Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները երեկ բավական զավեշտալի բովանդակությամբ հայտարարություն են ստորագրել: Այսուհետ նրանք պարտավորվում են մինչեւ 2007թ. ընտրություններն իրար հետ ապրել հաշտ ու համերաշխ, եւ որ այսուհետ պետք է հարգեն ու սիրեն միմյանց, իրար վրա բոչկա չգլորեն, չարություն չանեն:
«Քաղաքական կոալիցիայի կուսակցությունները վճռական են շարունակելու համագործակցությունն առնվազն մինչ 2007թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկը ընկած ժամանակահատվածը` այն առավել արդյունավետ օգտագործելու այդ գործընթացի համար: Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ նախընտրական լարվածությունները չխաթարեն երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող գործընթացները: Դրա երաշխիքը կարող է լինել համագործակցությունը, միմյանց եւ միմյանց դիրքորոշումների նկատմամբ փոխադարձ հարգանքը, պայմանավորվածությունների հստակ կատարումը եւ առկա հիմնախնդիրների քաղաքակիրթ քննարկումն ու լուծումը»,- ասված է հայտարարության մեջ:
Թերեւս այն, որ կոալիցիան արհեստածին կառույց է, պարզ էր դեռ ստեղծման օրվանից, քանի որ այդ երեք կուսակցություններին միավորում է ոչ թե գաղափարախոսությունը, այլ միայն իշխանությունն իրար մեջ բաժանելու հանգամանքը: Սակայն կոալիցիոն կուսակցությունների ջրերը պարբերաբար սկսում են մեկ առվով չհոսել, եւ իրար նկատմամբ հաճախակի դեմարշներ են կազմակերպվում: Դեռ տարեսկզբին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կոալիցիայի ներկայացուցիչների միջեւ բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ կոալիցիան մինչեւ 2007թ. պահպանելու մասին: Սակայն այդ հանդիպումից մեկ շաբաթ անց նրանք խախտեցին իրենց պայմանավորվածությունը: Ու հիմա հայտարարություն են ընդունում` իրենց պայմանավորվածությունները հրապարակավ, գրավոր կերպով ամրագրելու համար:
Կոալիցիայի ներկայացուցիչների խոսքերով, եթե այդպիսի հայտարարության անհրաժեշտությունը չլիներ, իրենք այդ քայլին չէին գնա: Ուղղակի նրանց մեկնաբանմամբ, այս հայտարարությամբ ընդամենը վերահաստատել են իրենց դիրքորոշումը: «Կոալիցիան մեկ անգամ եւս հավաստում է, որ ինքը վճռական է, եւ այն պատասխանատվությունը, որ ունի երկրի կայունության եւ ընդհանրապես քաղաքական իրավիճակի առումով, կրում է»,- իրենց հայտարարությունն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նույն կարծիքին է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը, ում խոսքերով, այս հայտարարությունը ստորագրվել է տարբեր շահարկումներին վերջ դնելու համար: ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էլ գտնում է, որ այդ հայտարարությունը նորմալ աշխատանք ծավալելու համար է ստորագրվել: Ու քանի որ հայտարարությամբ ամրագրված է, թե կոալիցիոն կուսակցությունները պետք է իրենց հետագա համագործակցությունը կազմակերպեն՝ հարգելով միմյանց դիրքորոշումները, հստակ կատարեն իրենց պայմանավորվածություններն ու քաղաքակիրթ եղանակով քննարկեն հիմնախնդիրները, հետաքրքվեցինք՝ մի՞թե այս ընթացքում իրենք չեն հարգել միմյանց: «Փոխադարձ հարգանքը եղել է, բայց հիմա Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, բնականաբար, քաղաքական թիմը պետք է այս պայմաններում իր որոշակի դիրքորոշումը ցույց տա»,- ասաց Գալուստ Սահակյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի կարծիքով` այսօր այդ հայտարարության անհրաժեշտությունը կա, քանի որ «տարրական մարդկային հարաբերություններում չեն պաշտպանում էթիկետը, վիրավորում են իրար, երբեմն այսրոպեական հաշիվներով խեղաթյուրում են իրենց ցանկությունը, կամքը, քաղաքականությունը»,- իր կարծիքն այսպես ձեւակերպեց տիկին Պետրոսյանը: Ի դեպ, ընդամենը մի քանի ամիս առաջ բավական լարված հարաբերություններ էին ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի եւ ՕԵԿ-ական պատգամավորներ Սամվել Բալասանյանի ու Հովհաննես Մարգարյանի միջեւ, այնպես, որ բանը հասավ ԱԺ ամբիոնից ու մամուլով իրար հասցեի վիրավորական արտահայտությունների: Եվ երեկ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս հայտարարությունը հետեւանք չէ՞ այդպիսի հակասությունների եւ նպատակ չունի՞ վերջ դնելու լեզվակռիվներին: Պրն Աշոտյանի խոսքերով, ինքն այդ վեճերում երբեք անձնական դաշտ չի մտել: «Քաղաքական համագործակցությունն ընդամենը սահմանափակվում է մինչեւ 2007թ.: Բնական է, որ քաղաքական յուրաքանչյուր ուժ իրավունք ունի իր տեսակետը պաշտպանելու, հետեւաբար տարաձայնությունները բնական են, եւ որոշակի հրապարակային դրսեւորումները նույնպես անխուսափելի են: ՀՀԿ-ն 2003թ.-ից որեւէ կոալիցիոն պայմանավորվածություն չի խախտել եւ վստահ եմ, որ մեր կողմից հայտարարության խախտում չի լինելու, եթե, իհարկե, կոալիցիոն մյուս գործընկերները եւս հետամուտ լինեն իրենց ստորագրությանը»,- ասաց նա: Պատգամավորներից ամեն մեկն իր եւ իր կուսակցության մասով վստահեցնում էր, որ նախահարձակ չեն լինի, բայց եւ խոսքի տակ չեն մնա: «Ես գուշակ չեմ, բայց սա եւս մի շանս է՝ խոսքի եւ գործի ներդաշնակությունն ապահովելու համար»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը: Իսկ Սամվել Բալասանյանն այս առիթով ասաց. «Եթե ստորագրել են, պետք է պահեն: Ասում են՝ խոսքը տղամարդունն է»:
Բայց խորհրդարանական ընդդիմության կարծիքով, կոալիցիային չի հաջողվի երկար ժամանակ պահպանել խոստումը: «Ես շատ կուզենայի, որ այն հայտարարությունները, որ արել են, իրենք պաշտպանեն: Պաշտպանեն ոչ թե այդպիսի տեքստեր տարածելով, այլ աշխատանքային առումով: Բայց հիմա նրանք գործում են «Մտածեք ինչպես ուզում եք, բայց կանենք այնպես, ինչպես մենք ենք ուզում» սկզբունքով»,- կարծում է ԱԺ Ազգային Միաբանություն խմբակցության պատգամավոր Ալեքսան Կարապետյանը: Սակայն կոալիցիայի ազնիվ խոսքին ընդդիմությունը չի հավատում: «Ես կարծում եմ, որ հազիվ թե կոալիցիան ներկայացնողները կարողանան զերծ մնալ նախընտրական տրամադրություններից եւ միմյանց հաշվին միավորներ հավաքելու գայթակղությունից»,- ասաց ԱԺ Արդարություն խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:
Հ.Գ. Ի դեպ, հայտարարության տակ տորագրել են ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը եւ «Օրինաց երկիրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: