Կոմանդոսը վերընտրվեց

07/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես եւ սպասում էինք՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), այսօր տեղի ունեցած ՀՀ Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության (ՀՀ ՊՄՀԿ նախկին ԴՕՍԱԱՖ-ի 9-րդ համագումարում վերընտրվեց կենտրոնական խորհրդի նախագահ: Հիշեցնենք, որ ՊՄՀԿ-ն Հայաստանի ամենամեծ հասարակական կազմակերպությունն է, ունի 48 մասնաճյուղեր եւ 69.000 անդամներ: Ավելացնենք, որ կազմակերպության կանոնադրության համաձայն` համագումար պետք է հրավիրվի երկու տարին մեկ: Վերջին՝ 2003թ. համագումարի ժամկետը լրացել էր 2005թ. դեկտեմբերի 21-ին: Սա նշանակում է, որ այդ ժամանակ ընտրված կենտրոնական խորհրդի եւ խորհրդի նախագահի լիազորություններն ավարտվել են 2005թ. դեկտեմբերի 21-ին: Եվ նոր խորհուրդ ու նախագահ պետք է ընտրվեր մինչ այդ: Ու դեկտեմբերի 21-ից մինչեւ փետրվարի 3-ը վերոհիշյալ մարմիններն աշխատել են առանց լիազորությունների, այսինքն` ապօրինի: Եվ լիազորություններ չունեցող կենտրոնական խորհուրդը, թեեւ ուշացումով, բայց երեկ ի վերջո համագումար է հրավիրել: Այս պայմաններում դժվար է ասել՝ լիազորություններ չունեցող կենտրոնական խորհրդի հրավիրած համագումարը եւ ընտրած նախագահն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Կարեւորը հավանաբար դա չէ, այլ այն, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագրային հիմունքներով պատրաստվող յուրաքանչյուր մասնագետի համար 47.000 դրամի փոխարեն վճարել 64.000 դրամ: Իսկ նախարարությունը յուրաքանչյուր տարի ՊՄՀԿ-ին մոտ 2500 մասնագետ պատրաստելու պատվեր է տալիս: Դեռեւս անցյալ տարի «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսում են: Ստուգելով ապարատին գրանցած անծանոթ հեռախոսահամարները, ԱՄ գրասենյակից պարզել էին, որ դրանք տեղադրված են ԴՕՍԱԱՖ-ի շենքում: Այսինքն, գաղտնալսող ծառայությունն ինչ-որ չափով կապ ունի ԴՕՍԱԱՖ-ի հետ, կամ ուղղակի գտնվում է կազմակերպության շենքում: Ա. Տեր-Թադեւոսյանն, իհարկե, հերքեց իր ղեկավարած կազմակերպության կապը որեւէ գաղտնալսման հետ, եւ Ա. Գեղամյանի հայտարարությունն առեղծված մնաց: ԱՄ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը մեզ հայտնեց, որ այդ գաղտնալսումները բացահայտելու համար իրենք այլեւս հետամուտ չեղան: «Ուղղակի զգացնել տվեցինք, որ մենք գիտենք»,- պատասխանեց պարոն Կարապետյանը: Մեր տեղեկություններով` այդպիսի ծառայություն ՊՄՀԿ-ի շենքում, այնուամենայնիվ, գոյություն ունի, որը «Միջազգային կապեր» անվան տակ գաղտնալսումներ է անում: