Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքը մոտ 5500 բնակչություն ունի: Ունի նաեւ քաղաքապետարան, ոստիկանություն, կադաստրի, պետռեգիստրի, ջրմուղի, էլեկտրացանցերի եւ նման մի քանի այլ կառույցների շրջանային բաժիններ, դպրոց, հիվանդանոց, մանկապարտեզ եւ ամենակարեւորը՝ բնական գազ: Ունի էլի ինչ-որ բաներ, որոնք հատուկ են քաղաք կամ շրջկենտրոն կոչվող բնակավայրերին: Բայց անունով Նոյեմբերյան քաղաքը հեռու է քաղաք լինելուց:
«Սա ի՞նչ քաղաք է: Քաղաքի փողոցները ասֆալտած են լինում, տները սիրուն են լինում, սիրուն ու մեծ խանութներ են լինում, պապաները գնում են աշխատանքի ու փող են բերում: Մամաները բալիկներին կարուսել են տանում: Խի քաղաքի հենց կենտրոնում կո՞վ են պահում: Մամաս ինձ Երեւան տարել է, ես տեսել եմ քաղաքը»,- քաղաքի մասին այսպիսի պատկերացում ուներ վեցամյա Կարենը:
Կարենն ինչ-որ չափով ճիշտ էր, որովհետեւ Նոյեմբերյանում պապաներն ու մամաները հիմնականում գործազուրկ են: Վերը թվարկած հիմնարկներից ու մոտ մի տասնյակ խանութներից բացի` այստեղ աշխատանք ապահովող այլ հիմնարկներ չկան: Անգործ են հատկապես շրջանի երիտասարդները, որոնցից շատերն արտագնա աշխատանքի չեն կարողանում գնալ, որովհետեւ տոմսի փող չեն ճարում:
Նոյեմբերյանցիների ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն ու հողագործությունն է: Ովքեր մի քանի կով ու որոշ չափով հող ունեն, կարողանում են ապրել, իսկ ովքեր էլ որ ընդհանրապես անասուն չունեն, կամ էլ ընդամենը մի կով ունեն, ծայրը ծայրին չեն կարողանում հասցնել: Իսկ մեկ կով պահելն այնքան էլ ձեռնտու չէ, որովհետեւ Սոցապ նախարարությունում դա հաշվի են առնում որպես եկամտի աղբյուր եւ ընտանիքը նպաստից զրկում են: Նպաստ ստանալու համար ընտանիքներից շատերն իրենց միակ կովը վաճառել են, իսկ ովքեր էլ որ նոր են գնել, կրակն են ընկել: Որոշ դեպքերում ստացվում է, որ նպաստ ստանալը մեկ կով պահելուց հարմար է: Հողագործության համար էլ տարին գիտի: Նոյեմբերյանի տարածաշրջանի հողերը հիմնականում անջրդի են, եթե երաշտ չեղավ, ուրեմն բերք կլինի: Մյուս կողմից էլ` առատ բերքն է նոյեմբերյանցիների համար գլխացավանք դառնում: Մայրաքաղաքից ու մյուս քաղաքներից հեռու ապրող գյուղացին չի կարողանում վաճառել ստացած բերքը: Եվ ստացվում է, որ Նոյեմբերյանը Հայաստանի ամենաաղքատ բնակավայրերից է:
Խաչիկ եւ Լենա Ամիրաղյաններն ունեն երեք անչափահաս երեխաներ: Նրանցից մեկը հիվանդ է, սակայն միջոցներ չունենալու պատճառով` ծնողները նրան չեն կարողանում հիվանդանոց տանել: Նրանք չեն աշխատում: Անցած տարի «Հայգյուղփոխբանկից» վարկ են վերցրել ու մի կով առել: Վարկը մեծ դժվարությամբ են կարողանում մարել, որովհետեւ կովի պատճառով զրկվել են նպաստից: Եկամուտ ստանալու ուրիշ աղբյուր չունեն: Տիկին Լենան մտածում է՝ եթե չկարողանան վարկը մարել, կովը կծախեն: Նրանց նման վարկով կով է առել եւ նպաստից զրկվել է նաեւ Անանյան Գիգոլի ընտանիքը: Նրանք էլ գործազուրկ են եւ ունեն չորս երեխաներ: Երկրորդ ընտանիքի մայրը՝ Կարինեն, իրենց վիճակն ավելի ծանր է համարում այն պատճառով, որ 1997թ. երկրաշարժից տունը վթարային է դարձել: Պատերի ճեղքերը մատի հաստություն ունեն: Պետությունը դրա համար փոխհատուցում չի տվել:
Մենք պատահական մի քանի տուն էլ մտանք եւ հայտնաբերեցինք, որ այդ ընտանիքներում էլ վիճակը գրեթե նույնն է: Ասատրյան Սուսաննայի ամուսին Արշակը հովիվ է: Տիկին Սուսաննան պատմում է, որ նախանցած տարի ամուսնու մոտից հանդից մոտ 100 ոչխար են գողացել: Գործը գտնվում է Ոստիկանությունում: Գողերին չեն կարողացել հայտնաբերել, եւ կորած ոչխարների «ջառմեն» մնացել է Արշակի վրա:
«Հիմա ամուսինս նոյեմբերյանցի մի ունեւոր ընտանիքում ամիսը 15.000 դրամով անասնապահ է աշխատում,- ասում է Սուսաննան: -Ամեն ամսվա փողով փակում է կորած ոչխարներից մեկի պարտքը: Մի ոչխարի համար մեկը 15.000 դրամ է ուզում, մյուսը՝ 18.000: Իմ էրեխեքն էլ ամբողջ օրը սոված-ծարավ տանը նստած են: Վախենում ենք նույնիսկ իրիկունները լույս վառել, փող կգրի՝ կգան կանջատեն»:
Տիկին Սուսաննայի ասելով` գողության գործը կփակվի, երբ իրենք կարողանան բոլոր ոչխարների համար հատուցել: Նոյեմբերյանի ոստիկանությունում այս դեպքի մասին չհիշեցին եւ մեզ էլ խորհուրդ տվեցին տիկնոջ ասածներին չհավատալ: Իմիջիայլոց, նոյեմբերյանցիները հակված են կարծելու, թե այդ անասնագողությունները կազմակերպում են տեղի «հեղինակությունները»: Նրանք սահմանից այն կողմ՝ ադրբեջանցիների հետ կապեր ունեն եւ գողոնը տեղափոխում ու վաճառում են Հայաստանից դուրս: Հավանաբար այդ պատճառով էլ Ոստիկանությունը հակված չէ հայտնաբերել գողերին կամ հիշել նման դեպքերը: Իսկ Ասատրյանների յոթ հոգանոց ընտանիքի ապրուստի միջոցը մնացել է տատի ու պապի թոշակը: Դեռ քանի՞ տարի պետք է աշխատի Արշակը, որ կարողանա այդ ոչխարների պարտքերը փակել: Սուսաննան նույնպես գնում է հարեւանների տուն գործ անելու, որպեսզի մի քիչ գումար աշխատի:
Աղքատության պատճառ կարելի է համարել նաեւ այն, որ բնակավայրն Ադրբեջանին սահմանակից է ու պատերազմ է տեսել: Հավանաբար Ադրբեջանին սահմանամերձ լինելու եւ պատերազմի վերսկսման վտանգն է պատճառը, որ այստեղ մասնավոր ներդրումներ չկան: Տեղացիներն ասում են, որ ռուսաստաններում իրենք շատ մեծահարուստներ ունեն, որոնք եթե ուզենան, կարող են գալ ու գյուղմթերքի վերամշակման գործարաններ բացել:
«Բայց չեն գալիս, որովհետեւ Ադրբեջանը հրեն հան է,- ասում է տեղացի Կամոն: -Պետությունն էլ չի մտահոգվում մեզանով, գոնե մի երկու ծրագիր բերեր իրականացներ: Հեն ա, մթամ ջուր են քաշում: Էն գլխից գումարների 50 տոկոսն ուտում են, ու ծրագիրը տեղ չեն հասցնում, լավագույն դեպքում` էնքան են ձգում, որ գյուղացին հալից ընկնում է: Սահմանամերձ տեղ է, փոխանակ գործարաններ ու աշխատատեղեր բացեն, գյուղացուն իր տանն ու հողին կապեն, որ չփախնի, ում ձեռն ինչ ընկնում է, իր գրպանն է տանում: Բա չէ՞ որ Նոյեմբերյանին Հայաստանի հյուսիսային դարպաս են ասում»:
Տեղացիների վիճակն ավելի ծանրացավ, երբ Վրաստանի կողմից փակվեց Բագրատաշենի (Սադախլո) շուկան: Շատ ընտանիքների ապրուստի միակ հնարավորությունն այդ շուկան էր: Տեղացիները կամ առեւտրով էին զբաղվում, կամ էլ շուկայում բեռնակրություն ու բանվորություն էին անում:
Իսկ սարերի մեջ ծվարած այս բնակավայրին տեղական իշխանությունները չեն կարողանում օգնել, նրանք գիտեն, որ բնակչությունը շատ աղքատ է, բայց. «Իմ բյուջեն ինչքա՞ն է, որ ես կարողանամ գործ անել,- ասում է քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը: -Էղածի մեծ մասն էլ աշխատավարձերի վրա է գնում»:
Հանրապետական մասշտաբի պաշտոնյաներն ընտրությունից ընտրություն են հիշում: Նրանք գալիս մեծ-մեծ խոստումներ են տալիս, հուսադրում են, որ լավ կլինի ու գնում են: Ճիշտն ասած, նոյեմբերյանցիներն այլեւս նրանց լուրջ չեն ընդունում:
«Իի՜, – ասում է տիկին Լուսյան: -Սկի ոչ էլ վիրեւ ենք բարձրանում, որ լսենք, թե ինչ են ասում: Նրանք էլ ի՞նչ կարան մեզ անեն»: