Ստեփանակերտի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մեծամասնությունը հանրապետության գյուղերից են: Ղարաբաղի տարբեր բուհերում սովորում են նաեւ Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած երիտասարդներ:
Ուսանողների հիմնական մասը Ստեփանակերտում վարձով է ապրում, իսկ մնացածները` բարեկամների մոտ: Արցախի պետհամալսարանում սովորողների մի մասն ապրում է համալսարանի ուսանողական հանրակացարանում: Մեր տվյալներով, այստեղ մեկ ուսանողը 6 ամսվա ընթացքում մուծում է 20 հազար դրամ: Հայտնի է, որ ԱրՊՀ-ի հանրակացարանում բնակվում են նաեւ փախստական ընտանիքներ, որոնց, ըստ ամենայնի, այս տարի բնակարան կտրամադրեն. ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունից տեղեկացանք, որ այս տարի այդ 13 ընտանիքների համար, փախստականների ծրագրով, կկառուցվեն տներ:
Ավելի դժվար է այն ուսանողների վիճակը, ովքեր վարձով են ապրում: Ներկայումս տարբեր բնակարաններում ապրելու համար ուսանողներն ամսական մուծում են 25-40 հազար դրամ (բացի լույսի, գազի, հեռախոսի վարձից): Հարկ է նկատել, որ այն բնակարանները, որտեղ ապրում են տարբեր բուհերում սովորողները, չունեն կենցաղային մինիմալ պայմաններ (իհարկե, բացառությամբ մի քանի բնակարանների): «Երբ ես եկա` այս տանը, բացի երկու աթոռից, ոչինչ չկար: Մենք ստիպված անհրաժեշտ իրերը բերեցինք գյուղից ու քաղաքում ապրող մեր բարեկամի տնից: Իսկ ծախսերը կրճատելու համար որոշեցինք գյուղի մի քանի աղջիկներով միասին մնալ: Չորս հոգով ենք հիմա մնում եւ բնակարանի համար վճարում ենք 8 հազարական դրամ,- պատմում է Ստեփանակերտի մասնավոր բուհերից մեկում սովորող աղջիկը: -Իհարկե, ծախսերը շատ են, քանի որ ուսման վարձ էլ եմ մուծում`տարեկան 300 ԱՄՆ դոլար: Մեր ընկերուհիներից մեկը, որը սովորում է վերջին կուրսում, սոցիալական պայմաններից ելնելով ստիպված է եղել աշխատանք գտնել, որպեսզի վարձը չմուծելու պատճառով համալսարանից դուրս չմնա»:
Այսպես ապրում են գյուղից ժամանած երիտասարդները, որոնց` բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 350-400 հազար դրամ: Ասել է թե` այս հոգսն էլ է ծնողների ուսերին:
Վերջերս հայտնի դարձավ, որ այս տարվանից Ստեփանակերտում նախատեսվում է կառուցել ուսանողական եւս մեկ հանրակացարան: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանը: Գործադիրը որոշեց 2788.1 հազար դրամ գնահատված արժեք ունեցող պետական սեփականություն հանդիսացող կիսավեր շենքը, որը գտնվում է մայրաքաղաքի Սարոյան 1 հասցեում, ուղղակի անհատույց տրամադրման ձեւով մասնավորեցնել Լաուրա Շումանյանին: Գնորդի հետ կկնքվի պայմանագիր, ըստ որի, վերջինս պարտավորվում է մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացնել 150.0 մլն դրամի ներդրում եւ ստեղծել 20 աշխատատեղ: Ժամանակացույցի համաձայն, 2006-ին կկատարվի 30.0 մլն դրամի, մյուս երեք տարիներին էլ` 40.0 մլն-ական դրամի ներդրում: Նախատեսվում է հանրակացարանի մոտակայքում կառուցել խաղահրապարակ, ինտերնետ ակումբ եւ այլն:
Ճիշտ է, սա ամբողջությամբ չի լուծի ուսանողների խնդիրները, բայց ինչ-որ չափով կբարելավի նրանց մի մասի բնակարանային պայմանները: Իսկ թե նոր հանրակացարանում մնալու համար ուսանողից որքան գումար կպահանջվի, դեռեւս հայտնի չէ: