Բարձրանում ենք

07/02/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Երկրների ռիսկայնության դասակարգման» ցանկում Հայաստանի վարկանիշը բարձրացել է: Այս անգամ սա ասում են ոչ թե երկրի իշխանությունները, այլ` Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ, OECD), որին անդամակցում են աշխարհի առավել զարգացած 26 երկրներ: Վերջիններիս փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը վերանայել է մեր երկրի գործակիցը` Հայաստանին դասելով ավելի բարձր` 6-րդ խմբի շարքին: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տեղեկացմամբ` վերջին շրջանում ԱՊՀ որեւէ երկիր ՏՀԶԿ-ի կողմից վարկանիշի բարձրացման չի արժանացել: Ի դեպ, մեր հարեւան Ադրբեջանը միշտ է եղել 6-րդ խմբում, Վրաստանը դեռ 7-րդ-ում է, իսկ Ռուսաստանը` 4-րդ-ում: Հայաստանի գործակցի բարձրացումը նշանակում է, որ օտարերկրյա ընկերությունները վստահում են մեր երկրին` առեւտրատնտեսական եւ ներդրումային գործունեության ծավալման տեսանկյունից: Հիրավի, ուրախանալու առիթ կա, բայց պետք է հաշվի առնել նաեւ դասակարգման մեթոդոլոգիան: Վերջինիս մանրամասները ՏՀԶԿ-ի կողմից չեն հրապարակվում, սակայն նշվում է, որ կազմակերպությունն օգտագործում է էկոնոմետրիկ մոդել` հիմնված երկրների ֆինանսական եւ տնտեսական քանակական ցուցանիշների, ինչպես նաեւ` պարտքերի մարման առումով երկրների փորձի վրա: Այս ցուցանիշներով Հայաստանը «պրոբլեմ չունի», ուստի բնական էր նրա միջազգային վարկանիշի որոշակի բարձրացումը: Սակայն երկրներն ըստ ռիսկայնության դասակարգելիս` ՏՀԶԿ-ն հաշվի է առնում նաեւ քաղաքական եւ տնտեսական որակական գործոններ: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը հատկանշական է համարում այն, որ Հայաստանի դասակարգման փոփոխությունն իրականացվել է առավելապես առեւտրատնտեսական եւ ֆինանսական գործոնների չափորոշիչների բարելավման հաշվին:

Այս հարցի շուրջ փորձեցինք իմանալ նաեւ «Արդարություն» դաշինքի պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի կարծիքը: Վերջինս, ըստ էության, նորմալ է համարում այս դասակարգումը` գտնելով սակայն, որ այն իրական գործընթացները (եկամուտների անհավասար վերաբաշխում, անառողջ մրցակցային դաշտ, կլանների եւ մենաշնորհների գերիշխանություն) թաքցնում է: «Բոլոր չափորոշիչները պետք է զգույշ ընտրել: Այդ ժամանակ իրական պատկերը տեսանելի կլինի: Թե չէ, այս ցուցանիշներով առաջին տեղն էլ կարող ենք զբաղեցնել»,- ասում է պատգամավորը: Պետք է նշել նաեւ, որ տվյալ վարկանիշի հիման վրա սահմանվում են երկրների կառավարությունների միջոցով կամ դրանց անունից տրվող վարկերի հիմնական պայմանները` տոկոսադրույքը, ժամկետը, պաշտոնապես սատարվող վարկի տրման համար ենթակա ծրագրերը: