ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ ներկայացրեց 2006թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը դեռ պետք է ներկայացվի Ազգային ժողով: ԿԲ-ն այս տարվա համար նախատեսել է 10% տնտեսական աճ եւ մինչեւ 3% գնաճ:
Ի դեպ, անցած տարի, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գներն աճել են 0,6%-ով:
Այս տարվանից ԿԲ-ն անցել է գնաճի նպատակադրման քաղաքականության, այսինքն` կառույցն այլեւս բացատրություն չի տա, թե ինչու են դրամական զանգվածները փոփոխվում: Գնաճի զսպման եղանակը տոկոսադրույքն է` փողի գինը, ինչը բարձրացնելով ԿԲ-ն կնվազեցնի փողի նկատմամբ պահանջարկը: Պարզ ասած` փողը եթե քիչ լինի, գները չեն աճի: Իսկ եթե գազի գինը դառնա 1000 խորանարդ մետրի դիմաց 110 դոլա՞ր: Տ. Սարգսյանը վստահ է, որ «գազի գործն ավելի հեշտ է, քան հացինը», քանի որ գազը սպառողական զամբյուղում մեծ տեսակարար կշիռ չունի: Բացի այդ, մյուս ապրանքատեսակների գների վրա գազի գնի ազդեցությունն անուղղակի է, որոշ ժամանակ է պահանջում, ինչի շնորհիվ ԿԲ-ն «կհասցնի» արդյունավետ զսպողական քաղաքականություն իրականացնել: Այնուամենայնիվ, ԿԲ նախագահն ասաց, որ եթե գազը թանկանա, այն ժամանակ ԿԲ-ն կտա գնաճի նոր գնահատական:
Ի՞նչ է անում ԿԲ-ն բանկերի խոշորացման առումով: Կա 2 ռազմավարություն: Առաջինը նորմատիվային փոփոխությունն է, ինչ ԿԲ-ն իրականացնում է վերջին 10 տարիների ընթացքում: «Կտրուկ ավելացնելով բանկերի նվազագույն կապիտալի նկատմամբ պահանջը` մենք ստիպեցինք նրանց խոշորանալ»,- ասում է Տ. Սարգսյանը: Իսկ երկրորդ ռազմավարությունը մրցակցային միջավայրի ստեղծումն է, որի նախապայմանը կորպորատիվ կառավարման սկզբունքներն են: ԿԲ նախագահը վստահեցրեց, որ վերջինիս արդյունքում տեղի կունենան կա՛մ բանկերի միաձուլում, կա՛մ խոշորացում: Ի դեպ, այսօր Հայաստանում գործող բանկերից 6-ի կապիտալը գերազանցում է արդեն 10 մլն դոլարը, այն դեպքում, երբ նորմատիվով բանկի կապիտալի նվազագույն չափը սահմանված է 5 մլն դոլար:
Որպեսզի ԿԲ-ն լինի հասարակության եւ բանկերի կողմից վերահսկելի` Տ. Սարգսյանի խոսքերով` իրենք բանկերին առաջարկել են թույլ տալ հրապարակել, թե նրանց նկատմամբ ԿԲ-ն ինչու, երբ եւ ինչպիսի պատժամիջոցներ է կիրառում: Բանկերը հրաժարվել են:
Դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն քաղաքական ռիսկեր չի կանխատեսում: Այնուամենայնիվ, Տ. Սարգսյանը գտնում է, որ միջազգային կազմակերպությունները 2006թ. այս առումով փոփոխություններ չեն արձանագրի:
Հ.Գ. Տիգրան Սարգսյանն ամեն անգամ չի զլանում պատասխանել, որ ԿԲ-ն, ինչպես ԱՄՆ-ի եւ եվրոպական կենտրոնական բանկերը, արտարժույթի փոխարժեքը կարգավորելու հնարավորություն չունի: Հավանաբար սա է պատճառը, որ ժողովուրդը չի հավատում եւ չի վստահում դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմնին: