Նախաբանակցային շաբաթ

10/02/2006 Ռ. ՕՐՈՒՋԵՎ, «Էխո», Ադրբեջան

Անցնող շաբաթվա սկզբում Բաքու էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Փարիզում փետրվարի 11-12-ը նախատեսվող երկու երկրների նախագահների հանդիպման հարցերը քննարկելու համար: Այստեղ նրանք հանդիպեցին ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, իսկ հետո` նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Բաքվից Երեւան ժամանելով, համանախագահները հանդիպեցին նախ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ (որի հետ քննարկեցին բանակցային գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն առնչվող հարցեր), իսկ հետո նրանց ընդունեց Ռոբերտ Քոչարյանը:

Եվ Ադրբեջանի, եւ Հայաստանի ԶԼՄ-ների դժգոհությունն առաջացրեց այն, որ այցերի ընթացքում միջնորդները բացարձակապես չցանկացան շփվել մամուլի հետ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը երեկ Հայաստանի լրագրողներին մեկնաբանելով եւ Բաքվում, եւ Երեւանում համանախագահների նման պահվածքը, հայտարարեց, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքում անցանկալի է համարում տեղեկատվության արտահոսքը:

Վերջացող շաբաթվա եւս մեկ հետաքրքիր պահ կապված է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անատոլի Կինախի Բաքու կատարած այցի հետ: ԱԳՆ ղեկավար Է.Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Կինախը շոշափեց հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունները եւ ասաց, որ Ուկրաինայի կառավարությունը կողմնակից է այդ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը` հիմնվելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում միջազգային իրավական չափանիշների եւ սկզբունքների վրա: Պաշտոնական հանդիպումներից հետո, լրագրողների հետ ասուլիսի ժամանակ, Ա.Կինախն ասաց, որ ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների կողմից համապատասխան որոշում կայացնելու դեպքում Ուկրաինան կարող է Լեռնային Ղարաբաղ ուղարկել իր խաղաղարարներին:

Շաբաթվա արդյունքները մեկնաբանելով` անկախ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարեց. «Մարդիկ ժամանում են, մեկնում են, բանակցում են, բայց դա նրանց համար բարդությունների հետ կապված չէ, նրանք ոչ քար են կրում, ոչ ավազ, ոչ էլ բետոն: Այո, նրանք աշխատում են: Բայց որ տվյալ պայմաններում նրանց աշխատանքը որեւէ տեսանելի իրական արդյունք կարող է ունենալ, դրան ես չեմ հավատում»:

Ալիզադեի խոսքերով, «եթե նախագահները (եւ հենց նրանք պետք է ամեն ինչ որոշեն) ուզում էին որեւէ արդյունքի հասնել, նրանք իրենց ժողովուրդներին կհայտնեին այն տեղեկությունը, որը բարենպաստ կլիներ փոխզիջումային խաղաղության ձեռքբերման համար: Որովհետեւ խաղաղությունը կարող է միայն փոխզիջումային լինել: Հայկական զենքի հաղթանակը եւ ադրբեջանական օրենքի հաղթանակը անհնար է: Այսպիսի դժվարին ճգնաժամից դուրս գալու համար փոխզիջում, փոխըմբռնում, միասնական նպատակների գիտակցում է հարկավոր»:

«2006թ. վերաբերյալ ես վատատես եմ: Չնայած թեորիապես, այո, 2006թ. հաջող տարի է, երկու երկրներում էլ ընտրություններ չկան: Կարելի է հանգիստ, առանց լարվածության խոսել ժողովրդի եւ ընդդիմության հետ, քննարկել եւ հակամարտության կոլապսը քարոզչական կաղապարների հարթությունից տեղափոխել իրավունքի, բարոյականության, տնտեսության, ապագայի հեռանկարների միջազգայնորեն ընդունված դաշտ»:

«Ես առավել հակված եմ նրան, որ Փարիզում նախագահների հանդիպումն ավելի շատ պայմանավորված է Ֆրանսիայի ներկա ղեկավարի ցանկությամբ, այլ ոչ թե որեւէ փաստաթուղթ կնքելու կողմերի իրական պատրաստակամությամբ,- իր տեսակետն արտահայտեց քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն։ -Հայաստանը շարունակում է օգտագործել միջազգային հանրությանը համոզելու հին մեթոդը, որ ինքը մշտապես պատրաստ է խաղաղ փոխզիջման` իր կառավարող վերնախավի շահերի շրջանակում: Ընդ որում, ես կարծում եմ, որ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում իսկապես ինչ-որ լուրջ բան է նախապատրաստվում: Այդ երկու երկրներում էլ մշտապես հայկական հսկայական սփյուռք է բնակվում: Ժակ Շիրակը հաջորդ տարի արդեն Ֆրանսիայի նախագահը չի լինի: Եվ նա, Եվրոպայում արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, որպես ցանկացած ծեր քաղաքական գործիչ` հեռանալով, ուզում է համաշխարհային նշանակության հակամարտություններից մեկին լուծում տված մարդու հիշատակ թողնել: Այդ պատճառով նրա համար այս թեման հիմա շատ այժմեական է»:

www.mediadialogue.org