Շատերը նույնիսկ հույս ունեն, թե 2006-ին վերջապես կհաջողվի կարգավորել ԼՂ հարցը, կամ առնվազն այդ հարցի կարգավորման բանակցություններում բեկում կլինի: Հետաքրքիր է, որ նման լավատեսական հայտարարություններ արվում են հիմնականում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Սակայն պետք է նկատել, որ անցնող տարիներին մեկ անգամ չէ, որ հայտարարություններ են հնչել զանազան «պատուհանների» մասին, այն մասին, որ կողմերը շատ մոտ են խնդրի կարգավորմանը, եւ հարցի վերաբերյալ ուր որ է փաստաթուղթ կստորագրվի: Նման իրավիճակ է նաեւ այս օրերին: Նորամուծությունն այս անգամ այն է, որ նշվում է բանակցային սեղանին դրված փաստաթղթի ծավալը` մեկ էջ: Սակայն փաստ է, որ մինչ օրս խնդրի վերաբերյալ հակամարտող կողմերի ստորագրած միակ փաստաթուղթը զինադադարի վերաբերյալ 1994-ի բիշքեկյան համաձայնագիրն է, եթե չհաշվենք այն, որ 2001-ին, Եվրոպայի խորհրդին (ԵԽ) անդամակցելիս, Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Միեւնույն ժամանակ պետք է նկատել, որ ԼՂ հարցի կարգավորման հեռանկարների վերաբերյալ մեր երկրում որեւէ բանավեճ այդպես էլ տեղի չի ունենում: Իշխանություններին այլընտրանք դառնալու հավակնություններ ունեցող ընդդիմադիրները պարզապես խուսափում են անդրադառնալ ԼՂ հարցին եւ խնդրի կարգավորման վերաբերյալ ներկայացնել իրենց մոտեցումները: Իշխանությունները դա բացատրում են այդ մոտեցումների բացակայությամբ, այսինքն` այսօր ԼՂ հարցն օգտագործվում է զուտ քարոզչական նպատակներով. իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են ծրագիր չունենալու մեջ, ընդդիմությունն էլ իր հերթին իշխանությանը մեղադրում է ԼՂ հարցը ձգձգելու միջոցով իշխանությունը պահելու մեջ: Եվ ընդամենը: Սակայն երեկ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին Մամուլի Ազգային ակումբում անդրադարձավ Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ փորձեց ներկայացնել ԼՂ հարցի` իր պատկերացրած լուծումը: Հ. Հովհաննիսյանը նախ որպես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար կարծիք հայտնեց, որ քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա չլուծված կոնֆլիկտ, ԵԽ-ում եւ միջազգային կառույցներում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զուգահեռները միշտ կգնան», այսինքն` չի լինի այնպես, որ, ասենք, Ադրբեջանի պատվիրակության մանդատները ԵԽ-ում չհաստատեն, իսկ Հայաստանի պարագայում հակառակն անեն: Հ. Հովհաննիսյանի կարծիքով` փետրվարի 10-ին Ֆրանսիայում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը «շատ վերջնական եւ ճակատագրական չի լինի»: ՀԱԱԿ ղեկավարը նկատում է, որ համանախագահ երկրները, մանավանդ` Ֆրանսիան, այդ հանդիպման հետ բավականին հույսեր են կապում: «1998-ի իշխանափոխության խնդրում Ժակ Շիրակը բավականին լուրջ դեր ուներ: ԼՂ խնդրի կարգավորման հարցում նա Հայաստանի կուրատորն էր եւ որոշ լուրջ պարտավորություններ ուներ,- առանց մանրամասնելու ասաց Հ. Հովհաննիսյանն ու ավելացրեց,- Շիրակի համար ԼՂ խնդրի կարգավորումը համարվում է իր քաղաքական կարիերայի ավարտի պսակը: Նա այդպես է մտածում եւ փորձում է իր գործողություններն այդպես տանել»: Պրն Հովհաննիսյանի համոզմամբ` եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը դատապարտված են լուծել ԼՂ հարցը: Մյուս կողմից էլ` ՀԱԱԿ ղեկավարի խոսքերով` ԼՂ խնդիրը պետք է վաղուց լուծվեր: «Ամեն ինչ գին ունի, նաեւ` ԼՂ հարցը: Հայ ժողովուրդը Ղարաբաղի համար մեծ գին է տվել, ահավոր մեծ գին է տվել, եւ կարծում եմ, որ արժեր այդ գինը տալ»,- ընդգծում է նա, ավելացնելով, թե այս ամբողջ գործընթացների արդյունքում ի վերջո Հայաստանը դուրս մնաց աշխարհի քարտեզից, այսինքն` մենք մեր ապագան էլ դրեցինք հարվածի տակ: Եվ հիմա, ըստ նրա, քանի որ իշխանությունների վրա ներքին ճնշումները շատ թույլ են, իշխանությունները Ղարաբաղի խնդրի լուծումն ուղիղ կապում են իրենց` աթոռին մնալու հետ: Իսկ ներքին ճնշումներն, ըստ բանախոսի, թույլ են, քանզի խանգարում են «նեղ ազգային ամբիցիաները»: Իսկ ինչպե՞ս է ՀԱԱԿ ղեկավարը տեսնում ԼՂ հիմնախնդրի լուծումը: Նրա խոսքերով` նախ ԼՂ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցություններով, ընդ որում, ՀԱԱԿ ղեկավարը դարձյալ ընդգծում է, որ այն պետք է ավելի վաղ լուծվեր, քանզի այն գինը, որ մենք վճարեցինք Ղարաբաղի հարցի լուծման ձգձգման համար, «ադեկվատ արժեք չուներ»: Այնուհետեւ ՀԱԱԿ ղեկավարի խոսքերից պարզ դարձավ, որ ըստ նրա` խնդրի լուծման առաջնային պլանում չպետք է դրվի ԼՂ կարգավիճակի հարցը: Անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորման համատեքստում տարածաշրջանում խաղաղարար ուժերի հնարավոր հայտնվելուն` Հ. Հովհաննիսյանը նկատում է, որ այդպիսով տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության լուրջ փոփոխություն կլինի: «Տարածաշրջանում երկու ուժային կոնտինգենտների` խաղաղապահ ուժերի եւ ռուսական բազաների միջեւ պայքարը կսրվի ու դրանցից մեկը դուրս կմղվի: Ես վստահ եմ, որ դուրս կմղվեն ռուսական բազաները, եւ կարծում եմ, որ դա ճիշտ կլինի»,- իր ասելիքն այսպես եզրափակեց պրն Հովհաննիսյանը:
Մի խոսքով, կարելի է փաստել, որ երեկ Հ. Հովհաննիսյանն այդպես էլ կոնկրետ չներկայացրեց ԼՂ հարցի` իր պատկերացրած լուծումը։