսավորում, թաղապետարաններն էլ ֆինանսավորում են միայն փողոցների մաքրման համար: Բնակիչների եւ տնտեսվարող սուբյեկտների առաջացրած աղբը մաքրվում կամ տեղափոխվում է հենց իրենց իսկ ֆինանսավորմամբ:
Որ Երեւանում աղբահանության վիճակը վատ է, չեն թաքցնում ո՛չ քաղաքային իշխանությունները, ո՛չ էլ համայնքների ղեկավարները: Դրա համար նրանք արդարացում ունեն՝ մայրաքաղաքը մաքուր պահելու համար ֆինանսական միջոցները չեն բավարարում: Նախկինում՝ մի քանի տարի առաջ քաղաքապետարանն ինչ-որ չափով ֆինանսավորում էր, այժմ այդ ծանրությունը մեծամասամբ ընկել է թաղապետարանների վրա: Գաղտնիք չէ, որ իրենց առաջացրած աղբը տեղափոխելու համար վճարում են բնակչության ու տնտեսվարող սուբյեկտների մի մասը: Եվ համայնքային սուղ բյուջեի, անընդհատ աղբ առաջացնող-շպրտող-վճարել չցանկացող բնակիչների անտարբերության արդյունքում մեր բակերում ու փողոցներում միշտ աղբ կա կուտակված: Համայնքային բյուջեն ոչ միայն չի բավականացնում ամենօրյա սանմաքրման աշխատանքներն իրականացնելուն, այլեւ նոր տեխնիկա ձեռք բերելուն: Երեւանը մաքրվում է հիմնականում խորհրդային տարիներից ժառանգած եւ արդեն խարխլված մեքենաներով: Հիմա նրանք դժվարությամբ են կարողանում իրենց մեքենա գնելու շռայլությունը թույլ տալ, սակայն մտածում են եւ ուզում են վիճակից դուրս գալու ելքեր գտնել:
Դավիթաշեն համայնքը սպասարկող ընկերությունը մասնավոր է: Համայնքապետ Սուրիկ Ղուկասյանը տեղեկացրեց, որ համայնքի փողոցները մաքրելու համար այս տարի ընկերությանը կտրամադրեն 55 մլն դրամ, եւ ամսական միջինը 2 մլն դրամ էլ կհավաքվի բնակիչների վարձավճարներից: «Աղբահանությունը բոլոր համայնքների ցավոտ տեղն է,- ասում է պարոն Ղուկասյանը: -Մեր բյուջեն հնարավորություն չի տալիս այնքան գումար հատկացնել, որպեսզի սանմաքրման աշխատանքները նորմալ կատարվեն»:
«Դավիթաշեն սանսպասարկում» ՍՊԸ-ից Գեւորգ Կարապետյանն էլ դժգոհեց, որ աղբահանության համար բնակչության մոտ 60 տոկոսն է վճարում: Համայնքի բյուջեից ստացած եւ հավաքագրած գումարները միասին ամսական կազմում են մոտ 6,6 մլն դրամ կամ 15.000 դոլար: Պարոն Ղուկասյանը գիտի, որ այդքան գումարով նորմալ սանսպասարկում իրականացնել հնարավոր չէ: Իսկ պարոն Կարապետյանը դժգոհեց, որ աղբահանության սակագները շատ ցածր են: «Աղբահանության սակագինը պետք է մոտ 190 դրամ լինի,- մտածում է Գ. Կարապետյանը: -Նորմալ սպասարկում կազմակերպելու համար 100 դրամը շատ քիչ է: Իսկ եթե գազը թանկանա, մենք ընդհանրապես չենք կարողանա աշխատել: Այսօր եթե քիչ թե շատ կարողանում եմ սպասարկել, դա նրանից է, որ իմ մեքենաները գազով են աշխատում»:
Իսկ նորմալ տեխնիկա ունենալու համար Գ. Կարապետյանի կարծիքով` պետք է բարձրանան սպասարկման գները, եւ բոլոր բնակիչները վճարեն: Նա դժգոհում է, որ բնակիչներից վճար գանձելու ոչ մի լծակ չկա, ու մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել, ինչ-որ բան փոխել է պետք:
Երեւանի աղբահանությանը վերաբերող ծրագրերից մեկը ներմուծվել է Մոսկվայից՝ ինչ-որ «Ավտոբանինվեստ ցենտր» ընկերությունից, հեղինակները, սակայն, հայեր են: Քաղաքապետարանը հիմա այդ ծրագիրը քննարկում է: Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Ֆրունզե Բասենցյանի ասելով` այդ ընկերությունը նույն ծրագրով հաջողությամբ սանմաքրման աշխատանքներ է իրականացնում Մոսկվայում: Ծրագիրն առաջին հայացքից շատ լավն է եւ «թափոնների հավաքման ու հեռացման նոր սխեմա» է առաջարկում երեւանցիներին: Նախ` ամբողջ Երեւանում պետք է աշխատի մեկ օպերատոր, եւ հետո` բնակիչը կամ տնտեսվարող սուբյեկտը առաջացրած աղբը նախ` պետք է տեսակավորի, հետո նոր՝ թափի: Աղբ առաջացնողների հետ պետք է կնքվեն պայմանագրեր, եւ ծառայության վճարման համար տարվի լայնածավալ քարոզչություն: Բացի դրանից, նախատեսվում է տեխնիկայի, աղբախողովակների, կոնտեյներների ու հարթակների թարմացում, որոնք բնականաբար պահանջում են բավական մեծ ներդրում: Այս ծրագրին ծանոթանալիս ակամա հիշեցինք վերջին տարիներին ջրամատակարարման համակարգի մասնավոր կառավարման ընթացքը, երբ ոլորտը կառավարողները եւ վարկային միջոցներով աշխատող արտերկրից եկած օպերատորները երեւանցիներին խոստացան որակյալ եւ շուրջօրյա ջրամատակարարում: Հավանաբար նույն ուղիով էլ մայրաքաղաքի սանմաքրումը կդառնա հանրային ծառայություն եւ կհանձնվի օտարերկրյա մեկ օպերատորի: Համակարգը բարելավելու համար Համաշխարհային բանկից նորից վարկեր կվերցնեն, որովհետեւ այս ոլորտում էլ դժվար թե օպերատորը ցանկանա իր սեփական միջոցները ներդնել եւ սպասել, որ դրանք հետ կստանա համակարգը շահագործելու ընթացքում: Փաստորեն, աղբահանությունն էլ կդառնա հանրային ծառայություն, որի սակագինը կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Կարեւորն այն է, որ մայրաքաղաքում կատարվեն նորմալ սանմաքրման եւ աղբահանման աշխատանքներ,- ասում է Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը: -Դա ովքե՞ր կանեն եւ քանի՞ ընկերություններ կանեն, ընկերությունը կլինի մասնավո՞ր, թե՞ պետական, կարեւոր չէ: Սկզբունքորեն դեմ չեմ, որ մի խոշոր ընկերություն ներդրումներ կատարի եւ կանոնակարգի այս ամենը: Կարծում եմ նաեւ, որ այսօր համայնքները քաղաքապետարանի հետ միասին կարող են ծրագիր մշակել եւ մեր ուժերով իրականացնել: Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է անել: Մենք աղբահանման խնդիր ունեցանք, բայց արդեն որոշ չափով կարողացանք կարգավորել»:
Արաբկիր համայնքի սանմաքրման նորաստեղծ ընկերությունն արդեն ձեռք է բերել 30 համապատասխան մեքենաներ, 100 նոր աղբամաններ: Հովհաննես Շահինյանը տեղեկացրեց, որ մի քանի ամիս հետո կունենան եւս 20 մեքենաներ ու եւս 300 աղբամաններ, եւ այդ ժամանակ համայնքի սանմաքրման եւ աղբահանման աշխատանքները կկարողանան նորմալ կազմակերպել: Ուղղակի այստեղ էլ բնակիչներից վարձավճարները հավաքագրելու հետ կապված խնդիրներ կան: Բայց պարոն Շահինյանը գտնում է, որ նախ իրենք պետք է կարողանան նորմալ ծառայություն մատուցել, հետո նոր բնակիչներից վարձ պահանջել:
«Մենք մեր աշխատանքով պետք է ժողովրդին ցույց տանք, թե ինչի համար է ինքը վճարում, – ասում է Հովհ. Շահինյանը: -Այդ դեպքում բնակիչներն էլ կտեսնեն մեր աշխատանքը եւ կհասկանան, որ վճարել պետք է: Մենք այս գործում պետք է կարողանանք ակտիվացնել նաեւ համատիրություններին: Ուղղակի ավելացնեմ, որ այս սակագնով աղբահանությունը չի կարող շատ լավ լինել: Ներկա սակագինն ամբողջ աշխատանքների 40 տոկոսն էլ չի ծածկում: Եթե նույնիսկ բնակիչները բոլորն էլ վճարեն, էլի շատ քիչ կլինի: Ինձ թվում է, որ սանմաքրման սակագինը յուրաքանչյուր բնակչի համար պետք է լինի առնվազն 200 դրամ: Հիմա մեր բյուջեն կազմելիս հաշվի ենք առնում նաեւ այն, որ ունենք անվճարունակ բնակիչներ, եւ յուրաքանչյուր տարի այդ աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար ենք հատկացնում»:
