«ԻԳԼԱ»-ն` մշուշի մեջ

09/02/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած շաբաթ Վրաստանի հատուկ ծառայությունները բացահայտեցին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմ դավադրությունը: Կարելական շրջանում, որ գտնվում է վրաց-օսական հակամարտության գոտու մոտ, նրանք գտել են «Իգլա» հրթիռազենիթային համալիր: Սկզբում հայտարարվեց, որ հրթիռը գտել են ծառին կապված, ընդ որում՝ «այն ուղղված էր նախագահ Սահակաշվիլու օդային երթուղու ուղղությամբ»: Հետո հայտարարեցին, որ այն գտնվում էր ջրի մեջ, ու գտել են ձկնորսները: Տեղ հասած սակրավորները վնասազերծել են «Իգլա»-ն, քանի որ այն բերված էր մարտական պատրաստության վիճակի, եւ այլ կերպ հնարավոր չէր վարվել: Ի՞նչ «ուղղվածություն» էր, ինչո՞ւ էր մեկ՝ ծառին, մեկ՝ ջրի մեջ, ո՞վ էր մոնտաժել:

Նախագահական պատվիրակության հետ Գերմանիայում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին առանց տարակուսելու լրագրողներին հայտարարեց, որ «Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից հայտնաբերված «Իգլա» հրթիռազենիթային համալիրը երկրի տարածք էր բերվել ռուսական կամ օսական կողմից, եւ, իհարկե, ոչ բարի նպատակներով»: Նրա խոսքերով՝ համալիրը տեղադրված էր այնպիսի տեղում, որտեղով հիմնականում անցնում են մի քանի հատուկ ուղղաթիռներ, այդ թվում՝ եւ նախագահականը, եւ այս դեպքում նրանք էին թիրախ դառնալու: «Վրաստանի բանակում այդպիսի սպառազինում չկա, դա ապացուցում է, որ այն դրսից էր բերվել»,- ընդգծեց Օքրուաշվիլին:

Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին, որ այդ ժամանակ գտնվում էր Վրաստանում, միջազգային հանրությանը կոչ արեց միանալ «Իգլա»-ի հայտնաբերման փաստի առթիվ սկսված հետաքննությանը: Հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց. «Ծառին կապված «Իգլա»-ն մարտական պատրաստության վիճակում էր, եւ զննումից ու լուսանկարելուց հետո սակրավորները որոշում ընդունեցին ոչնչացնել այն տեղում»: Նախարարի խոսքերով՝ այդպիսի զենք հաճախ են օգտագործում ահաբեկիչները, այդ պատճառով էլ իրենք դիմել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ մյուս պետությունների հատուկ ծառայություններին՝ միասին ուսումնասիրելու, թե որտեղի՞ց է այդ զենքը հայտնվել վրաց-օսական հակամարտության գոտուն սահմանակից տարածքում: «2005թ. փետրվարի 1-ին Գորիում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող` մեր կողմից ձերբակալված անձանցից ստացված տեղեկություններով՝ նման տիպի սպառազինություն կա Ցխինվալիի մի շարք խմբավորումների ձեռքին: Տեղադրված «Իգլա»-ի վրայից ջնջված էին համարները, բայց շնորհիվ բարձրորակ լուսանկարների գուցե հնարավոր լինի դրանք վերականգնել»,- հայտարարեց նախարարը եւ կոչ արեց «Վրացաերոնավիգացիա» ՍՊԸ-ի ղեկավարությանը ձեռնպահ մնալ այդ օդային երթուղով թռիչքներ թույլ տալուց, մինչեւ քննության ավարտը: Նախարարը նաեւ հայտնեց, որ դեռ հայտնի չէ՝ հատկապես ո՞ր թռչող ապարատի դեմ էր նախատեսված «Իգլա»-ն, բայց նշեց, որ այդ ուղղությամբ թռչում է նաեւ Վրաստանի նախագահը: Եվ ի՞նչ: Ոչինչ: Միայն ուժայինների բացարձակ համոզվածությունը, որ՝ 1) «Իգլա»-ն մտադիր էին օգտագործել կամ ռուսները, կամ օսերը, 2) ավելի հավանական է, որ այն օգտագործելու էին հենց Սահակաշվիլու դեմ: Մնացյալը, այդ թվում եւ այն, թե ծառի վրա՞, թե՞ ջրում են գտել այն, մնում է մշուշի մեջ:

Ռազմական հարցերով փորձագետ Գոգի Թավաձեն դժվարացավ լիարժեք պատասխան տալ այդ տեղեկությունների առթիվ: «Դժվար է որեւէ մեկնաբանություն անել նման հակասական փաստերի առթիվ: Միանշանակ կարելի է ասել մի բան. դա լուրջ զենք է, որը կարող է խփել ցանկացած օդային նշանակետի: Հայտնի չէ՝ որտե՞ղ են իսկապես գտել «Իգլա»-ն: Եթե ծառին կապված, ապա այն հեռակառավարվող չէ, «Իգլա»-ն հնարավոր է գործողության մեջ դնել միայն մեխանիկական ճանապարհով: ՆԳ նախարարը ենթադրություն արեց, թե «Իգլա» ունեցողները հավանաբար չեն կարողացել օգտագործել այն իրենց նպատակների համար մառախուղի, կամ էլ մեկ այլ պատճառով, բայց քանի որ այն բերված էր մարտական պատրաստվածության վիճակի, ապա գցել են ջուրը՝ ինչպես խորհուրդ է տրվում անել նման դեպքերում: Բայց ես այդպիսի բան ոչ մի տեղ չեմ կարդացել»,- ասաց Թավաձեն «168 Ժամ»-ին: Մի խոսքով, «Իգլա»-ն` մշուշի մեջ: