«Armenian Navy Band»-ը՝ Մոսկվայում

09/02/2006

Փետրվարի 20-ին Մոսկվայում տեղի է ունենալու Արտո Թունչ-Բոյաջյանի «Armenian Navy Band» ավանգարդ-ֆոլք անսամբլի համերգը: Այն տեղի կունենա Էստրադայի թատրոնում: Խումբն առաջին անգամ է ելույթ ունենալու Ռուսաստանում: Եվրոպական քննադատները «Armenian Navy Band»-ն անվանում են «լեռնային հեղեղ, որ հեղեղել է հոլիվուդյան դիկսիլենդը»:

«Armenian Navy Band»-ն օգտագործում է հայկական ազգային երաժշտական (դուդուկ, բլուլ, զուռնա, քանոն եւն) եւ ժամանակակից գործիքներ՝ սաքսոֆոն, տրոմբոն, բաս, ստեղնավոր գործիքներ: Արտո Թունչ-Բոյաջյանն ունի մոտ 20 սոլո-ալբոմներ, ֆիլմերի համար երաժշտություն է գրել, որոնցից ամենահայտնին Ատոմ Էգոյանի՝ աղմուկ հանած «Արարատ» ֆիլմն է: «Armenian Navy Band»-ը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, հյուրախաղեր է ունեցել շատ եվրոպական ու արեւելյան երկրներում: Առաջիկայում խումբը հյուրախաղերի է մեկնելու Բարսելոնա եւ Մադրիդ, Քյոլն եւ Լոնդոն:

Մոսկովյան համերգի կազմակերպիչներն են «Արեւելք-Արեւմուտք» մշակութային նախաձեռնությունը» եւ «Բեմ» ամսագիրը: