March of Dimes հասարակական կազմակերպության պատվերով աշխարհի 193 երկրներում ամերիկացի գիտնականներն անցկացրել են բնածին արատների տարածվածության վերաբերյալ հետազոտություններ: Դրանց արդյունքում պարզվել է, որ Հայաստանն այդ երկրների մեջ գրավում է 65-րդ տեղը: Ըստ բժշկական գիտությունների թեկնածու, գենետիկայի ոլորտի փորձագետ Ալբերտ Մովսիսյանի` ողջ աշխարհում հիմա գենետիկական հետազոտություններ են անցկացվում, քանի որ գենետիկան հնարավորություն է տալիս ախտորոշել ու այդպիսով խուսափել գենետիկական հիվանդություններից: Ըստ Մովսիսյանի` Հայաստանում այսօր թեեւ հնարավոր է ախտորոշել այդպիսի հիվանդությունների մի մասը, բայց հայ մասնագետները հնարավորություն չունեն ախտորոշելու գենային մի շարք հիվանդություններ: «Դրա համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: Մնում է հուսալ, որ եթե պետությունն ուշադրություն դարձնի այս ոլորտին, մենք այդ ցուցակում ավելի վեր կբարձրանանք»,- ասաց Մովսիսյանը:
Նշենք, որ Վրաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 73-րդ տեղը, Թուրքիան` 147-րդ, Ադրբեջանը` 154-րդ, Իրանը` 157-րդ, Ռուսաստանն այդ ցուցակում 5-րդն է` 10.000-ից բնածին արատներ ունեն 429-ը: