Կախեթիում կբնակեցնե՞ն հազարավոր մեսխեթցիների

04/02/2006 Գելա ՄԹԻՎԼԻՇՎԻԼԻ, «Ռեզոնանսի» Վրաստան

Անցյալ շաբաթ Եվրոպայի խորհուրդը Վրաստանին հիշեցրեց իր վրա վերցրած պարտավորությունների մասին: Մասնավորապես, այն մասին, որ Վրաստանը պարտավորվել է բնակության վայրեր հետ վերադարձնել տեղահանված թուրք-մեսխեթցիներին: Տարածված տեղեկությունների համաձայն, խոսքն այն մասին է, որ Կախեթիում (Արեւելյան Վրաստան) կբնակեցվեն թուրք-մեսխեթցիների մի քանի հազար ընտանիք: Այդ լուրը տեղի բնակչության մեջ իրարանցում առաջացրեց: 1944 թվականի նոյեմբերի 15-ին թուրք-մեսխեթցիների 100 հազարից ավելի ընտանիք բռնությամբ տեղահանվել է Վրաստանից Միջին Ասիա: 62 տարի անց նրանցից մի քանիսը կարողացան վերադառնալ հարազատ վայրեր՝ Սամցխե-Ջավախեթի: Ավելի մեծ քանակության թույլ չտվեցին վերադառնալ: Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները շատ ակտիվորեն են աշխատում տեղահանված ժողովուրդների խնդիրների շուրջ: Վրաստանի կառավարությունն այդ առնչությամբ իր վրա վերցրած պարտավորություններ ունի:

Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ հավանաբար Կախեթիում կբնակեցվեն թուրք-մեսխեթցիների ընտանիքներ: Եվ դա անհանգստացրեց տեղի բնակչությանը: Հատկապես՝ Դեդոպլիս Ծղարոյի շրջանում: Ինչպես հայտնեցին «Ռեզոնանսիին» Ծիթելի Ծղարո գյուղում, մեծ մասին պատրաստվում են բնակեցնել հենց այստեղ, քանի որ այստեղ ուժեղ են արտագաղթի գործընթացները: Ի տարբերություն կառավարական կառույցների, Կախեթիի ոչ կառավարական կազմակերպությունները գտնում են, որ լուրերն անհիմն չեն: «Փախստականների հարցերով նախարարությունում մեր հարցումը չեն հաստատել, բայց եւ չեն հերքել: Մեզ ասացին, որ արդյունավետ աշխատանք է տարվում տեղահանված ժողովուրդների խնդիրների, նրանց վերադարձի եւ վերականգնման առնչությամբ: Այնպես որ, խոսակցություններն այն մասին, որ թուրք-մեսխեթցիները կարող են բնակեցվել Կախեթիում՝ հաստատ անհիմն չեն»,- «Ռեզոնանսիին» ասացին Կախեթիի ոչ կառավարական կազմակերպությունների ակումբում:

Իշխանությունները լռում են: Տեղի բնակչությունն անհանգստանում է եւ իշխանություններից ուզում է պարզորոշ պատասխան լսել՝ թուրք-մեսխեթցիները կբնակեցվե՞ն Կախեթիում:

www.mediadialogue.org