Աղմկահարույց գործեր չե՞ն եղել

04/02/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

2006թ. հունվարի 27-ին իր աշխատասենյակում իրեն ամրակցված ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով ինքնասպանություն էր կատարել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնական ՀՀ դատախազության համակարգում 25 տարուց ավելի աշխատած Արշակ Կարախանյանը։

Հաջորդ օրը ՀՀ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որ Ա. Կարախանյանի աշխատանքային համակարգչում հայտնաբերվել են վերջին օրերին նրա կողմից գրված բանաստեղծություններ, երկտողեր, մեկը` ուղղված ընտանիքի անդամներին, մյուսը` ընկերներին, եւ որ վերջին ժամանակներս ոչ մի աղմկահարույց գործ, ինչպես նրա, այնպես էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Դատախազության կողմից չի քննվել։ Սակայն մեր աղբյուրների հավաստմամբ` 2005-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցվել, քննվել եւ բացահայտվել են այնպիսի քրեական գործեր, ինչպիսիք են սպանություններ, անչափահաս տղա երեխաների նկատմամբ կատարված անառակաբարո գործողություններ, ավազակային հարձակումներ եւ այլն։ Իսկ նման հանցագործությունները հասարակությունը միշտ էլ համարել է աղմկահարույց, ինչպիսին կատարվել էր 2005-ի ապրիլի 4-ին, երբ զինված հանցագործը իր մոտ եղած ատրճանակի ողջ պահունակը դատարկել էր 1971թ. ծնված Բագրատ Գասպարյանի վրա։

2005թ. ապրիլի 4-ին, առավոտյան ժամը 06:50-ի սահմաններում Մալաթիայի հիվանդանոցից Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ կրծքավանդակի, ոտքի, որովայնի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել Հ/Ա զանգված Բ2 թաղամասի 62 շենքի 45 բնակարանի բնակիչ, 1971-ին ծնված Բագրատ Գասպարյանին: Պարզվել է, որ Բ. Գասպարյանն աշխատում է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, որպես Անվտանգության ծառայության աշխատակից: Վերջինիս մարմնի վրա առկա էր հրազենային 7 վնասվածք: Նույն օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Դատախազությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (այն է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան 1/3-ի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով):

Հանցագործությունը բացահայտելու համար Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի կողմից ստեղծվում է օպերատիվ քննչական խումբ` կազմված դատախազության եւ Ոստիկանության օպերատիվ աշխատակիցներից: Մալաթիա-Սեբաստիա դատախազությունից քննչական խմբի մեջ ներգրավում են Արշակ Կարախանյանին, որն, ի դեպ, համարվում էր Հրազդանի նախկին Դատախազ, այն ժամանակվա ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպան , ներկայումս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի հովանավորյալը, եւ ժամանակին, որպես դատախազության քննիչ, Հրազդանում աշխատել է Գ. Դանիելյանի հետ:

Մեր տեղեկություններով` 2005թ. ապրիլի 11-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը, նախաքննության շահերից ելնելով, հարուցված քրեական գործի հետ կապված` հարցաքննության է հրավիրում «ծանուցագրով», ինչն, ի դեպ, երբեմն չի կատարվում սովորական քաղաքացիներին Դատախազություն հրավիրելիս: Ծանուցագրով հարցաքննության է հրավիրվել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի տղան` Դավիթ Մանուկյանը: Շուրջ երեք ժամ Դ. Մանուկյանը հարցաքննվում է, ինչն անհանգստացնում եւ զայրացնում է Ա. Մանուկյանին, որն էլ դիմում է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, ինչից հետո նախաքննությունը դադարեցվում է, իսկ հարուցված քրեական գործը տեղափոխվում է Երեւան քաղաքի դատախազության վարույթ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության աշխատակիցներին անհասկանալի է թվում տեղափոխման հանգամանքը, որն ավելի շատ զարմացրել էր այն ժամանակվա համայնքի դատախազ Վլադիմիր Գրիգորյանին, դատախազի օգնական Արշակ Կարախանյանին եւ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանապետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Էդիկ Չարխիֆալաքյանին: Արդյունքում, որոշ ժամանակ անց Չարխիֆալաքյանը համաձայն իր դիմումի ազատվում է աշխատանքից, իսկ դատախազ Վլադիմիր Գրիգորյանը` ազատվելով աշխատանքից, նշանակվում է ՀՀ Գլխավոր դատախազության Նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ: