Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է։ Մարդը այն մեխանիզմն է, որի անխափան աշխատանքի համար պետք է նրա ներաշխարհ մուտք գործել եւ ուսումնասիրել։ Եթե խոսքը պաթոլոգիական հոգեբանական շեղումների մասին չէ, մարդուն կարելի է հասկանալ հոգեբանական եւ ինտելեկտուալ թեստերի օգնությամբ։ Թեեւ այսօր ողջ աշխարհում կիրառվող թեստերից շատերը հենց հոգեպես հիվանդ մարդկանց համար են ստեղծվել, սակայն լայնորեն գործածվում են տարբեր կարողությունների տեր մարդկանց դիմանկարը հասկանալու համար։ «Թեստը ռենտգենի նման գործիք է, որը թույլ է տալիս տեսնել մարդու ներսը»,- ասում է սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ով արդեն քսան տարի աշխատում է թեստերի հետ։
Ոչ միայն մասնագետ, այլեւ՝ մարդ
Ամենահայտնի թեստերը IQ-ն (ինտելեկտ) ստուգող թեստերն են։ Դրանք ստանդարտ մոդելով են ստեղծված եւ ողջ աշխարհում են կիրառվում։ Մարդուն առաջարկվում է 30 րոպեում մոտ 40 խնդիր լուծել։ Որքան շատ խնդիր հասցնես լուծել, այդքան բարձր ինտելեկտ ունես։ Իհարկե, խնդիրները պետք է ճիշտ լուծել։ Պարզ ասած՝ կարո՞ղ ես, թե՞ ոչ տրամաբանորեն գործողություններ կատարել, եւ ինչպե՞ս է «գլուխդ աշխատում»։ Թեստը որոշում է մարդու ինֆորմացիոն բազան, ստուգում է ինտուիցիան։ Խոր ուսումնասիրելով արդյունքները, կարելի է պարզել, թե մարդն ինչ տիպի խնդիրներ է ավելի հեշտ ու արագ լուծում՝ վերլուծողակա՞ն, կերպարայի՞ն, թե՞ ասոցիատիվ։ Ընդ որում՝ ինտելեկտը ստուգող թեստեր կան ոչ միայն հասուն մարդկանց, այլեւ՝ պատանիների ու մանուկների համար։ Ինտելեկտը ստուգող թեստը կարող է մեծ օգնություն լինել մասնագիտությունը դեռ չընտրած դեռահասների համար։
«Միայն IQ-ն իմանալը ոչ մի բան չի տալիս։ Ասենք` ասում է, որ դու այսքան քաշ ունես, բայց քո հասակն ու ուսերի լայնությունը չի ասում։ IQ-ն լավ աշխատում է, երբ մյուս թեստերի հետ ենք համադրում,- ասում է Ա. Ադիբեկյանը: -Գլուխն անձի մեջ է դրված»։ Եվ պետք է անձի հատկանիշներն իմանալ։ Մարդու նկարագիրը պարզում է «mmpi» թեստը, որի օգնությամբ կարելի է 90 անձնական հատկանիշ որոշել եւ կազմել մարդու հոգեբանական դիմանկարը։ Այդ թեստը 566 հարց է պարունակում եւ, մարդու բնածին հատկանիշներից բացի, որոշում է մտածողության կառուցվածքը. ինքնագնահատականը, կոլեկտիվում ադապտացվելու մակարդակը, անձի պաշտպանողական մեխանիզմները, սեռական ակտիվությունը, առողջությունը եւ այլն, ցույց է տալիս՝ ի՞նչն է գերակայում՝ տրամաբանությո՞ւնը, հիշողությո՞ւնը, բնա՞զդը, ստեղծագործական միտո՞ւմը։ Մտածողության ստրատեգիան պարզելուց հետո կարելի է ասել, թե ինչպե՞ս է մարդը պրոբլեմներին մոտենում։ «Այսինքն, մարդը կարո՞ղ է դիվանագետ, գիտնական կամ պահակ լինել։ Իմիջիայլոց, գիտնականները կարող են բթամիտ լինել, այսինքն, տարիներով մի պրոբլեմի վրա աշխատել, իսկ դիվանագետներն ու մենեջերները պետք է շատ արագ կողմնորոշվեն եւ աշխատեն որքան կարելի է քիչ սխալ թույլ տալ»,- ասում է Ա. Ադիբեկյանը։ Ողջ աշխարհում կիրառվող «mmpi» թեստը խաբել չի ստացվի։ Եթե փորձես մի հարցի ոչ անկեղծ պատասխանել, «կբռնվես» մյուս, առաջին հայացքից` շատ տարբեր, բայց նախորդ հարցը ստուգող կետում։ Օրինակ, «Հեշտությա՞մբ եք արդյոք փող ծախսում» հարցը մի քանի ստուգող տարբերակներ ունի։ Իսկ եթե, օրինակ, ասել ես, որ կենդանիներ շատ ես սիրում, բայց համարում ես, որ այն ձիերին, որոնք չեն կարողանում իրենց բեռը քաշել, պետք է ծեծել, ուրեմն, առաջին հարցին անկեղծ չես պատասխանել։ Կան ստուգող հարցեր եւ հարցեր, որոնք կարող են ծուղակը գցել։ Եթե փորձեք «Երբեւիցե խաբե՞լ եք» հարցին՝ «ոչ» պատասխանել, ուրեմն, ստում եք, քանի որ կյանքում գոնե մեկ անգամ ստում է յուրաքանչյուր մարդ։ Եվ այստեղ ավելի ազնիվ մարդ երեւալու ցանկությունը չի փրկի։ Թեստը կարող է պարզել՝ թե քո ստելու ու խորամանկելու ունակությունը բնածի՞ն է, թե՞ ձեռքբերովի։ Այսինքն, կարելի՞ է քեզ պատասխանատու գործ վստահել, թե՞ ոչ։ Առաջին հայացքից անմեղ թվացող հարցերը կարող են շատ բան ասել հոգեբանին։ Եթե ձեր սիրելի սպորտաձեւը ֆուտբոլն է եւ դուք ազատ ժամանակ ընկերների հետ ֆուտբոլ եք խաղում, ուրեմն, կոլեկտիվում աշխատելու միտում ունեք։ Դրանք բավականին պարզունակ վերլուծություններ են, քանի որ մարդու իրական դիմանկարը կարող է միայն մասնագետ-հոգեբանը որոշել։ Նույնիսկ եթե զգում ես, որ հարցերը նպատակային են, նպատակը կարող ես եւ չհասկանալ։ «mmpi»-ն շատ մանրամասն ու հուսալի թեստ է համարվում։ Իսկ mmpi-ի արդյունքների վերլուծումը, մեկնաբումն ու մշակումը շատ աշխատատար գործ է, եւ պատասխանների ենթատեքստը միայն պրոֆեսիոնալն է հասկանում ու դասակարգում։
Կան այլ թեստեր, որոնք որոշում են մարդու մղումները։ «Եթե մարդը մղում չի ունենում, նրա բոլոր դրական կողմերը չեն կիրառվում։ Կան մարդիկ, ովքեր իրենց կարիերայի գագաթին են հասել եւ հիմա չգիտեն՝ թե ինչի՞ համար են ապրում եւ հետագա անելիք չունեն։ Որպես կանոն, Նոբելյան մրցանակակիրների 70 տոկոսի մոտ, մրցանակ ստանալուց հետո աշխատունակության անկում է նկատվում։ Մտածում են՝ էլ ինչի՞ համար աշխատենք։ Այնպես որ, գլուխը «գնահատելուց» հետո, պետք է մարդկային մղումները գնահատել»,- համոզված է Ա.Ադիբեկյանը։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է իմանալ նաեւ մարդու սոցիալական վիճակը. «Եթե մարդը ծանր սոցիալական պայմաններում է ապրում՝ տանը հիվանդ ունի, կամ երեխաները վճարովի ինստիտուտում են սովորում, նա ավելի հեշտությամբ կարող է «ծախվել», կաշառվել»։ Նման եզրակացություններ անելը շատ հեշտ է, պատասխաններն արդեն իրենք են խոսում։ Եվ թույլ են տալիս մարդուն իր կարողություններին համապատասխան աշխատանքի, աշխատանքային պայմանների եւ պաշտոնի հավակնել, առանց վնասելու աշխատանքային պրոցեսը կամ սեփական ներաշխարհը։
Ո՞ւմ են պետք թեստերը
Թեստային արդյունքներն օրենքի ուժ չունեն։ Դրանք միայն ցույց են տալիս մարդու անձնական հատկանիշները, նրա հավակնություններն ու մասնագիտական պիտանելիությունը։ Եվ միայն կամավոր են անցկացվում, ոչ ոք չի կարող ստիպել թեստ անցնել։ Հայաստանում թեստերին լուրջ չեն վերաբերվում։ Շատ ձեռնարկություններ վճարովի հարցումներ անցկացնելու համար գումար ծախսելը անիմաստ են համարում։ Ըստ Ա. Ադիբեկյանի՝ «դիմում են այն ժամանակ, երբ զգում են, որ «վառվում» են»։ Հարցվողներից շատերը թեստերից հրաժարվում, նույնիսկ՝ վիրավորվում են, մտածելով. «Ինչի ես չգիտե՞մ՝ ինչի եմ ընդունակ, որ թեստ անցնեմ»։ ԱՄՆ-ում mmpi թեստը պարտադիր է յուրաքանչյուր պետաշխատողի համար, այն օգտագործվում է բանտերում եւ դատարաններում։ «Սոցիոմետրը» ժամանակին զբաղվել է Հայաստանի կառավարության նշանակումներով։ Որոշ մասնավոր ձեռնարկություններ էլ աշխատանքային մթնոլորտը ճիշտ հասկանալու համար հոգեբաններին են դիմում, սակայն չեն սիրում իրենց այդ որոշումն ի ցույց դնել։ «Սովորական հայկական մոդելի համաձայն` գործատուները մարդկանց աշխատանքի են ընդունում՝ ելնելով սեփական համակրանքից եւ հակակրանքից»,- ասում է բանկում որոշ ժամանակ աշխատած խորհրդատու-հոգեբանը։ Աշխատակիցներին եւ աշխատավայրի խոհանոցը բացահայտելու համար ժամանակ է պետք, իսկ թեստային աշխատանքը հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակում արդյունքի հասնել։ Սոցիոմետրիկ հարցումները կարող են որոշել՝ թե ո՞վ եւ ո՞ր բնագավառում է իր աշխատակիցների համար հեղինակություն համարվում։ Գծվում է սոցիագրամմա, որի վրա հստակ երեւում է ով ում նկատմամբ ինչպես է տրամադրված։ Եվ ո՞վ է իր անհանդուրժողականության պատճառով թունավորում մթնոլորտը։ Արտաքուստ հանգիստ մարդը կարող է իրականում իր աշխատանքային պայմաններով բավարարված չլինել, եւ դա կազդի նրա աշխատունակության վրա։ Շատ հաճախ գործատուն սխալ է օգտագործում իր մանագետներին։ Կարող է իր լավագույն աշխատողին գործից ազատել, ասելով, որ նա դժգոհ է իր աշխատանքային պայմաններից։ Այդ դեպքում թեստերի արդյունքները ցույց կտան, որ նա տվյալ հիմնարկության լավագույն ինտելեկտուալ ռեսուրն է եւ բոլոր իրավունքներն ունի իր աշխատավարձի բարձրացումը պահանջել։ «Շատ ղեկավարներ ասում են՝ է, մեծ բան, թող գնա, հայտարարություն կտամ՝ շատերը կգան։ Մեզ մոտ, ցավոք, աշխատուժը չունի իր իրական գինը։ Իսկ իր գինը լավ իմացող աշխատողը հենց այնպես գին չի «կրակի», քանի որ հասկանում է՝ ինչ ներդրում ունի աշխատանքի մեջ»,- ասում է Ա.Ադիբեկյանը։ Որոշումներ ընդունողներ եւ որոշումները ճիշտ կատարողներ կան։ Մարդը կարող է շատ խելացի լինել, բայց՝ վախկոտ, եւ հակառակը՝ կարճ խելք ունեցողը կարող է շատ նպատակասլաց լինել։ Ամեն դեպքում, թեստերը ցույց են տալիս, թե ինչ տիպի աշխատանք կարող է մարդն անել, իսկ որ աշխատանքը՝ վաղ թե ուշ կտապալի։ Եվ ի՞նչն է նրան խանգարում` լիարժեք ապրել ու աշխատել։
Թեստերն օգնում են մարդուն «ձգվել» եւ ուշադրություն դարձնել այն հատկանիշների վրա, որոնք նույնիսկ ինքն էլ մինչ թեստավորումը չէր նկատել։ Կարելի է նաեւ համարել, որ անկրկնելի ու բացառիկ մարդ էակին չի կարելի ներկայացնել գրաֆիկների եւ բանաձեւերի միջոցով, սակայն թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ լավ էլ կարելի է։