Քանաքեռ-Զեյթունի համայնքապետ Արայիկ Քոթանջյանն էլ դեմ չէ, որ ամբողջ Երեւանը սպասարկի մեկ օպերատոր: Բայց նա մտածում է, որ ավելի հարմար է տվյալ համայնքում աշխատի տեղի ընկերությունը: Ի դեպ, այս համայնքի սանմաքրման ընկերությունը պետական է, գտնվում է թաղապետարանի կազմում: «Մեր աշխատակիցները լավ գիտեն ամբողջ համայնքը,- ասում է պարոն Քոթանջյանը: -Նրանք արդեն մշակել են իրենց աշխատանքի բոլոր մեխանիզմները եւ վատ չեն աշխատում: Իհարկե, ավելի լավ կաշխատեն, եթե մի քիչ ավելի շատ ֆինանսներ ունենան»:
Համայնքն ունի մոտ 77.000 բնակչություն: Եթե բոլոր բնակիչները վճարեն իրենց աղբահանման համար, յուրաքանչյուր ամիս կհավաքագրվի մոտ 7,7 մլն դրամ, դրան գումարած` նաեւ տնտեսվարող սուբյեկտների վարձերը: Սակայն համայնքի «Սանմաքրում» ընկերության տնօրեն Քրիստ Գասպարյանի ասելով` հավաքագրումը հասնում է ընդամենը 40 տոկոսի՝ ամսական մոտ 2,6-2,9 մլն դրամ, տարեկան կտրվածքով` մոտ 30 մլն դրամ: 100 մլն դրամ էլ հատկացնում է թաղապետարանը: «Հիմնականում դոտացիայով աշխատող հիմնարկ է,- ասում է պարոն Գասպարյանը: -100 դրամը մեր աշխատանքների համար քիչ է: Այդ թիվը ընդունվել է մոտ 10 տարի առաջ, իսկ այս ընթացքում վառելիքը շատ է թանկացել, թանկացել են նաեւ մեքենաների սարքավորումները: Եղած մեքենաները շատ հին են, օրը մի մաս փչանում է: Մեր ամենաթարմ մեքենան 89թ. է եկել Ռուսաստանից»:
Ք. Գասպարյանն էլ է գտնում, որ աղբահանման վարձավճարը պետք է բարձրանա, եւ բոլոր բնակիչները վճարեն: Նրա ասելով` չեն վճարում բնակչության հարուստ եւ ծայրահեղ աղքատ խավերը: Չեն վճարում նաեւ խոշոր տնտեսվարող սուբյեկտները:
«Ընտանիք կա, որ 35-45 հազար դրամ պարտք ունի,- ասում է Ք.Գասպարյանը: -Երբ մեր ֆինհսկիչները գնում են վարձն ուզելու, դուռը շրխկացնում են երեսներին: Այս ամիս բոլորին նախազգուշացրել ենք մարել պարտքերը, հակառակ դեպքում համապատասխան միջոցներ ձեռք կառնենք»:
Թաղապետ Ա. Քոթանջյանը դեմ է դատական կարգով վարձավճարները գանձելուն: Նրա ասելով` քարոզչությունն ավելի արդյունավետ է: «Օրինակ բնակիչները սովոր են շինարարական աղբը կուտակել բակերում ու փողոցներում,- ասում է թաղապետը: -Նրանցից շատերը հաստատ մի քանի հազար դրամ չեն վճարի այդ աղբը տեղափոխելու համար: Ասենք թե` մենք էլ դատի տվեցինք ու շահեցինք, բնակիչն էլ նորից չվճարեց: Ի՞նչ պիտի անենք, հարկադիր ծառայողների հետ գնանք նրա հեռուստացույցը կամ սառնարանը խլե՞նք: Ես այդ մեթոդը չեմ ընդունում: Մենք բոլոր շենքերի մուտքերում գրություններ ենք փակցրել, որ ընդամենը 500 դրամով կարող են իրենց աղբը տեղափոխել տալ, ուղղակի զանգեն նշված համարով: Պատկերացրեք, որ այս մեթոդն արդեն սկսել է աշխատել: Բնակիչներին պետք է տրամադրել վճարելուն»:
Մինչ թաղապետարանները փորձում են սանմաքրման համար հնարավորություններ ստեղծել, քաղաքապետարանում մտածում են կտրուկ փոփոխությունների մասին: Սակայն Ֆրունզ Բասենցյանը հավատացնում է, որ ինչ էլ որոշեն ու ընդունեն, անելու են թաղապետարանների հետ միասին ու նրանց համաձայնությամբ: