Մեզ փող տվեք, մենք լավն ենք

07/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Փետրվարի 1-ին հայաստանյան լրատվամիջոցները հրավիրվեցին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» (ԳՀԲՀ) նախաձեռնության» կազմակերպած քննարկմանը, որը պետք է նվիրված լիներ «Հազարամյակի մարտահրավերների դեսպան Ջոն Դանիլովիչի եւ ՀՀ իշխանությունների նամակագրությանը»։

Քանի որ վերջին շրջանում այս նամակագրությունը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, մասնավորապես, Վ. Օսկանյանի արտահայտած (եւ չարտահայտած) որոշ մտքերի առնչությամբ, բնականաբար, լրատվամիջոցները մեծ հետաքրքրությամբ ժամանեցին քննարկմանը։

«Մենք տեղյակ ենք նամակագրությանը, որը տեղի է ունեցել Ջոն Դանիլովիչի եւ Վ. Օսկանյանի միջեւ… Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան (ՀՄԿ) կարեւորում է ժողովրդավարության գործոնը։ Վ. Օսկանյանի եւ Ջոն Դանիլովիչի կողմից ժողովրդավարության կոնկրետ չափորոշիչներ չեն նշվել։ Մենք պետք է ձեզ հետ միասին որոշենք այդ չափորոշիչները եւ աշխատենք, որ դրանք իրագործվեն»,- ասաց «Ասպարեզ» լրագրողների միության նախագահ Լեւոն Բարսեղյանը։

Ահա այն ամենը, ինչ 1,5 ժամ տեւած քննարկման ընթացքում հնչեց նամակագրության մասին։ Ոչ մի նոր բան ոչ ոք չասաց։ Այդ դեպքում ձեզ մոտ կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչի՞ մասին էին խոսում բանախոսները։ Նրանք խոսում էին ծրագրի արդարացի իրագործման մասին։ Նշվեց, որ հարկավոր է լուրջ մոնիտորինգ անցկացնել, քանի որ ծրագրի հաստատումը դեռ ոչ մի բան չի նշանակում։ Եթե ՀՄԿ-ն գտնի, որ Հայաստանը շարունակում է նահանջ ապրել արդարացի կառավարման (ruling justly) հարցում, ապա դրամաշնորհի ծրագիրը կարող է կասեցվել։ ՀՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարդանյանը նշեց, որ Եմենն արդեն հանվել է շահառու երկրների ցուցակից, եւ ցանկություն հայտնեց, որ Հայաստանը նրան չմիանա։

«Համայնքների ֆինանսիստների միավորման» ղեկավար Վ. Մովսիսյանն էլ նշեց այն ուղղությունները, որոնց վերաբերյալ պետք է լուրջ մոնիտորինգ իրականացվի։ Պրն Մովսիսյանի կարծիքով` առաջին հերթին պետք է օբյեկտների գնահատում կատարվի, որպեսզի այն օբյեկտները, որոնք վերանորոգման կարիք չունեն, չհայտնվեն ծրագրի ցուցակում։ Կարեւորվեց նաեւ որոշ աշխատանքների կրկնակի ֆինանսավորման բացառումը եւ վերանորոգումից հետո դրանց հետագա ճակատագիրը։

Այս ամենն, իհարկե, կարեւոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք ծրագրի կառուցվածքը։ 235.6մլն դոլարից 67.1մլն-ը տրամադրվելու է գյուղական ճանապարհների վերականգնմանը, 145.67 մլն-ը՝ ոռոգման համակարգի բարելավմանը։ Կարճ ասած՝ փող ուտելու հիանալի տարբերակ։ Իհարկե, ՀՄԿ-ի պաշտոնյաները ոչ թե մտածել են մեր չինովնիկների համար կողքից օգտվելու հիանալի հնարավորություն ստեղծելու մասին, այլ գտել են, որ ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը եւ աղքատության հաղթահարմանը։

Սակայն հասարակական կազմակերպություններն ի վիճակի՞ են լուրջ մոնիտորինգային աշխատանքներ կատարել։ Լ. Բարսեղյանը համոզված է, որ ի վիճակի են, իսկ Վ. Մովսիսյանը պատկերավոր այսպես մեկնաբանեց. «Դա նման է սեղանի։ Մենք չենք կարող ազդել ոմանց ախորժակի վրա, մենք պարզապես վերջում կարող ենք արձանագրել՝ ով ինչ վերցրեց։ Մնացածն արդեն հասարակության գործն է, թե դրան ինչպես կարձագանքի»։

Կարեւորվեց նաեւ լրագրողների դերն այս հարցում… եւ դրանից հետո սկսվեց ամենահետաքրքիրը։ Մասնակցող ՀԿ-ներից մեկի ղեկավարը մեղադրեց լրագրողներին՝ ՀԿ-ներին հարձակման թիրախ դարձնելու հարցում։ Այն, որ էժանագին հնարքով՝ «նամակագրության մասին խոսելու» պատրվակով, նախաձեռնության ղեկավարները գրավել էին լրատվամիջոցներին եւ փաստորեն խաբել նրանց՝ իրենց քննարկմանը հասարակական հնչեղություն տալու եւ ոմանց ականջին հասցնելու համար, դա ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ. մարդիկ իրենց վրա ուշադրություն հրավիրելու ուրիշ ձեւ չեն գտել։ Սակայն այս հայտարարությունը ստիպեց փոքր-ինչ բացել փակագծերը, թեեւ քննարկումը վարող Ջ. Հասրաթյանը շտապեց նշել, որ հնչածն առանձին կարծիք էր։

Նշենք, որ ՀՄԿ-ն մերոնց հանդեպ բարի է գտնվել եւ փող ուտելու տեղ թողել է՝ ծրագրի կառավարման եւ հսկողության (այսինքն` կառավարության) համար նախատեսվել է 17.79 մլն դոլար։ Նույն այդ ծրագրի մեջ բավական կլորիկ մի գումար էլ՝ 5.08 մլն դրամ հատկացվելու է մոնիտորինգային եւ գնահատման աշխատանքներին։ Այս աշխատանքներն իրականացնող խմբի կազմում պետք է մտնեն նաեւ հասարակական կազմակերպությունները, իսկ թե որո՞նք՝ դեռ որոշված չէ։

Ըստ էության, քննարկումը եւ լրատվամիջոցների ներկայությունն անհրաժեշտ էր ցույց տալու համար, որ իրենք միասնական են, ուժ են ներկայացնում եւ կարող են լուրջ աշխատանքներ կատարել. այսինքն` իրենց էլ կարելի է ֆինանսավորել։ Ընթացքում պարզ դարձավ, որ ոմանք իրենք էլ չգիտեին՝ ինչու էին այդտեղ։ Մասնակիցներից մեկը՝ սփյուռքահայ մի կին, անկեղծորեն խոստովանեց, որ ինքն այստեղ է, որովհետեւ «…իրեն հրավիրել է իր ընկերուհին»։ Մյուսներն էլ առանձին զրույցներում ամեն կերպ աշխատում էին լրագրողներին խաբելու մեղքը բարդել մյուսների վրա։ Մի խոսքով, կարծիքն այնպիսին էր, որ ամենեւին էլ միասնական չէին։

Իսկ այս քննարկման մեխը՝ ՀԿ-ներից մեկի ղեկավարը լրատվամիջոցներին (բոլոր) մեղադրեց, որ նրանք հանրաքվեի խախտումների փաստերի մասին լռել են։ Դա, իհարկե, առաջացրեց պատասխան ռեակցիա, քանի որ հավաքված ՀԿ-ներից ոչ ոք խախտումների մասին չի խոսել, իսկ հիմա խոսում են ժողովրդավարության մասին։ «Ընտրական գործընթացին հետեւելը մեր պրոֆիլը չէ»,- հայտարարում են նրանք, իսկ հետո իրենք իրենց հակասում՝ նշելով, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունները լինելու են գնահատման հիմնական չափորոշիչը, եւ իրենք պետք է աշխատեն, որ ֆինանսավորման ծրագիրը չտապալվի։

Պարզ ասած՝ պատկերը հետեւյալն է։ Հանրաքվեի ժամանակ լռեցին, դրանից հետո, Ջ. Դանիլովիչի հայտնած «հաթաթաներից» հետո, երբ գումարի տրամադրումն իսկապես հարցականի տակ էր եւ պետք էր լուրջ քննարկման նյութ դարձնել խախտումների վերաբերյալ կատարվող աշխատանքները, նույնպես ձայն չհանեցին, իսկ այժմ՝ ծրագիրը հաստատվելուց հետո, ասում են՝ կանենք։ Այն ժամանակ ինչո՞ւ չարեցին: Թե՞ ամեն ինչ փողով է։