ՕԵԿ-ը գտա՞վ իր թեկնածուին

04/02/2006

Մեր աղբյուրների հավաստմամբ, «Օրինաց երկիրը» վերջապես գտել է այն մարդուն, որը կկարողանա առաջիկա մեկ տարում` մինչեւ 2007թ. ԱԺ ընտրությունները, «անշառ» ղեկավարել Մշակույթի նախարարությունը: ՕԵԿ-ի ընտրությունը կանգ է առել «Հայֆիլմի» գլխավոր տնօրեն Գեւորգ Գեւորգյանի թեկնածության վրա, որի անունն էլ ուղարկել են նախագահական: Գ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն կոնկրետ առաջարկ չի եղել, սակայն 15-20 օր առաջ իրեն հրավիրել են ՕԵԿ ու մի քանի հարց տվել, իսկ ինքն էլ չի հետաքրքրվել, թե ինչու են իրեն նման հարցեր տալիս: «Ինձ Արթուր Բաղդասարյանը չի հանդիպել, մի քանի այլ կուսակցականներ էին, սակայն հարցեր տալուց բացի` ինձ որեւէ առաջարկ չեն արել»,- ասաց նա: Առայժմ Գ. Գեւորգյանը չի մտածել` կգնա՞ այդ պաշտոնին, թե՞ ոչ, քանի որ, ինչպես նա նշեց, այսօր ինքը ոչ ֆինանսական խնդիր ունի, ոչ էլ` աշխատանքի: «Ինձ Գաֆեսճեանը բավական բարձր աշխատավարձ է տալիս, այնքան բարձր, որ ես որեւէ այլ բանի մասին այսօր չեմ մտածում: Ինձ միայն կարող է մշակույթի այսօրվա աղետալի վիճակը ստիպի գնալ նման քայլի»,- ասաց նա: Գ. Գեւորգյանը նաեւ նշեց, որ եթե իրեն նման առաջարկ լինի, ապա ինքը որոշ պայմաններ կառաջարկի, որոնց թվում կլինի նաեւ մշակույթի նախարարի պաշտոնը չքաղաքականացնելը: Քանի որ ՕԵԿ-ը բոլորի առջեւ, մինչեւ որեւէ պորտֆել հանձնելը, պայման է դնում ՕԵԿ-ական դառնալ, ուստի Գ. Գեւորգյանից հետաքրքրվեցինք` նման առաջարկ իրեն արվե՞լ է, թե՞ ոչ, կամ առաջարկվելու դեպքում ինքն ինչպե՞ս կվարվի: «Ես անկուսակցական եմ, եւ չեմ էլ պատրաստվում որեւէ կուսակցության անդամագրվել: Դա միանշանակ է»,- ասաց նա: Ի դեպ, Գ. Գեւորգյանը գտնում է, որ այսօր, երբ «ծառը, մեր թթվածինը կտրում են` տեղը դեղատուն են սարքում, որ մի պարկ դեղ առնենք-բուժվենք», շատ դժվար է լինելու մշակույթ վերականգնելը:

Լ.Ս.