ՄԱԿ-ին էլ մտահոգեց մեր ապագան

10/02/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Այդ մոտեցումները մշակել է մրցութային կարգով ընտրված աշխատանքային խումբը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Այս նպատակով ուսումնասիրվել են ՀՀ աշխատանքի շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը, մասնագիտական համակարգի հնարավորությունները՝ աշխատաշուկայի պահանջարկը բավարարելու տեսանկյունից, հետազոտվել են նոր պայմաններում մասնագիտական կրթության առջեւ ծառացած հիմնական խնդիրները, նախանշվել են դրանց լուծման ուղիները:

ՄԱԶԾ աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է կատարել 2003թ. շրջանավարտների շրջանում եւ արձանագրել 22,9 տոկոս գործազրկություն: Աշխատանք ունեցող 59,5 տոկոսից 40,8 տոկոսը զբաղված է բուհում ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանքով: Հետազոտությունների արդյունքներից պարզվել է, որ աշխատաշուկայում զգալի թիվ են կազմում նաեւ ուսանողները՝ նրանց զբաղվածությունը 10 տոկոսի չափով է: «Այս հետազոտությունների նպատակն էր` պարզել այն մասնագիտությունների ցանկը, որոնք առավել պահանջարկ են վայելում»,- նշում է Հ.Հովհաննիսյանը: Ուսումնասիրություններ են կատարվել 42 մասնագիտությունների գծով 15 պետական եւ 12 ոչ պետական բուհերում: Այսպիսով, ամենաբարձր ցուցանիշներ են գրանցել ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ համակարգչային մասնագիտությունները, երկրորդ տեղում լրագրողներն են, այնուհետեւ՝ օտար լեզուների մասնագետները, իրավաբանները, սոցիոլոգները, եւ այլք: Մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում հատկապես աստվածաբանները, ընդերքաբանները, մանկավարժները, արեւելագետները, եւ այլն: Ի դեպ, աշխատաշուկայում զբաղվածության թվով պետական բուհերի կադրերը գերազանցում են ոչ պետական բուհերի շրջանավարտներին: Զբաղվածության բարձր ցուցանիշ ունեն հատկապես ԵՊՀ շրջանավարտները, այնուհետեւ` «Հյուսիսային» եւ Պետական մանկավարժական համալսարանների կադրերը: Ուսումնասիրվել են նաեւ մասնագետների աշխատաշուկա ներգրավվելու մեխանիզմները: «Մեծամասնությունն աշխատաշուկա է ներգրավվում անձնական կապերի եւ ծանոթությունների շնորհիվ,- նշում է Հ. Հովհաննիսյանը,- աշխատաշուկայում ներգրավվելու այնպիսի մեխանիզմ, ինչպիսին բուհական ուսումնական պրոցեսում լուրջ դեր ունեցող արտադրական պրակտիկան է, ընդամենը 12 տոկոս ցուցանիշ է գրանցել»: Ըստ հետազոտության, շուկայական հարաբերությունների պայմաններում նախնական մասնագիտական ուսուցման համակարգում ներգրավվելու եւ համագործակցության առումով առավել հեռանկարային հատվածներն առեւտրի ու ծառայությունների ոլորտներն են: Ուսումնասիրվել են «Գինդ» շաբաթաթերթում տեղ գտած ավելի քան 1000 հայտարարություններ, եզրակացություններն այսպիսին են՝ առավել մեծ պահանջարկ են վայելում արհեստագործական կրթության մասնագիտությունները՝ 48,26 տոկոս, միջին մասնագիտական կրթության պահանջարկը կազմում է 18,44 տոկոս, 18,94 տոկոսի դեպքում մասնագիտական կրթություն չի պահանջվում, իսկ ահա բարձրագույն կրթության մասնագիտությունների պահանջարկն ամենացածրն է՝ 14,36 տոկոս: Այս եւ այլ ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով` ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը մասնագիտական կրթության բնագավառում բարեփոխումների ծրագիր է մշակել, մասնավորապես՝ առաջարկելով պետական բուհերում ներդնել կրթության պետական վարկավորման (փոխառությունների տրամադրման) համակարգ, ապահովել եւ իրավական գործուն մեխանիզմներ ստեղծել ուսումնական հաստատության կառավարման օղակներում գործատուների ներգրավման համար, բուհերում ստեղծել կարիերայի զարգացման կենտրոններ, առաջարկվում է կառավարությանը համակարգել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակավորման բարձրացման ու վերապատրաստման համակարգը եւ այլն: Հ.Հովհաննիսյանը հատկապես կարեւորում է կրթության պետական վարկավորման համակարգի ստեղծումը. «Այնպես է ստացվել, որ ուսման բարձր վարձավճարների պարագայում որոշ մասնագիտություններ դարձել են հարուստ ընտանիքների երեխաների մենաշնորհը. վարկավորման համակարգի ներդրումը հնարավորություն կտա նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ստանալ այնպիսի մասնագիտություն, ինչը հետագայում հնարավորություն կտա նրանց` փոխել իրենց սոցիալական կարգավիճակը»:

Կատարված հետազոտություններն ու առաջարկվող բարեփոխումների փաթեթն արդեն ներկայացվել է կառավարություն: