Եթե գազանանոցի ճամփով գազ եք արել մինչեւ Ավանի մոստ ու հետո առաջի թե երկրորդ աջով թե ձախով մտել եք, ու ոչ մի բան չի տեսնցվում, ապա դուք չհասաք ձեր գաղափարով մեծ, տարիքով փոքր ախպոր ծնունդին, եւ ձեր բոլոր հույսերը` դառնալ յոգուրտային կուլտուրական կենդանի, իզուր են, քանի որ դուք մոռացել եք պարզ մի ճշմարտություն, որ ձեր ախպոր դեմը խաղ չկա, բոլոր խաղերը ներսում են։
Այս շաբաթ հասարակության բազմաթիվ ցնցումներին (գազատարի պայթյուն, Լեգրանի ելույթը Մոսկվայում եւ այլն) գումարվեց եւս մեկը։ Սակայն կարծում եմ «գումարվեց» բառը տեղին չէ, քանի որ այն, ինչի մասին խոսում են, արդեն վաղուց գրավել է մարդկանց հոծ զանգվածներ։ Զանգվածներ, որ կոլեկտիվ անգիտակցական մակարդակում հորթային հրճվանք են ապրում, երբ Շրեկը խոսում է փողոցային ժարգոնով ու նրան միանում են «Մադագասկար» մուլտֆիլմի պինգվինները, զեբրն, առյուծն ու մնացած հերոսները։
Իսկ հունվարի 26-ին, «Նոր Ալիք» հեռուստաընկերության եթերում ռուսախոս Եգոր Գլումովն իր հյուրերի հետ քննարկում էր մաքուր հայոց լեզվի թեման։ (Գլումովը խոսում էր ռուսերեն, նրա հյուրերը` հայերեն։ Հարգանքի է արժանի Գլումովի այն արտահայտությունը, որ եթե իրեն խնդրեն հայոց լեզվով ինչ-որ հաղորդում վարել, նա կհրաժարվի այն պարզ պատճառով, որ հայերեն վատ է խոսում)։
Տաղավարում էին «Հայլուրի» երկու մեկնաբան, մեկ ֆուտբոլային մեկնաբան եւ երկու շոումեն, որոնցից մեկը համատեղությամբ նաեւ երգիչ է։ Նրանց քննարկած թեմաներն իրականում շատ հետաքրքիր էին։ Օրինակ՝ Տաթեւիկ Բաղդասարյանն ասում էր, թե հեռուստաընկերություններից շատերում ուսանողական նստարանից գալիս-մտնում են տաղավար, եւ, որ մեկնաբան դառնալուց առաջ անհրաժեշտ է անցնել որոշակի լրագրողական դպրոց, դպրոց, որ նախկինում կար եւ վերացավ ԽՍՀՄ-ի հետ միասին։ Տաթեւիկը նույնիսկ անկեղծացավ՝ եթե իր ձեռքին լիներ, ինքն իրեն այն ժամանակ աշխատանքի չէր ընդունի։
Երբ հաղորդման ընթացքում Գլումովը երկար ու կցկտուր հարց էր ձեւակերպում այն մասին, թե ինչու է հայկական եթերում հաղորդավարների լեզվաարտահայտչական վիճակն այդքան անմխիթար, Արտակ Ալեքսանյանի երիտասարդ արյունը եռաց, եւ հեռուստագործիչների համերաշխության ձայնը բարբառեց, որ Գլումովի հարազատ ռադիոեթերում էլ վիճակը հեչ լավ չի, որ ռադիովարողներն անգրագիտությամբ ամեն րոպե փայլում են, եւ «կայֆավատ» (բառն իմն է, ոչ Արտակինը) են լինում ուղիղ եթեր զանգահարած ռադիոլսողների վրա։ Գլումովը չառարկեց։
Շոումեններից երկուսը, որ թատերական կրթություն ունեն, խոսեցին բեմական խոսքից եւ հայեցի լեզվամտածելակերպից։ Այն դեպքում, երբ երգիչ եւ շոումեն Սամվել Գրիգորյանը դեռ մեկ տարի առաջ (թող ներեն, եթե սխալվում եմ) «Դար 21» հեռուստաընկերության եթերից երիտասարդ զույգերին հորդորում էր «առանց ամաչելու զաս… (կրքոտ համբուրվել)»։ Ինչ-ինչ, բայց հայեցի լեզվամտածողության թեկուզ փոքրիկ մասնիկ նրա վարած հաղորդման մեջ չկար։
Հաղորդման թեմաները շատ հետաքրքիր զարգացումներ ապրեցին։ Լեզվամտածելակերպից կտրուկ անցում կատարվեց ռեյտինգավորման համակարգին եւ ռեյտինգային հաղորդումներին։ Խոսեցին նաեւ հյութեղ շուրթերով եւ փարթամ կրծքերով բազմաթիվ այն աղջիկների մասին, ովքեր հեռուստաեթերից մեքենաներ են վաճառում ու աստղագուշակ կարդում։ Չմոռացան նաեւ մեկնաբանական դպրոցների եւ վերապատրաստումների մասին օտարերկրյա հեռուստակայաններում։ Երկրորդ շոումենը՝ Եղիազարյան Գեւորգը, բոլորին հիշեցրեց, որ հեռուստատեսությունը զանգվածային դաստիարակչության միջոց է։ Խոսեցին կրկնակի ցց-ներով գովազդային հոլովակներից եւ հեռանկարային զարգացում ապրող հեռուստամենեջմենտի պահանջից։
ԱԼՄ-ի մասին էլ չմոռացան խոսել։
Ինչ-ինչ, բայց ԱԼՄ-ն, տիկնայք եւ պարոնայք, դուրս է ամեն տեսակի քննարկումներից։ Սակայն չեմ ուզում բացառել նաեւ այն փաստը, որ շատ դեպքերում այն իր թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերով փայլում է առավել հայեցի (ոչ լեզվամտածողությունը), քան մնացած կայաններից շատերը։
Եկեք վերադառնանք մի տասը տարի առաջ եւ փորձենք հասկանալ, թե ինչու հեռուստաեթերում «ապականվեց» մեր «ոսկեղենիկ» մայրենին, եւ որոնք են այդ ապականման պատճառները։
«Մեր Բակի», «Զսպանակների», «Ծո-ից Ծո-ների» ու նմանատիպ երգիծական տեսաժապավենների առկայությունը հայկական շուկայում պայմանավորված չէր ու չէ մեկ կամ երկու հոգու ճաշակով։ Ժամանակին մեծ ծիծաղ առաջացրած Խնկո-Ապոր խեղճ գառան ժամանակակից մեկնաբանությունն այնքան ցնցեց հանրությանը, որ ամեն «երգիծաբան» եւ KBH-շչիկ հասկացավ, որ վերջ, «կպել ա»։ Ու գնաց։ (Ինչպես կասեին մեր պարսկահայ բարեկամները՝ «Մե ծիծաղ, մե ուրախություն»)։
Սկսվեց մասսայական փսիխոզը։ Ով չալարեց ու մի քիչ լարեց միտքը` սկսեց փայլատակել հայկական հեռուստաեթերում իր «ժողովրդական», «ժիզնեննի» երգիծական մանրապատումներով։ Այսօր սակավաթիվ են այն հեռուստաընկերությունները, որ չունեն երգիծական հաղորդումներ, իսկ ով էլ չունի կամ ունեցածը էն չի, երազում է Հայկո-Մկո ունենալ։ Ով ցանկանում է իր ապրանքը իրացնել ներքին սպառման շուկայում, առաջին հերթին մտքում փայլատակում է խաղարկային «խնդալու» գովազդային հոլովակ։
Բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ոսկեղենիկ մայրենիի ճակատագրով, բոլոր նրանց, ովքեր քննադատում են Հայկո-Մկոներին, Արտյոմ-Արմեններին ու մնացած երգիծական զույգերին եւ անհատներին, խորհուրդ կտամ չմոռանալ, որ մենք ապրում ենք շուկայական հարաբերություններ ունեցող հասարակարգում (մեր մեծ ախպերն ա արդեն շուկայական հարաբերություններից խոսում ու գազը թանկացնում)։ Շուկայական հարաբերություններ, երբ պատվիրատուն իր արտադրանքը սպառում է «կուլտուրական կենդանիների» շրջանում։ Երբ գաղափարով մեծ ախպերների ծնունդը նշում է արձանների ներսում թե դրսում։ Երբ Ջակոնդիկները նախընտրում են «տվյորդի զնակ-ով» ռուսական օղին։ Երբ մեծատառով քաղցրավենիք են վաճառում ամեն քայլափոխի, տեր են կանգնում արտադրանքին եւ մեզ պարտադրում մեր «ընտրանքը»։ Ու դրանից հետո ձեռնարկում նոր «գովազդային արշավներ», ու նրանց արտադրանքը գտնում է իր սպառողին։ Շուկան զարգանում է։ Եվ որքան ծիծաղաշարժ են դառնում գովազդային հոլովակները, այդքան մեծանում են սպառման ծավալները։
Վաղամեռիկ ԽՍՀՄ-ն, իր փլուզմամբ, մեզ պարգեւեց ոչ միայն «ազատություն», այլեւ ազատ շուկայական հարաբերություններ, դավանանքի, խոսքի եւ նմանատիպ «եվրոպական արժեքների» ազատություններ։ Եվ մեր նորածին հասարակությունը սկսեց վայելել այդ ազատությունները։ (Չթվարկենք դրանց արտահայտման միջոցները, վերադառնանք լեզվին)։ Կարծում եմ, ամեն բան սկսվեց բենզինից։ «Հորս արեւ մաքուր բենզին»։ Այս բառակապակցությունը, տարբեր ձեւակերպումներով, 90-ականների սկզբին հանդիպում էր ամեն քայլափոխի։ Ու քանի որ հասարակությունն այլեւս ազատ էր իր արտահայտչամիջոցներում, սկսվեց պարզունակ գովազդը։ Գիքորները ողողեցին հայաստանյան մանր եւ միջին առեւտրի շուկան։ Շուկաներում աղաղակում էին` «Կասանդրայի բդիկներ», «Սպիռալով պանիր» եւ «Տրոպիկանկայի կարմրաթուշ պամիդոր»։ Ու հենց այս Գիքորներն էին, որ հարթեցին մերօրյա գովազդային գործակալների ճանապարհը, որ այսօր զանազան արտադրողների պատվերով «P.R. ծրագրեր» են մշակում եւ գրավում սպառողների հոծ զանգվածների։
Իսկ սպառողների հոծ զանգվածներն էլ, որ այլեւս ազատ էին ընտրության հարցում, ընտրեցին այն ամենն, ինչ առաջարկվեց իրենց լեզվով։ Եվ այստեղ ցավով պետք է նշել, որ մեր հասարակության մեծ մասը համապատասխանում է այն մակարդակին, որով գրավում են իրենց սպառողական սրտերը։
Ասում են` դիմացինի տկարությունից օգտվելն ու այն ի շահ օգտագործելը ստորություն է. հետեւաբար, այսօր ԶԼՄ-ների մեծ մասն ու հայրենական արտադրողները (որոնց զարգացմանը զարկ ենք տալիս մենք՝ սպառողներս) մեզ հետ վարվում են ստորաբար։
Հ.Գ. Իրականում հայաստանյան եթերում թե բովանդակային եւ թե լեզվամտածողության մեծ բաց կա։ Եվ չեմ վիճում բոլոր նրանց հետ, ովքեր պնդում են, որ լեզուն զարգանում է, եւ այսօր արդեն ստեղծվում է նոր հայերեն։ Եվ խոսել ու քննարկել այդ երկու մեծ թերացումները կարելի է անվերջ, բայց կարծում եմ, որ, նախ եւ առաջ, անհրաժեշտ է ուսումնասիրել այն օրենքները, որոնք կոչված են կարգավորելու այս ոլորտի գործունեությունը։ Եթե համապատասխան օրենքներ կան (գովազդի եւ լեզվի մասին), արդյո՞ք դրանք գործում են, եթե գործում են, ապա ի՞նչն է թերացման պատճառը, գուցե դրանք թարմացման կարի՞ք ունեն։