Թռչնագրիպի մասին վերջին օրերին քիչ են խոսում։ Պատճառը ցուրտ եղանակն է։ Այդ վարակի վերջին օղակը Թուրքիայի արեւելյան նահանգներն էին, ուր արդեն 10 օր է օդի ջերմաստիճանը ռեկորդային ցածր է։ Մինուս 30 աստիճանի հասնող ցուրտը լրատվամիջոցների հաղորդագրությունից ջնջեց թռչնագրիպի մասին լուրերը։ Դա արդեն առողջապահական հիմնարկների խնդիր չէ։ Համաճարակաբանները մինչեւ գարուն շունչ քաշելու ժամանակ ստացան։ Եվ արդեն հնարավոր է հաշվարկել համաճարակի վախով պայմանավորված հասարակական խուճապի տնտեսական հետեւանքները։ Հատկապես, որ տնտեսությունն առայժմ միայնակ է այդ խուճապի դեմ։ Թռչնաբուծությունը` որպես տնտեսության ոլորտ, Հայաստանում կայացավ 90-ականների վերջին։ Մինչ այդ մեր շուկան ողողված էր ամերիկյան մայրցամաքից ներմուծված թռչնամսով (հանրահայտ` Բուշի տոտիկները), պարսկական ու թուրքական հավկիթներով։ 90-ականների սկզբից Հայաստանի թռչնաբուծական բոլոր խոշոր տնտեսությունները միանգամից սնանկացան։ Գյուղացիական անհատական տնտեսություններն ի վիճակի չէին բավարարելու թռչնամսի եւ ձվի պահանջարկը։ 1998թ., երբ արդեն ակնհայտ էր, որ էներգետիկ ճգնաժամը հաղթահարված է, հայտնվեցին թռչնաբուծական ֆաբրիկաների առաջնեկները։ Հետագա տարիների ընթացքում տնտեսության այս ոլորտը զարգանալով դարձավ արտահանման ուղղվածություն ունեցող։ Պաշտոնական տվյալներով` թռչնաբուծական առեւտրային կազմակերպություններում թռչնի մսի արտադրությունը 99թ. համեմատ ավելացել է 41 անգամ, ձվի արտադրությունը` մոտ 5 անգամ։ Նույն պաշտոնական տվյալներով` այսօր երկրում օգտագործվող թռչնամսի 80-85 տոկոսը մատակարարում են թռչնաբուծական ֆաբրիկաները։ Գյուղացիական տնտեսությունների մասնաբաժինն ընդամենը 15-20 տոկոս է։ Սպառվող հավկիթի 50 տոկոսը եւս արտադրվում է թռչնաֆաբրիկաներում։ Անընդհատ ընդլայնվող այս ոլորտը 2005-ի վերջին սարսափելի հարված կրեց։ Խոսքը թռչնագրիպի մասին չէ։ Այլ` դրա սպասման արդյունքում ձեւավորված հասարակական խուճապի։ 2000թ. հետ համեմատած թռչնի գլխաքանակը Հայաստանում աճել է մոտ 4 անգամ։ Արտադրական ձեռնարկությունների համար այդ գլխաքանակը գլխացավանք է դարձել։ Դեկտեմբերին թռչնամսի սպառումը կրճատվեց մոտ 3 անգամ։ Տնտեսության այս ոլորտին չօգնեց անգամ նախատոնական մեծ առեւտուրը։ Թե՛ արտադրողների, թե՛ խանութպանների կարծիքով` 2006-ն ավելի դաժան է։ Ո՛չ բնակչությունը, ո՛չ հասարակական սննդի օբյեկտները հունվարին համարյա թռչնամիս չեն գնում։ Թուրքիայի հետ սահմանակից գյուղերի, քաղաքների արվարձաններում հավ եւ այլ թռչուն պահող մենատնտեսները մորթել են իրենց ողջ գլխաքանակը։ Նրանց սառնարաններում այլ մթերք պահելու տեղ պարզապես չկա։ Դեկտեմբերի վերջին Երեւանյան շուկաներում գյուղական հավը վաճառվում է անհավանական ցածր գնով` 250-500 դրամ։ Թուրքիայից հնարավոր վարակի ներթափանցումից վախեցած սանիտար բժիշկներն արգելում էին թռչնամսի վաճառքը։ Արտադրական խոշոր ձեռնարկությունները եւս գնացին այս ճանապարհով։ Ինչպես օրինակ «Արզնի» թռչնաֆաբրիկայում գլխաքանակը նվազեցվեց այնքան, որ խնամքը եւ հնարավոր համաճարակի վտանգը հասցվի նվազագույնի։ Սակայն ի տարբերություն մենատնտեսների, խոշոր ֆաբրիկաները չեն կարող մորթել ու սառնարաններում պահեստավորել ամբողջ գլխաքանակը։ Այդքան սառնարան ոչ մի տնտեսություն չունի։ Երկրորդ` պահպանման ծախսերը հիմնավորված չեն, որովհետեւ պարզ չէ, թե երբ կհաղթահարվի խուճապը։ Ամենածանր վիճակը ստեղծվել է հավկիթի իրացման ոլորտում։ Ձուն պահեստավորելը եւս ծանր` տեխնիկապես համարյա անլուծելի խնդիր է։ Անցած շաբաթ արտադրողները ստիպված եղան նվազեցնել գները։ Հավկիթի գինը շուկայում նվազել է միջինը 15 տոկոսի չափով։ Այս «ակցիան» դեռեւս տնտեսական հետեւանքներ չունի։ Ինչպես Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրենի հրապարակային ակցիան։ Թռչնաբուծությամբ զբաղվող սեփականատերերին պետությունն առայժմ որեւէ ակցիայով չի աջակցել։ Մեկ-երկու հրապարակային ելույթում Հայաստանում թռչնագրիպի գոյությունը բացառել է գյուղատնտեսության նախարարը։ Թուրքիայում, ուր այդ վարակն արձանագրվեց, պետությունը մասնավորին` ֆերմաներին, գյուղացիներին կոչ արեց հանձնել տնտեսությունում առկա թռչունները։ Պետությունը մեկ հավի դիմաց վճարում էր 4 դոլար, հնդկահավի դիմաց` 10 դոլար։ Սա, իհարկե, ծայրահեղ քայլ էր, բայց հասարակայնորեն արդարացված։ «Արզնի» թռչնաֆաբրիկայի սեփականատերը եւս իր աշխատակիցներին կոչ էր արել մորթել տնային տնտեսություններում ունեցած գլխաքանակը` խոստանալով համաճարակի վտանգի հաղթահարումից հետո նրանց համապատասխան քանակով թռչուն տրամադրել։ Սեփականատերերի այս ձեռնարկները հասարակական անհրաժեշտ ընկալման չեն արժանանում։
Երկրում թռչնագլխաքանակի անկումն անցանկալի է, ոչ թե այն պատճառով, որ կսնանկանան մի քանի տասնյակ գործարարներ, աշխատատեղեր կկորցնի մի քանի հազար մարդ։ Տնտեսության, ավելի ճիշտ` սնունդ արտադրության մի ոլորտ կանգնած է լուրջ հարցերի ու հարցականի առջեւ։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում թռչնագլխաքանակը մոտ 2 մլն 300 հազար է։ Եվ դրա կեսը խոշոր տնտեսություններում է, կեսը` անհատական գյուղացիական։ Գլխաքանակի անկումը տնտեսական լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։ 1998թ., երբ ներքին շուկայում տեղի ունեցավ խոզի մսի գնի անկում` խոզաբուծությունը գյուղացու համար դարձավ անեկամտաբեր։ Պետությունը ոչ մի քայլ չձեռնարկեց։ Արդյունքը եղավ այն, որ գյուղացու կազմակերպած «մեծ» մորթից հետո մինչեւ հիմա էլ այդ մսամթերքը բարձր գին ունի, իսկ խոզաբուծությունը զարգանում է տարերայնորեն։ Երբ խոսվում է գյուղատնտեսության որեւէ ոլորտում պետության աջակցության մասին, Գյուղնախարարությունն անմիջապես արձագանքում է` նշելով, որ համապատասխան միջոցներ չկան։ Մինչդեռ խոսքն առաջին հերթին ոչ թե ֆինանսական աջակցության մասին է, այլ` խորհրդատվական։