Կրկին ձյուն է սպասվում

09/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած ճեպազրույցում Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանն անդրադարձավ ոլորտի հիմնահարցերին, ինչպես նաեւ այս օրերին կարեւորագույն խնդիր դարձած ձյան մաքրման աշխատանքներին:

Կապիտալ շինարարության բարեկարգման աշխատանքների գծով Երեւանի քաղաքապետարանը հանրապետությունում առաջինն է, որը Գնումների գործակալությունում մրցույթով հաղթած կազմակերպություններ ունի: 2006թ. շինարարության հետ կապված բոլոր փաթեթներն արդեն ներկայացված են մրցույթի եւ մինչեւ փետրվարի վերջ բոլոր մրցույթները կկայանան: «Մարտ ամսից մենք կկարողանանք լիարժեք սկսել շինարարական աշխատանքները,- նշեց պրն Բասենցյանը: -Եթե նախորդ տարիներին այդ աշխատանքները հաջողվել է սկսել ապրիլ-մայիս ամիսներին, ապա այս տարի մենք մարտից կսկսենք: Դա քաղաքապետի հատուկ հանձնարարությունն է, որը կարողացանք իրագործել»: Ինչ վերաբերում է ձյան մաքրման աշխատանքներին, ապա պրն Բասենցյանին նույնպես չի գոհացնում առկա իրավիճակը: Միեւնույն ժամանակ վերջինս համարում է, որ պատասխանատուները գործ ունեն արտակարգ իրավիճակի հետ, քանի որ այս տարվա ձյան ընդհանուր քանակը եւ մասնավորապես ձյան հաճախականությունն աննախադեպ է: «Այնպես է ստացվում, որ մենք մեկ ու կես օրվա ընթացքում գործ ենք ունենում մոտ 60 սմ ձյան հետ: Բնական է, դրա դեմն առնելն այդքան էլ հեշտ չէ, բայց Երեւանի բոլոր թաղային համայնքներն իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում անում են այն ամենն, ինչ հնարավոր է այդ ուժերով իրականացնել»,- վստահեցնում է պրն Բասենցյանը: Վերջինս նաեւ հորդորում է, թե կատարվող աշխատանքների շնորհիվ դրականն այն է, որ խցանումներ չեն եղել, ճանապարհներն անցանելի են եղել, կենտրոնական փողոցները մաքրվել են: «Ելնելով այսօրվա իրավիճակից` քաղաքապետը բոլոր համայնքների ղեկավարներին, կոմունալ ծառայության հետ առնչվող կազմակերպություններին, Արտակարգ իրավիճակների վարչությանը լրացուցիչ հանձնարարականներ տվեց ձյան հետ կատարվող աշխատանքներն աշխուժացնելու ուղղությամբ: Մենք ամսի 7-9-ը դեռ ձյուն ենք սպասում: Հնարավոր է առատ ձյուն, այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք բնության այս արհավիրքին: Մենք բոլորս երեւանցիներ ենք, ես ձեզ խնդրում եմ ծառերի վրայի թաց ձյունը թափ տալ»,- խորհուրդ է տալիս պրն Բասենցյանը: Փետրվարի 4-ի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Երեւանում 11 ծառ հիմնահատակ է եղել, իսկ 110 ծառերի ճյուղեր վնասվել-կոտրվել են: Քաղաքապետարանի Կոմունալ վարչությունն արդեն մշակել է նաեւ ձնհալի հետ կապված միջոցառումները: Չորեքշաբթի օրվանից կսկսվեն ձնհալից հետո սպասվող ջրահեռացման կազմակերպման աշխատանքները:

Հ.Գ. Գրեթե բոլոր համայնքների կոմունալ ծառայության աշխատակիցները դժգոհում են գիշերվա ժամերին մայթերին կայանած ավտոմեքենաների առկայությունից, քանի որ դրանք խոչընդոտում են ձյան մաքրման աշխատանք կատարող մեքենաների երթեւեկությանը: Ձյունը մաքրելու ընթացքում մայթերի մեքենաների պատճառով սանմաքրման մեքենաները պարբերաբար հայտնվում են վթարային իրավիճակներում: