Հնդիկները ոսկու գործարանը չեն վաճառելու

04/02/2006 Հարցազրույցը` Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

– Վերջերս «Արմինֆո» գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ «Ալռոսա»-ն չի կարողացել պայմանավորվել Sterlite Industries Limited-ի հետ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության»(ԱՈԱՁ) գնման վերաբերյալ: Եղե՞լ են, արդյոք, «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» գնման առաջարկներ այլ գնորդներից։

– Ինչպես գիտեք, ԱՈԱՁ-ն մշակել էր «Փուլ 3» ծրագիրը, որի շրջանակներում անհրաժեշտ է ներդնել 80 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր, որ այդ գումարի մի մասը կստացվի ֆինանսական ընկերություններից եւ այլ ներդրողներից: «Ալռոսան» մեր «Փուլ 3» ծրագրի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած ներդրողների շարքում էր: Sterlite-ը այնուհետեւ որոշում ընդունեց ամբողջությամբ ֆինանսավորել ծրագիրը, եւ բանակցությունները այլ ներդրողների (այդ թվում` նաեւ «Ալռոսայի») հետ դադարեցվեցին:

– Պատրաստվե՞լ են, արդյոք, նյութեր «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» վաճառելու նպատակով, եւ ի՞նչ ֆինանսական հաստատություններ են ներգրավվել վաճառքը կազմակերպելու համար։

– Ինչպես արդեն նշեցինք, ԱՈԱՁ-ն վաճառելու որեւէ մտադրություն չենք ունեցել:

– Ինչո՞ւ է «Ստերլիտ գոլդը» որոշել վաճառել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը»:

– Sterlite-ը երբեք մտադրություն չի ունեցել վաճառել ԱՈԱՁ-ն:

– «Արմինֆո»-ի նույն հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ վերջին տարիներին այստեղ կատարվել է 40 մլն դոլարի ներդրում: Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, որտե՞ղ են կատարվել այդ ներդրումները:

– Մենք ներդրել ենք առաջին փուլում 22 մլն դոլար Արարատի գործարանի նախագծման, շինարարության եւ թողարկման համար, ինչպես նաեւ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի նախապատրաստման եւ վերազինման համար: Եվս 22 մլն դոլար ներդրվել է 2000-2005թթ. ընթացքում նոր հանքահանման մեքենաներ եւ սարքավորումներ գնելու, Արարատի գործարանի վերազինման եւ կատարելագործման, ինչպես նաեւ` Սոթքում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար:

– Դատարանում հաշտության համաձայնագիր կնքվեց «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» եւ Բնապահպանության նախարարության միջեւ: Նախարարությունն իր ակտում ներկայացրել էր, որ դուք թաքցրել եք մոտ մեկ տոննա ոսկի եւ պետությանը հասցրել եք մոտ երկու մլն դոլարի վնաս: Ինչպե՞ս պատահեց, որ չեղյալ համարվեց ակտը, եւ Ձեր գործարանը միայն 60 մլն դրամի տուգանք վճարեց: Ինչի՞ համար եք վճարել այդ տուգանքը:

– Ինչպես գիտեք, ՀՀ Բնապահպանության նախարարությունը ստուգում էր կատարել Սոթքի եվ Մեղրաձորի հանքավայրերում մարված պաշարների քանակների վերաբերյալ: Երբ ստուգման նախնական ակտը ներկայացվեց մեզ, մենք արտահայտեցինք անհամաձայնություն մարված պաշարների քանակի գնահատման համար նախարարության կողմից կիրառված հաշվարկման մեթոդի հետ: Քանի որ նախարարությունը չընդունեց մեր առարկությունները եւ վերջնական ակտը կազմեց առանց փոփոխության, մենք դիմեցինք Տնտեսական դատարան, որն առաջարկեց հարցը լուծել հաշտության համաձայնագրի միջոցով: Այնուհետեւ կողմերը ստորագրեցին հաշտության համաձայնագիր, որը հաստատվեց դատարանի որոշմամբ: Վերջնական տուգանքի գումարը պակաս հաշվարկված մարված պաշարների դիմաց կազմեց 97.5 մլն դրամ:

Կարեւոր է նշել, որ ԱՈԱՁ-ի եւ Բնապահպանության նախարարության վեճը չի վերաբերում փաստացի արտադրված եւ առաքված ոսկու քանակներին, այլ վերաբերում է արդյունահանված, բայց տեխնիկական պատճառներով չվերամշակված հանքաքարում պարունակվող ոսկուն:

– Մեր տեղեկություններով` Sterlite Industries Limited-ի սեփականատեր Անիլ Ագարվալը հունվարի 15-ին պետք է այցելեր Հայաստան: Մասնավորապես նախատեսվում էր նրա հանդիպումը ՀՀ նախագահի հետ: Ճի՞շտ է, որ նախագահը չի ցանկացել հանդիպել Ա. Ագարվալին, եւ այդ պատճառով նրա այցը հետաձգվել է:

– Սա մեր համար եւս նորություն է: Պրն Ագարվալը չունի Հայաստան այցելելու որեւէ ծրագիր: Չի եղել որեւէ պաշտոնական դիմում ՀՀ նախագահին պրն Ագարվալին ընդունելու վերաբերյալ:

Պրն Ագարվալն արդեն երկու անգամ այցելել է Հայաստան, եւ վստահ ենք, որ նա կայցելի Հայաստան նաեւ ապագայում` ԱՈԱՁ-ի գործունեությանը հետեւելու նպատակով: Ինչպես գիտեք, պրն Ագարվալը հնարավորություն է ունեցել հանդիպել ՀՀ նախագահին եւ հանգամանորեն քննարկել հայկական ծրագրերը ՀՀ նախագահի Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

– Սեւանի ավազանում նոր գործարանի կառուցման կողմնակիցներից մեկը դուք եք, ի՞նչն է պատճառը, որ չնայած ոսկու միջազգային գների աննախադեպ աճին, 100 մլն դոլար ներդրումը, որ առաջարկում եք ներդնել այդ գործարանի կառուցման համար, չեք ներդնում Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի արդյունահանումը բարձրացնելու համար։

– Առաջին հերթին հաշվի առեք, որ մենք երբեք չենք խոսել հին գործարանը Սոթք «տեղափոխելու» մասին: Արդյունահանվող հանքաքարի երկրաբանական կառուցվածքի փոփոխության պատճառով մենք չենք կարողանում այն արդյունավետ վերամշակել հին գործարանում, որի պատճառով անհրաժեշտ է շեշտակի փոխել վերամշակման տեխնոլոգիան, չնայած այն բանին, որ մենք վերջին 6-7 տարիների ընթացքում մեծ գումարներ ենք ծախսել հին գործարանի արդիականացման համար: Ինչ վերաբերում է ներդրման ծավալներին, դրանց մի մասն է օգտագործվելու օքսիդացման, ֆլոտացիայի եւ գրավիտացիայի արտադրամասերի եւ ցիանական նատրիումի վնասազերծման հանգույց ունեցող նոր գործարանի կառուցման համար: Գումարի մնացած մասը ծախսվելու է հետագա հետախուզման, բաց հանքի նախապատրաստման եւ օպտիմիզացման, ինչպես նաեւ նոր մեքենաների եւ սարքավորումների ձեռք բերման համար: Ակնկալվում է շեշտակի ավելացնել հաստատված պաշարների քանակը եւ արտադրողականությունը:

Կարեւոր է նշել, որ հին գործարանը կշարունակի վերամշակել պոչանքները:

– Ինչպե՞ս է պատահել, որ թուրքական ընկերությունը հետազոտություններ է կատարել Սոթքում: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն»-ը ի՞նչ դեր է ունեցել այդ ընկերությանը Հայաստան հրավիրելու գործում:

– ԱՈԱՁ-ը հայտարարել էր մրցույթ RC հորատման սարքավորում վարձակալելու համար: Նշված սարքավորում ունեցող թուրքական ընկերությունն առաջարկեց լավագույն գինը եւ պայմանները:

Նշենք, որ «հորատելը» բոլորովին չի նշանակում «ուսումնասիրել»: Թուրքական ընկերությունը մեզ տրամադրել էր միայն հորատման սարքավորումներ եւ դրանք աշխատացնող օպերատորներ: Նմուշների լաբորատոր ուսումնասիրությունը կատարվել է միայն Հայաստանյան լաբորատորիաներում:

– Սոթքում աշխատող բանվորները բողոքում են, որ շատ ցածր են աշխատավարձերը, ցածր է աշխատանքի անվտանգության մակարդակը, մինչդեռ գործարանի աշխատակիցները հնարավորություն չունեն ստեղծել արհմիություն իրենց իրավունքները պաշտպանելու համար: Հայտնի են նման մտադրություններ ունեցողներին աշխատանքից հեռացնելու փաստեր։ Ինչո՞ւ են խախտվում աշխատողների իրավունքները:

– Մեր հաստիքային աշխատավարձերը հաստատվել են 2000թ. սկզբին` հիմք ընդունելով շուկայի պահանջները այդ ժամանակ: Նոր ծրագրի մշակման հետ զուգընթաց մենք ուսումնասիրում ենք շուկայում տեղի ունեցած փոփոխությունները, համեմատություններ ենք անում այս ոլորտում աշխատող այլ հայաստանյան ընկերություններում սահմանված աշխատավարձերի հետ: Այս ամենն արվում է նոր ծրագրում դա հաշվի առնելու համար:

ԱՈԱՁ-ն խստիվ հետեւում է աշխատանքի անվտանգ կազմակերպման սահմանված նորմերին, որի վկայությունն են մեզ մոտ պետական լիազորված մարմինների կողմից պարբերաբար անցկացվող ստուգումների արդյունքները:

ԱՈԱՁ-ն աշխատում է Հայաստանում եւ պարտավոր է ենթարկվել հայկական օրենսդրության պահանջներին: Այդ իսկ պատճառով ԱՈԱՁ-ն երբեւիցե չի խոչընդոտել արհեստակցական միություն ստեղծելուն ուղղված մեր աշխատողների որեւէ գործունեությանը: Միեւնույն ժամանակ կանխվել է իբր «ձեռնարկության աշխատողների անունից» գործող, բայց իրականում անօրինական գործողություններ իրականացնող մի փոքրաթիվ խումբ կազմող աշխատողների անօրինական գործունեությունը:

– Քանի՞ մարդ է զոհվել Սոթքի եւ Մեղրաձորի հանքերում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» «Sterlite Gold»-ին անցնելուց հետո։

– Խնդրում եմ հաշվի առնել, որ ԱՈԱՁ-ն աշխատում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջներին համապատասխան: Ձեռնարկությունում տեղի ունեցած մի քանի դժբախտ պատահարների պատճառ են հանդիսացել հաստատված անվտանգության տեխնիկայի խախտումները, որոնք հաստատվել եւ արձանագրվել են համապատասխան պետական մարմինների կողմից:

– Զգուշացվե՞լ են, արդյոք, «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» մասնագետները ձեռնարկությունում աշխատանքների անվտանգության ցածր մակարդակի վերաբերյալ, եւ ինչպե՞ս է դրան վերաբերվել ձեռնարկության ղեկավարությունը։

– Ինչպես արդեն նշեցինք, ԱՈԱՁ-ն աշխատում է բոլոր սահմանված նորմերի պարտադիր պահպանմամբ, ինչն արձանագրված է մեզ մոտ պարբերաբար անցկացվող ստուգումներում:

– Ինչո՞վ եք բացատրում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն»-ում արեւմտյան մասնագետների հոսունության բարձր աստիճանը։ Հայաստանի հանքարդյունահանման ոլորտում աշխատող ընկերություններում աշխատում են ԱՈԱՁ-ի նախկին արտասահմանցի մասնագետներ, մինչդեռ Ձեր ձեռնարկությունում ներկայումս ավելանում է ազգությամբ հնդիկ աշխատողների թիվը։ Ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում ազգությամբ հնդիկ աշխատողները։

– Ցավոք, ԱՈԱՁ-ում աշխատած արեւմտյան մասնագետների մեծ մասը չկարողացավ ապահովել ակնկալվող ծառայությունների մակարդակը խելամիտ վարձատրության պայմաններում, ինչի պատճառով նրանք լքեցին մեր ընկերությունը: Մենք որդեգրել ենք խելամիտ վարձատրություն ակնկալող, նպատակաուղղված, ազնիվ, փորձված եւ անհրաժեշտ կրթություն ունեցող աշխատողներին գործի ընդունելու քաղաքականությունը: Մենք ընդունում ենք բոլոր նրանց` անկախ ազգությունից, ովքեր բավարարում են նշված պահանջներին:

www.hetq.am