Ինչպես ականատեսներն են վկայում, այդ ժամանակ, բարեբախտաբար, ընդամենը 4 հոգի են եղել ներսում (2 վաճառող եւ 2 անցորդ), որոնք հասցրել են դուրս փախչել տաղավարից: Այլապես մահն անխուսափելի կլիներ, քանզի շուկայի տանիքն ու սյուները երկաթից են: Առաջին հայացքից երեւում է միջադեպի հիմնական «մեղավորը»` տանիքին առկա ձյան հաստ շերտը: Սակայն, ո՞վ է պատասխանատուն, ո՞ւմ խղճին կմնար այն ողբերգությունը, որը տեղի կունենար, եթե տաղավարը փլվեր մի քանի ժամ անց:
Արաբկիր համայնքի ղեկավարի տեղակալ Միքայել Մարդումյանի խոսքերով` այդ շուկան մասնավոր ընկերություն է, թաղապետարանին ենթակա չէ, եւ իրենց իրավասությունների մեջ չի մտնում մասնավոր ընկերությունների տանիքները մաքրելը: Բանն այն է, որ վերոնշյալ կառույցը, որի ընդհանուր տարածքը կազմում է 1930 քմ, Երեւանի քաղաքապետի 2005թ. ապրիլի 19-ի թիվ 793-Ա որոշման համաձայն` տրամադրվել է «Արցախ 91» արտադրական կոոպերատիվին` գյուղմթերքի շուկա կազմակերպելու եւ հանրային սննդի առեւտուր իրականացնելու համար: Հենց այս ընկերությունն էլ պարտավոր էր զբաղվել տանիքի մաքրմամբ: Սակայն դեպքի պատճառը միայն ձյունը չի եղել: Կանաչի վաճառող մի կնոջ հավաստմամբ` տաղավարի հենասյուներն ամուր չեն եղել, ինչի պատճառով էլ կառույցը չի դիմացել ձյան ծանրությանը: Անմիջապես փլուզումից հետո կոոպերատիվի աշխատակիցները ձեռնամուխ են եղել երկրորդ տաղավարի տանիքի մաքրմանը. այն, ինչ կարելի էր անել ժամանակին: Սակայն, ինչպես մենք ականատես եղանք, այդ տաղավարն էլ բարվոք վիճակում չէ:
Շուկայի փլուզված տաղավարում աշխատել է ավելի քան 20 մարդ, որոնք այսօր անգործ են մնացել ու անորոշ ժամանակով, քանզի պարզ չէ, թե շուկան երբ կվերականգնվի, ավելի ճիշտ` կկառուցվի, որովհետեւ երկաթյա այդ կառույցից, ըստ էության, ոչինչ չի մնացել: Այս ուղղությամբ դեպքից 3 օր անց դեռ ոչ մի աշխատանք չէր իրականացվել: Նկատենք նաեւ, որ վաճառողներից մեկի խոսքերով, ամեն մի «սեղանիկ» կոոպերատիվին վճարում է օրական մոտ 1000-1500 դրամ, իսկ ամռանն այդ վարձավճարն աճում է: Սեփականատերերը, բացի սեփական գրպանի մասին մտածելուց, պարտավոր են հոգ տանել շուկայի երկաթյա տաղավարի անվտանգության եւ շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակի մասին:
Ի դեպ, նույն շուկայի հարեւան տաղավարի վաճառողներն աշխատում են նորմալ ռեժիմով` մեկնաբանելով, որ վտանգն այլեւս անցյալում է: Այսպիսով, գրանցվեց անպատասխանատվության եւս մեկ դեպք, ինչն այս անգամ, բարեբախտաբար, մարդկային զոհեր չտվեց, բայց տասնյակ ընտանիքներ զրկվեցին օրվա հացի փողը վաստակելու հնարավորությունից: