Ինչպես բոլոր հեքիաթները, այս հեքիաթն էլ, գոյություն ունեցած կամ ունեցող որեւէ բանի մասին չէ: Ոչ հերոսները, ոչ դեպքերը եւ ոչ էլ երկիրը, որտեղ զարգանում են նկարագրված դեպքերը, իրականում ոչ եղել են եւ ոչ էլ, բնականաբար, կարող էին լինել, որովհետեւ նման բան սկզբունքորեն լինել չէր կարող: Եվ, եթե հանկարծ, ընթերցելիս ինչ-որ մեկը հերոսներից մեկի կերպարում ճանաչի իրեն կամ իր բարեկամին, նեղանա ու որոշի դատի տալ ինձ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու կամ արատավորելու փորձի համար, կրկին անգամ հարկ եմ համարում կրկնել, որ եւ հերոսները, եւ երկիրը, եւ դեպքերը իրականության հետ ընդհանուր ոչինչ չունեն, մտածված են, հորինվածք, մի խոսքով` հե-քի-աթ:
Այսպիսով, յոթ սարից այն կողմ, յոթ ձորից այն կողմ, աշխարհի ամենահեռու, լեռնոտ, քարքարոտ, ապրելու համար անհարմար մի անկյունում մի երկիր է լինում: Քանի որ այդ երկրում ապրող մարդիկ այլ երկրների մասին կամ թյուր պատկերացում ունեին կամ բոլորովին չունեին, հետեւաբար չգիտեին, թե ինչպիսի հարուստ, բարգավաճ, գեղեցիկ, լայնածավալ ու ջրառատ երկրներ կան: Այդ չիմացության պատճառով էլ նրանք իրենց առօրյա կյանքում ու բանավոր խոսքում, իսկ գրագետները` դասագրքերում ու գրական գործերում իրենց երկիրն անվանում էին բարձրաբերձ, քանի որ ավելի բարձր լեռներ չէին տեսել, ջրառատ` ծովերի մասին պատկերացում չունենալով, անսահման` մեծ չափերից անտեղյակ լինելով եւ, զարմանալի է, բայց շատ հաճախ, չգիտես ինչու` դրախտավայր: Մի խոսքով, ամենահասարակ ու դժբախտ մի երկիր, ուր ապրում էին իրենց դժբախտությունից անտեղյակ, սովորական մարդիկ: Այս երկիրը դարեր շարունակ ապրում էր օտարների լծի տակ: Մի դեպքում նրանք իրենք էին օտարին հրավիրում իրենց կառավարելու, որովհետեւ հավատացած էին, որ իրենք դա անել չեն կարող, մյուս դեպքում` օտարն ինքն էր գալիս: Այսպես թե այնպես, գոյատեւեց այդ երկիրը հազարավոր տարիներ եւ հասավ մինչեւ այն փառավոր ժամանակները, երբ բոլոր ժողովուրդները ազատագրվում էին օտարների լծից: Այս երկրի ժողովուրդն էլ որոշեց ազատագրվել եւ, ինչպես հեքիաթում է լինում, որոշեց ու ազատագրվեց: Սկզբում, ճիշտ է, շատ այրուն թափվեց ու շատ զոհեր եղան: Այդ ժողովրդի լավագույն ներկայացուցիչները կռվի դուրս եկան ու զոհվեցին, բայց իրենց երկրի պատմության մեջ առաջին անգամ զենք ու զրահով ու իրենց այրան գնով ազատեցին իրենց երկիրը հազարամյա լծից:
Ինչպես հետո պարզվեց, բոլոր զոհվածները քաջ, ազնիվ ու հպարտ մարդիկ էին, եւ ոչ մի սրիկա, որոնց թիվը, ինչպես ամենուր, այնպես էլ այս ժողովրդի մեջ նշանակալի էր, այդպես էլ ոչ միայն չզոհվեց, այլեւ կենաց ու մահու պատերազմին ոչ մասնակցեց եւ ոչ էլ որեւէ կերպ առնչվեց: Սրանք սպասվելիք հաղթանակին ոչ միայն չէին հավատում, այլ` ոմանք գաղտնի, ոմանք բացահայտ, աջակցում էին թշնամուն, ասելով, որ այս ժողովուրդն առանց օտարի իշխանության չի կարող ապրել եւ, որ օտարի լուծը ոչ թե լուծ է, այլ պաշտպանություն: Սակայն, երբ անսպասելի կերպով օտարի լուծը թոթափվեց, երբ հաղթականորեն պարզվեց այդ երկրի դրոշը, նրանք սկզբում չհավատացին, կարծեցին, թե այն ժամանակավոր երեւույթ է, բայց հետո զարմացած ու խեղճացած մի կողմ քաշվեցին` ճանապարհ տալով հրաշքով պատերազմի դաշտից կենդանի վերադարձած քչաթիվ հերոսներին ու քաջերին:
Թվում էր` վերջ, պոկված անփառունակ անցյալից` այս երկիրը կսլանա դեպի լուսավոր ապագա, բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան հարթ չի ընթանում, ինչպես որ պետք է: Սրիկաներն ու ստահակները կամաց-կամաց ուշքի գալով եւ հասկանալով, որ փոփոխությունները վերջնական են, սկսեցին մտածել, թե ինչ է պետք անել նոր իշխանության մեջ սողոսկելու համար: Նախ սկսեցին իրենց համար մտացածին կենսագրություն հորինել, իրար վկայակոչելով` ազատագրական պայքարին իրենց մասնակցության մասին լեգենդներ պատմել, հերոսանալ ու հերոսացնել եւ, օգտագործելով նորեկների միամտությունն ու թուլությունը, մոտենալ իշխանական լծակներին:
Երկրի Գլխավոր հրամանատարը, մեծամտանալով ու մոռանալով մարտադաշտի իր ընկերներին, իրեն սկսեց շրջապատել շողոքորթներով ու պնակալեզներով եւ պաշտոնյաներ էր նշանակում ոչ թե երկրի առաջ ունեցած ծառայությունների, այլ իրեն գովերգելու ու ծառայելու համար: Պաշտոնյաներ դարձան շատ նախկին գող ու ավազակները, որոնք այդ երկրի բանակ ներմուծեցին մինչ այդ միայն բանտերում գործող գողերի ու ավազակների օրենքները: Եվ երիտասարդ ու միամիտ զինվորները` կարծելով, թե այդպես էլ պետք է, իրար հետ հաշիվներ էին մաքրում բռունցքների, դանակի ու դարանակալ կրակոցների միջոցով: Այնքան շատ էին գլխավոր հրամանատարին գովերգողները եւ մեծամեծ նվերներ մատուցողները, որ նա գլուխը կորցրած իրեն արդեն աստված էր զգում եւ ոչ ոքի ու ոչինչի հետ հաշվի նստել չէր ցանկանում:
Երկրի Անվտանգության խորհուրդն ամբողջությամբ ծառայում էր թշնամի երկրին, որի լծից հենց նոր ազատվել էր այս երկիրը: Այն Փառապանծ Մարտիկը, որն ազատության համար մղված մարտերում քաջության աննախադեպ օրինակներ էր ցույց տվել` հիացնելով յուրայիններին ու զարմացնելով թշնամուն, որին հանձնարարվեց գնալ եւ քանդել այդ համակարգը` որպես թշնամուն ծառայող կառույց, եւ փոխարենը նորը հիմնել, փոխեց միայն այդ կառույցի անունը, կատարեց աշխատողների ոչինչ չասող փոխատեղում, ըստ էության ոչինչ չփոխելով ու, իր համար էլ աննկատ, սկսեց ենթարկվել նրանց խաղի կանոններին: Արդյունքում դարձավ հենց այդ համակարգի զոհը եւ դուրս մղվեց այնտեղից, իր տեղը զիջելով թշնամի երկրից ուղարկված հետախույզին:
Իսկ Գլխավոր դատավորին ու Դատախազին նույնիսկ չփոխեցին: Թողեցին նախկին սատրապներին, սխալմամբ կարծելով, թե նրանք կհասկանան ու կընդունեն նոր կյանքն ու կծառայեն այն պետությանը, որն իրենց պահում ու վարձատրում է: Բայց նրանք այդպես էլ իրենց չհամարեցին այդ երկրի մաս: Ամբողջ հոգով ատում էին այդ երկիրը, իրար հետ խոսում թշնամի երկրի լեզվով եւ զբաղվում էին միայն գործ սարքելով ու կաշառակերությամբ: Յուրահատուկ հաճույք էին նրանք ստանում, երբ հնարավորություն էին ունենում գործ սարքել թշնամի երկրի դեմ զենքը ձեռքին կռված ու հրաշքով կենդանի մնացած որեւէ մեկի վրա: Այս դեպքում ավելանում էր եւ կաշառքի չափը, եւ պատժաչափը, եւ սեփական գործի կարեւորության զգացումը:
Այս վիճակն էր համարյա բոլոր բնագավառներում: Երկրի Վարչապետը, որը մարտադաշտում չէր եղել, սիրում էր, իր հարազատներին տարբեր շահութաբեր պաշտոններում նշանակելուց եւ մի կուշտ ուտելուց հետո, սոված ու աղքատ ժողովրդի առջեւ երկարաշունչ, ոչինչ չասող, անհասկանալի տերմիններ օգտագործելով` տեսական ելույթներ ունենալ, չհասկանալով, որ վրդովված ժողովուրդը ոչ թե հաց է ուզում, այլ հարգանք, հարգալից վերաբերմունք, իսկ կենցաղային դժվարություններին պատրաստ է դիմանալ ու դիմակայել: Այս վերջին կարեւոր բանը իշխանավորներից եւ ոչ մեկը չէր հասկանում, այդ պատճառով էլ, երբ Գլխավոր հրամանատարին նրա ամենամտերիմ զինակիցները դավադրաբար թունավորեցին, իսկ Գերագույն ղեկավարն իր զինակիցների նման վարքից վրդովված հրաժարվեց իր պաշտոնից ու հեռավոր լեռներում գտնվող մի վանքում վանական դարձավ, ոչ ոք ափսոսանք չհայտնեց:
Այս դեպքերով ավարտվում է այդ երկրի պատմության առաջին փուլը, որն ընդունված է անվանել Հերոսական ժամանակաշրջան, քանի որ այդ ընթացքում, անկախ ամեն ինչից, շատ հերոսական բաներ տեղի ունեցան: Սրան հետեւում է հաջորդ` Անդիմության ժամանակաշրջանը:
Իշխանության անցան Գլխավոր հրամանատարին դավադրաբար սպանած նրա ամենամտերիմ զինակիցները, որոնք արդեն հրամանատարներ, նախարարներ ու ոստիկանապետեր էին: Սրանց մեծագույն խնդիրն իրենց անցյալն էր: Որեւէ կերպ նրանց ապրած կյանքի առաջին մեծ հատվածը հնարավոր չէր լինում տեղավորել պետական պաշտոնյային վայել կենսագրության շրջանակներում: Այսքան փոքր երկրում ոչ հնարավոր էր թաքցնել գողության ու ավազակության համար բանտերում անցկացրած տարիները, ոչ թալանված մարդկանց քանակը, ոչ օգտագործած նարկոտիկի տեսակը, ոչ բռնաբարության դեպքերը: Եվ երկար խորհրդակցելուց ու մտածելուց հետո նրանք մի փոքր խմբով որոշեցին` եթե անցյալը թաքցնելն անհնար է, ապա հարկավոր է հենց այդ անցյալը դարձնել ապրելու չափանիշ եւ բոլոր լծակներից հեռացնել նրանց, ովքեր կփորձեն առաջնորդվել ազնվության, սեփական «ես»-ի գիտակցման ու բարոյականության սկզբունքներով: Պետք են ամեն ինչի պատրաստ անդեմ ու անսկզբունք մարդիկ: Եվ երբ ամենուր կլինի իրենց տեսակը, դատապարտողներ արդեն չեն լինի: Եվ սկսեցին կադրային նշանակումները:
Նախարարներից մեկը հայտնի էր որպես երկրով մեկ սփռված վաճառակետերի սեփականատեր, որի խանութներում, գործարանային պիտակավորմամբ, ոչ մի տեխնիկական պայմանների չբավարարող, ձախ արտադրության ապրանքներ էին վաճառվում եւ նա իր նախարարական ողջ եռանդը ներդնում էր, որ հանկարծ որեւէ մեկն իրոք գործարանային ապրանք շուկա չհանի:
Մյուս նախարարը հայտնի բանսարկու ու սրիկա էր: Սա հատուկ հաճույք էր ստանում բամբասանքից եւ մարդկանց իրար դեմ լարելուց: Նրան լավ բնութագրում է ոսանողական տարիներից մի դեպք: Այն ժամանակ նա նախանձում էր իր հաջողակ ու խոստումնալից դասընկերներից մեկին, որին բոլորը ճանաչված գիտնականի ապագա էին խոստանում: Մանր-մունր բամբասանքներով նրան կործանել ոչ մի կերպ չէր ստացվում: Եվ մի օր, գողանալով դասընկերներից մեկի դրամապանակը` աննկատ դրեց այդ ընկերոջ պայուսակի մեջ: Բնականաբար, դրամապանակը գտնվեց, իսկ երիտասարդը բուհում մնալ այլեւս չէր կարող եւ մի լավ ամոթանք ստանալուց հետո հեռացվեց: Հետագայում նա անբացատրելի մի բերկրանքով` հաճախ էր հեռվից, աննկատ հետեւում շինարարությունում բանվոր աշխատող այդ տղային: Իր մտքում նա իր այս հաջողությունը առանձնացնում էր մյուսներից, համարելով այս մեկը յուրահատուկ: Նախարար դառնալուց հետո նա կատարելագործել էր իր այս ունակությունները: Նրա բոլոր նախկին բարեկամները նրան սրիկա էին անվանում, իսկ նորերը` դեռ փորձություն պետք է անցնեին նրան ճանաչելու ու սրիկա անվանելու համար եւ անպայման անցնում էին այդ փորձությունը:
Հաջորդ նախարարը անսկզբունք մեկն էր, որի համար մածունը միշտ շեֆի պահանջած գույնին էր: Նա գիտեր ուժեղից վախենալ, իսկ թույլին ճնշել, նա գիտեր ուժեղի առջեւ սողալ ու ծամածռվել, իսկ թույլից զգաստ կանգնել պահանջել: Նա սրիկա չէ, նա պլաստիրին է, որից շեֆն ամեն օր սրիկա է ծեփում:
Նախկին խաղամոլ ու նարկոտիկի վաճառքով հարստացած մեկին նշանակեցին նախարար, որը կորդինացնում էր դեղատների, խաղատների ու անլեգալ հասարակաց տների համահունչ աշխատանքը: Սրա վրա էր դրված նաեւ աշխատանքային օրվա ընթացքում հոգնած նախարարների գիշերային հանգստի կազմակերպումը:
Գաղտնի տեռորիստական կազմակերպության ակտիվ անդամին, որը նաեւ հաջողակ քիլլեր էր ու իր շրջանակում ճանաչված ու նախանձելի նշանառու, հանձնարարվեց համակարգել հասարակական անվտանգության համակարգը:
Եվ այսպես շարունակ, բոլոր բնագավառներում, վերից վար, պաշտոնի ու գործի կարեւորությունից անկախ:
Իսկ ժողովուրդը համբերատար սպասում էր այս ամենի ավարտին: Երկար էր ապրել այս ժողովուրդը, մի քանի հազարամյակ, եւ գիտեր, հաստատ գիտեր, որ ամեն ինչ ունենում է իր վերջը եւ սա էլ է ավարտվելու: Այդպես էլ եղավ: Անդիմության ժամանակաշրջանը, ճիշտ է, երկար տեւեց եւ շատ անհավատներ լավ ապրելու հույսը կորցրած հեռացան իրենց երկրից, բայց մի գարնանային առավոտ ամեն ինչ փոխվեց: Հերոսական ժամանակների ոգով տոգորված մի խումբ երիտասարդներ բոլորի համար անսպասելի այդ առավոտ զինված դուրս եկան հրապարակ, որ զոհվեն, հուսահատներին ոգեւորելու նպատակով: Նրանք գիտեին, չեն հաղթելու, բայց զոհաբերումը պետք էր: Եվ որքան մեծ եղավ բոլորի զարմանքը, երբ իշխանավորները, Գլխավոր իշխանավորի հետ միասին, մարտը չսկսած սկսեցին անձնատուր լինել: Մեծ են սարսափի աչքերը: Նրանց թվաց, թե սկսվել է իրենց դեմ այն համաժողովրդական ընդվզումը, որի մասին տարիներ շարունակ խոսվում էր բոլոր անկյուններում: Եվ, քանի որ նրանք բոլորն էլ առանձին-առանձին վերցրած նվաստ ու վախկոտ մարդիկ էին եւ կռվելու ոչ պատրաստ, եւ ոչ էլ պիտանի, իրենց կյանքն ու ունեցվածքը պահպանելու հույսով, իրար հերթ չտալով, ապստամբների եւ բոլորի համար անսպասելի, սկսեցին անձնատուր լինել: Հանձնվելիս հատկապես աչքի էր ընկնում հաստավիզ ու հաստափոր մի նախարար, որն իր ընկերներին, դեռ երիտասարդ տարիներից սկսած կրիտիկական բոլոր պահերին, առանց խղճի խայթի, մշտապես ծախել ու դավաճանել էր, ինչի համար էլ հենց Անդիմության ժամանակաշրջանում, համապատասխանելով պահանջված բոլոր չափանիշներին, նախարար էր նշանակվել: Նա ապստամբներին շշուկով տեղեկացնում էր, թե պատրաստ է տալ պահանջված ցանկացած ցուցմունք:
Մի խոսքով, ինչպես միայն հեքիաթներում է լինում, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց եւ այդ երկրի համար սկսվեց պատմության հաջորդ փուլը` Արժանապատիվ ժամանակաշրջանը:
Այսօր էլ դեռ կա այդ երկիրը, ուր երջանիկ մարդիկ են ապրում եւ հավատում, որ իրենց երկիրը դրախտավայր է: