Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենայական թարգմանության լաբորատորիայում արդեն 6 տարի մասնագետների մի փոքրիկ խումբ զբաղվում է կոմպյուտերային համակարգերի հայերենացման գործընթացով: Նախաձեռնությունը համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանինն է եղել: «Վեց տարի առաջ, երբ ես, եղբայրս՝ Սուրեն Մանուկյանն ու իր որդին՝ Արամը, նախաձեռնեցինք այս գործը, ոչ ոք մեզ չէր վստահում եւ չէր հավատում, թե մենք որեւէ արդյունքի կհասնենք, սակայն քանի որ մենք երկար տարիներ զբաղվել էինք արհեստական բանականության համակարգերով, մեր մասնագիտական ինտուիցիան մեզ ասում էր, որ դա միանգամայն հնարավոր է»: Նկատի ունենալով այն փաստը, որ 21-րդ դարում ինֆորմացիայի հիմնական աղբյուրը ինտերնետն է, եւ հստակ զգալով այն վտանգը, որ կարող է իր հետ բերել օտարալեզու տեղեկատվական հոսքը, այն է՝ մայրենի լեզուն կորցնելու վտանգը, գիտնականները նախաձեռնում են համակարգչային էկրանի հայերենացման գործընթացը: «Մենք հասկանում էինք, որ եթե մեզ հաջողվի հայերենացնել էկրանն ու եկած ինֆորմացիան, եւ լեզուն դրվի կենդանի գործածության մեջ, լեզվապահպանության մեջ մեծ գործ արած կլինենք. կոմպյուտերային թարգմանիչն այսօր մեզ համար նույն էֆեկտն ունի` ինչ հինգերորդ դարում մեսրոպյան գրերը: Զուտ լեզվի խնդրով պայմանավորված մենք յուրաքանչյուր օր աշխարհի տարբեր ծագերում 100 հայ ենք կորցնում»,- հաշվում է դոկտոր-պրոֆեսոր Է. Մանուկյանը:
Ամբողջ աշխարհում համակարգչային ընդամենը հինգ թարգմանիչ կա՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով: Սակայն լեզվի պահպանման խնդիր ունեն բոլոր ազգերը: Թարգմանիչներ ստեղծելու բազմաթիվ ազգերի փորձեր ապարդյուն են անցել, մինչդեռ բոլորն են զգում, որ գլոբալիզացիայի դարաշրջանում չտարրալուծվելու միակ ճանապարհը պետական լեզու ունենալն ու այն ակտիվ գործածության մեջ պահելն է: «Միայն Ճարտարագիտական համալսարանում մենք հաշվել ենք շուրջ 50, իսկ հանրապետությունում՝ 200 բնագիտական մասնագիտություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի 5-6 մասնագիտական հատուկ առարկաների կազմ, այսինքն՝ մենք հարյուրավոր մասնագիտական դասագրքերի կարիք ունենք, մինչդեռ մեր փոքր պետությունն ի վիճակի չէ այդքան դասագրքեր թարգմանել, իսկ եթե նկատի ունենանք այն փաստը, որ սերնդի լեզվամտածողության ձեւավորման համար 20-22 տարեկան հասակը շատ կարեւոր է, ապա, եթե ոչ ուշ, ապա վաղուց ժամանակն է հայերեն թարգմանիչներ ու դասագրքեր ունենալ»,- մտահոգ է Է. Մանուկյանը:
Մեր գիտնականների կողմից մշակված թարգմանական այս համակարգը պարզ բառարանային բազա չէ ընդամենը: «Տեքստը ոչ թե բառացի է թարգմանվում, այլ թարգմանվում է մուտքային լեզուն, այսինքն՝ հասկացվում է նրա ամբողջ իմաստը, ապա թարգմանվում այլ լեզվով. սրա համար պահանջվում է գիտելիքների բազա, ուստի սա ավելի շատ գիտելիքների բազա է, որտեղ հավաքագրել ենք շուրջ 50.000 բառ, մասնագիտական լեզվով ասած՝ օբյեկտ, եւ տալիս ենք այդ օբյեկտների նկարագիրը»,- հավաքագրված 50.000 օբյեկտներից առայժմ 10.000-ի նկարագիրն է պատրաստ: «Առայժմ նկարագրված այդ բառերի սահմաններում արված թարգմանությունները բնական լեզվին շատ մոտ արդյունք են տալիս»,- ասում է պրն Մանուկյանը: Գիտական նման աշխատանքներն, ըստ պրն Մանուկյանի, արվում են երեք փուլով՝ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներ եւ աշխատանքային նախագծում: Ամենառիսկային եւ ծախսատար համարվող առաջին երկու փուլերը բարեհաջող ավարտ են ունեցել: Ծրագրի վրա այսօր աշխատում են հիմնականում Երեւանի Պետական, Մանկավարժական, Ճարտարագիտական համալսարանների, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի սաները: Առ այսօր ներդրվել է 150.000 ԱՄՆ դոլար գումար: «Ծրագիրը մենք սկսել ենք սեփական միջոցներով, սկզբնական փուլում մեզ աջակցեց նաեւ «Սորոսի» անվան հիմնադրամը, որոշակիորեն օգնել են ԱՄՆ դեսպանատունն ու «Արմինկոն», նաեւ՝ «Եվրազիա» հիմնադրամը, այլ անհատ անձինք»,- սակայն պրոֆեսորն ամենամեծ ներդրումը համարում է այն աշխատանքը, որ ամեն օր անհատույց կատարում են այս գործի շուրջ համախմբված 15 երիտասարդ մասնագետները. «Նրանցից յուրաքանչյուրը եթե մի նորմալ ֆիրմայում աշխատանքի անցներ, ամսական հինգ-վեց հարյուր, անգամ հազար դոլար աշխատավարձ կարող էր ստանալ»: Սակայն պետությունն ընդամենը 4 հաստիք է նախատեսել այս լաբորատորիայի համար՝ 40-ական դոլարին համարժեք դրամ աշխատավարձով: «Մենք փաստորեն ունենք արդեն մշակված տեխնոլոգիա, ունենք նաեւ ձեւավորված, համապատասխանաբար ուսուցանված մասնագիտական խումբ՝ գիտական կողմը մենք ապահովել ենք, մնում է շահագործել, իսկ շահագործումն աշխատատար պրոցես է. իմ պահանջը պետությունից այն է, որ ստեղծի մի օղակ, որը կշարունակի մեր սկսած գործը»,- պահանջում է Է.Մանուկյանը: Իսկ գործի շարունակականությունը պարտադիր է. «Այստեղ ժամկետների հարց չի կարող քննարկվել. որքան դինամիկ է լեզուն, լեզվի զարգացմանը զուգընթաց` նույնքան կատարելագործման խնդիր կունենա նաեւ թարգմանական այս համակարգը»: Պետության ձեռքի պակասը միայն ֆինանսական հարցերում չէ, որ խիստ զգացվում է: «Մենք երբեմն այս կամ այն բառի թարգմանության կամ այդ բառի ճշգրիտ նկարագիրը տալու համար լեզվաբան-մասնագետների կարիք ենք զգում, Լեզվի տեսչությունն անհատույց չի համագործակցում մեզ հետ, ես վախենում եմ, որ ցանկանալով լավ բան անել՝ կարող ենք այնուամենայնիվ ինչ-որ սխալ թույլ տալ ու առհասարակ լեզվի «հերն անիծել»,- մտավախություն ունի գիտնականը: Հայաստանում մինչ այս թարգմանիչների պատրաստման նախադեպ չի եղել: Ըստ պրն Մանուկյանի՝ նման ծրագիր շատ վաղուց ունեցել է Ակադեմիան, սակայն որեւէ արդյունք առայժմ չկա: «Հայաստանում մեզանից խելացի մարդիկ անշուշտ կային, ովքեր կարող էին այս նույն գործը հաջողությամբ անել, սակայն բանն այն է, որ այս ապրանքը` ունենալով հսկայական արժեք, չունի շուկայական արժեք. մեր շուկան զարգացած չէ եւ շատ է փոքր, որպեսզի շահույթ ակնկալվի նման ծրագրից. սա է խանգարել, որ առայսօր մեզանում ոչ ոք չի զբաղվել թարգմանիչների պատրաստմամբ»,- պրն Մանուկյանը լավատես է այնքան, որ կարծում է՝ մեր օրերում էլ կան ազգապահպան խնդիրներով մտահոգ պետական այրեր, որոնք աջակից կլինեն իրենց, ինչպես ժամանակին աջակից է եղել Վռամշապուհ արքան Մեսրոպ Մաշտոցին: Ճարտարագիտական համալսարանի ռեկտորատն էլ նամակ է հղել կառավարությանը՝ ակնկալելով պատշաճ ուշադրություն ազգապահպան այս ծրագրին: Վարչապետն անձամբ ծանոթացել ու բարձր է գնահատել կատարված աշխատանքները՝ հանձնարարելով համապատասխան գերատեսչությանը` զբաղվել խնդրով. նամակն այժմ Կրթության եւ գիտության նախարարության «վարույթում» է.
«Հուսով ենք, որ մեր հարգելի նախարար Սերգո Երիցյանն ունի այն մակարդակը, որ գնահատի այս գործի արժեքը, եթե չկարողանա ըստ արժանվույն գնահատել, ուրեմն նա իր տեղում չէ»,- եզրակացնում է պրն Մանուկյանը: