Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բազմաթիվ հարցերի, որոնցից մեզ համար կարեւորագույնն, անկասկած, տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման արձանագրումն է։ Վլադիմիր Պուտինը մասնավորապես հայտարարել է, թե Կոսովոյի ապագա կարգավիճակը որոշելիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է առաջնորդվի համընդհանուր (ունիվերսալ) սկզբունքներով, եւ չի կարելի որեւէ առանձին հակամարտության նկատմամբ «բացառիկ» մոտեցում ցուցաբերել։
Նախ հիշեցնենք, թե ինչի մասի է խոսքը։ Կոսովո երկրամասն իրավաբանորեն գտնվում է Սերբիայի կազմում, որն իր հերթին Չեռնոգորիայի հետ միասին կազմում է ժամանակակից Հարավսլավիան։ Բայց Կոսովոն, որի բնակիչները հիմնականում էթնիկ ալբանացիներ են, ձգտում է լիակատար անկախության եւ ներկայումս փաստացի անկախ պետություն է։ Ավելին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձեւով Կոսովոն դուրս է բերվել Սերբիայի կազմից եւ ներկայումս Հարավսլավիայի կազմում է (այսինքն` Հարավսլավիան արդեն ոչ թե երկու, այլ երեք հանրապետությունների դաշնություն է)։ Ներկայումս Կոսովոյի անվտանգությունն ապահովում են ՆԱՏՕ-ի ուժերը, իսկ առաջիկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է վերջնականապես որոշի Կոսովոյի կարգավիճակը։ Ընդ որում, ակնհայտ է, որ Արեւմուտքը ձգտում է լիակատար անկախություն տալ Կոսովոյին եւ դրանով իսկ վերջնականապես խարխլել Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, որովհետեւ Սերբիան ավանդաբար համարվում է Ռուսաստանի ամենահուսալի «Ֆորպոստը» Արեւելյան Եվրոպայում։ Հենց սա է պատճառը, որ Ռուսաստանն ակտիվորեն դիմադրում է Կոսովոյի անկախությանը, իսկ Վլադիմիր Պուտինն ուղղակի հայտարարում է, թե Կոսովոյի անկախությունը ճանաչելու դեպքում պետք է ճանաչել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։
Ակնհայտ է, որ այս «համընդհանուր սկզբունքների» հստակեցումն ուղղակիորեն առնչվում է նաեւ ղարաբաղյան խնդրին։ Փաստորեն, Ռուսաստանը կողմնակից է, որ բոլոր հակամարտությունները կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքով, իսկ Արեւմուտքը «տարբերակված մոտեցումների» կողմնակից է։ Իհարկե, ցանկության դեպքում կարելի է «տարբերակված մոտեցումներն» անվանել նաեւ «երկակի ստանդարտներ» (ակնհայտ է, որ Արեւմուտքն իր դաշնակիցների նկատմամբ այլ մոտեցում ունի, Ռուսաստանի «ֆորպոստների» նկատմամբ` այլ), բայց խնդրի էությունը դրանից չի փոխվում։
Էականն այն է, որ այս հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները մեծ հաշվով տրամագծորեն հակադիր են։ Մենք պիտի ամեն կերպ ձգտենք, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչի Կոսովոյի անկախությունը, որովհետեւ դա կդառնա միջազգային նախադեպ, եւ տեսականորեն հնարավոր կլինի ակնկալել, որ միջազգային հանրությունը երբեւէ կճանաչի նաեւ Ղարաբաղի անկախությունը։ Այլ կերպ ասած, Հայաստանը պիտի ամեն կերպ ձգտի, որ Կոսովոյի հարցում Ռուսաստան-Արեւմուտք առճակատումն ավարտվի Ռուսաստանի պարտությամբ։
Մինչդեռ Ռուսաստանը նույնիսկ չի էլ փորձում թաքցնել իր խաղաքարտերը։ Ռուսներն, իհարկե, գերադասում են «ֆորպոստ» ունենալ ոչ թե Հարավային Կովկասում, այլ Եվրոպայի կենտրոնում, եւ գրեթե բացահայտորեն հասկացնում են, որ եթե Սերբիայի տարածքային ամբողջականությունը պահպանվի, Ռուսաստանն այլեւս չի աջակցի Աբխազիային եւ Հարավային Օսիային։ Ղարաբաղի պարագան փոքր-ինչ այլ է։ Ղարաբաղն ամեն դեպքում թիկունքում անկախ պետություն ունի եւ տեսականորեն կարող է մի կերպ դիմանալ նաեւ առանց Ռուսաստանի։
Ստացվում է, որ առաջիկայում Հարավային Կովկասում դերերը կարող են փոխվել։ Այսինքն, այս հարցում Վրաստանն ու Ադրբեջանը կարող են դառնալ Ռուսաստանի «ֆորպոստը», իսկ Հայաստանը կարող է կտրուկ թեքվել դեպի Արեւմուտք։ Համենայն դեպս, Հարավային Կովկասի պետությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցը փաստորեն որոշվում է Ռուսաստան-Արեւմուտք «մեծ խաղի» համատեքստում։ Խաղ, որի առանցքն այս պահին Կոսովոն է։