Իրանն ուզում է, բա Հայաստա՞նը

04/02/2006

«Թեհրանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ խողովակաշարի կառուցմամբ»: Այս մասին Թեհրանում երեքշաբթի օրը մեկնարկած Հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում հայտարարել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Դավուդ Դանեշ-Ջաֆարին:

«Իրանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազատարի շինարարության շուտափույթ ավարտմամբ եւ հատուկ սարքավորումների մոնտաժով, եւ հույս ունի, որ գազամուղը շահագործման կհանձնվի 2007թ. հունվարին: Թեհրանը եւ Երեւանը շահագրգռված են նաեւ գազային ՋԷԿ-ի, բարձր լարման էլեկտրագծերի եւ էլեկտրական ենթակայանի, ինչպես նաեւ` Նուրդուզում սահմանային տրանսպորտային տերմինալի կառուցման ծրագրերով»,- ըստ ԻՐՆԱ գործակալության, ասել է իրանցի նախարարը՝ նշելով, թե ծրագրերն իրականացվելու են հայ եւ իրանական ընկերությունների համատեղ ջանքերով:

Դավուդ Դանեշ-Ջաֆարի խոսքերով, Իրանը շահագրգռված է եւ կաջակցի, որ Հայաստանը միանա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիմնական համաձայնագրին: Մնում է, որ դրանում շահագրգռված լինեն նաեւ Հայաստանի իշխանությունները: