Հակառակ կանխատեսումների՝ հունվարը նշանավորվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների աշխուժացմամբ: Հունվարի 11-ից լուրեր էին շրջում, որ այս տարի հակամարտող երկրների ղեկավարները պետք է լուծում գտնեն գրեթե երկու տասնամյակ ձգձգվող հակամարտության համար:
Ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հեղինակավոր բրիտանական «Ջեյնզ ինֆորմեյշն գրուփ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ադրբեջանը վերջնականապես հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու նպատակով հանրաքվե անցկացնելու գաղափարին, իսկ Հայաստանը հակված է համաձայնելու կարգավորման փուլային տարբերակին, որը նախատեսում է դուրս հանել զորքը Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից:
Հունվարի 25-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոստովանեց, որ ներկայումս կա մեկ էջանոց մի փաստաթուղթ, որը ներառում է հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Ամենայն հավանականությամբ այն կներկայացվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ Ռամբույեում (Ֆրանսիա) փետրվարի 10-ին կայանալիք հանդիպման ժամանակ:
Սակայն Ադրբեջանի ընդդիմությունը դեմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու առաջարկին:
«Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Ազադլիգ» («Ազատություն») ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը հունվարի 18-ին հայտարարել է. «Վերջերս ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ են տպագրում ղարաբաղյան հարցի կարգավորման մասին: Առանցքային խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայնել է Ղարաբաղում հանրաքվե անցկացնելուն: Միայն Ղարաբաղում հանրաքվե անցկացնելը կնշանակի այդ շրջանի անջատումն Ադրբեջանից»: Ընդդիմադիր գործիչը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է պարզություն մտցնել այդ հարցում:
Հունվարի 11-ին, երբ Հայաստանը դեռ չէր արթնացել իր երկարատեւ տոնական թմբիրից, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հայտարարեց, որ հարցի կարգավորումը մոտ է:
«Հայաստանը եւ Ադրբեջանը Ֆրանսիայի համար բարեկամ երկրներ են: Եվ մենք վստահ ենք, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հեռու չէ»,- ասել է Շիրակը՝ հանդես գալով ֆրանսիացի դիվանագետների առջեւ:
Հունվարի կեսին այս հարցի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) փոխնախագահ Ալեն Դելետրոզը:
«Եթե Ղարաբաղի հարցին նայենք ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսանկյունից, ապա այն կարող է լինել միակն ԱՊՀ տարածքում, որի կարգավորման մեջ շահագրգիռ են աշխարհի բոլոր մեծ տերությունները, քանի որ հակամարտության ձգձգումը շահավետ չէ ոչ մեկին՝ ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային»:
Նրա կարծիքով` երկու երկրների շփման գծում վիճակը խաղաղ է թվում, քանի որ ոչ մեկը չի ցանկանում խոսել այդ մասին: «Սակայն դա հիմք չի տալիս այս հակամարտությունը «սառեցված» համարելու համար: Աբխազական կամ հարավօսական հակամարտությունների համեմատությամբ, Ղարաբաղում շփման գծում հակամարտության զոհերի թիվը շատ ավելի մեծ է: Սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ տարեկան զոհվում է 40 մարդ: Ես տեղյակ չեմ, թե ադրբեջանական կողմից որքան զոհ է լինում, սակայն ենթադրում եմ, որ այն շատ չի տարբերվում հայկական տվյալներից: Եթե ամեն տարի 80 մարդ է զոհվում, կարելի՞ է արդյոք այդ հակամարտությունը սառեցված համարել: Եթե կողմերից մեկը, անգամ սխալմամբ, համոզված լինի, որ բավականաչափ ուժ ունի, որպեսզի հետ բերի գրավյալ տարածքները, ապա պատերազմն անխուսափելի կդառնա»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երրորդ կողմը՝ Ղարաբաղը, պատրա՞ստ է նման կառուցողական համագործակցության՝ ՄՃԽ փոխնախագահն ասաց. «Ինձ համար ակնհայտ է, որ նրանք ուզում են լուծել այս հարցը, բայց վախենում են կորցնել ռազմավարական առավելությունները: Չէ՞ որ գրավյալ տարածքները Ղարաբաղի ռազմական անվտանգության երաշխիքն են: Միեւնույն ժամանակ նրանք ցանկանում են միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ստանալ: Եթե ճիշտ հաշվի առնվեն Ղարաբաղի ռազմավարական շահերը, այսինքն՝ խաղաղության պայմանագիր կնքելիս նրանց տրվեն միջազգային երաշխիքներ, ապա չեմ կարծում, որ նրանք դեմ լինեն»: