Շվեյցարացի բարերարների փողերը լվանո՞ւմ են

04/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երկուշաբթի օրը քաղաքապետարանի մուտքի մոտ Խաչատրյանների ընտանիքը բողոքի ակցիա էր կազմակերպել, որպեսզի ցուցադրվող պաստառների միջոցով իշխանությունների ուշադրությունը հրավիրեր «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ծավալած գործունեության վրա: Վաչագան եւ Անգին Խաչատրյանները 10 երեխա ունեն եւ սարսափելի ցրտին երեխաների հետ փողոցում բողոքի ցույց անելուց զատ` պատրաստվում են հացադուլ հայտարարել:

Խոստացանք նրանց խնդրին արձագանքել` խորհուրդ տալով երեխաներին տուն տանել, քանի որ նրանք ցրտից կապտել էին: Խաչատրյանների ընտանիքը բնակվում է Աշտարակի խճուղում գտնվող «Հույսի ավան» թաղամասում, որը 2001-ին «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվել է ծայրահեղ անապահով ընտանիքներին օթեւան տրամադրելու նպատակով: Տարիներ առաջ Խաչատրյանները` բնակվելով Նորքի 2-րդ զանգվածում, բնակարանը վաճառել են, որպեսզի կարողանան աղջկա գլխի վիրահատության համար պահանջվող գումարը վճարել: 10 երեխաներից բաղկացած այս ընտանիքն` այլընտրանք չունենալով, տեղավորվել է բնակելի շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանի տարածքում: Բացի երեխաներից, ռեստորանում են ապրել նաեւ Վաչագանի մայրը, եղբայրն ու հաշմանդամ քույրը, նրա երեխաներից երկուսը նույնպես հաշմանդամ են: Տասը տարի այս ընտանիքն ապրել է ռեստորանի տարածքում, որտեղ նույնիսկ կոյուղի եւ խմելու ջուր չի եղել: 2003-ին Նոր Նորքի նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանը Վաչագանին խորհուրդ է տվել դիմել քաղաքապետարան, որպեսզի «Դիակոնիա» բարեգործական կազմակերպությունն աջակցի բնակարանի հարցում: Վաչագանի ընտանիքին «Հույսի ավանում» հատկացրել են 3 սենյականոց բնակարան, սակայն վերջինս պնդում է, որ՝ «Սկզբում քաղաքապետի ավագ խորհրդատու Վանիկ Զաքարյանը եւ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ Պարույր Ջամբազյանը մեզ ասացին, որ 5 սենյականոց բնակարան կտան: Եկան ռեստորանի մեր տարածքը նկարեցին»: Այնուհետեւ Պարույր Ջամբազյանը Խաչատրյաններին «Հույսի ավանում» 3 սենյականոց բնակարան տալով` խորհուրդ է տվել առայժմ հարմարվել, մինչեւ 5 սենյականոց բնակարան կկառուցվի, կտեղափոխեն: Առ այսօր նրանք բնակվում են 3 սենյականոց բնակարանում, սակայն որոշել են բոյկոտել «Դիակոնիա» հիմնադրամի դեմ՝ մեղադրելով նրանց կոռուպցիայի մեջ: Վաչագան եւ Անգին Խաչատրյանների խոսքերով՝ «Հույսի ավանը» կառուցվում է շվեյցարացի բարերարների փոխանցած գումարներով, սակայն ուղարկվող գումարները պատշաճ կերպով նպատակին չեն ծառայում, որովհետեւ հիմնադրամի ներկայացուցիչներն այդ գումարները գրպանում են, իսկ մի մասն էլ ծախսում են անապահով ընտանիքների համար: Փաստացի որեւէ ապացույց չունենալով` Վաչագանը պնդում է, որ շվեյցարացի բարերարները հսկայական գումարներ են տրամադրում, որպեսզի «Դիակոնիա» հիմնադրամը «Հույսի ավանում» բնակարաններ կառուցելով` դրանք նվիրի անապահով ընտանիքներին, սակայն հիմնադրամն ամբողջ թաղամասի բնակարանները սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն` դրանք տալիս է ժամանակավոր անհատույց օգտագործման: Վաչագանի տեղեկություններով՝ միայն իրենց զբաղեցրած շենքի համար, որտեղ բնակվում է 2 ընտանիք, բարերարները տրամադրել են 48.000 դոլար, մինչդեռ «Դիակոնիան» այն կառուցում է էժանագին եւ անորակ շինանյութով ու պատուհաններով: Սակայն հարկ է նշել, որ մեր այցելության ընթացքում համոզվեցինք, որ «Հույսի ավանը» բավականին էլիտար եւ բարձրակարգ նախագիծ ունեցող թաղամաս է, ավելին, յուրաքանչյուր բնակարանի վրա փակցրած է հովանավորող բարերարի անունով ցուցատախտակ: Իր մեղադրանքները հիմնավորելու համար Վաչագանը մատնանշում է հիմնադրամի ղեկավարների կեցվածքը. «Ես նրանից խնդրեցի շվեյցարացի բարերարների հասցեն, որպեսզի անմիջական կապով մի քանի հարցեր ճշտեմ, նրանք ինձ մերժում են: Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել նրանց հասցեն, որովհետեւ կարող է շատ մութ բաներ բացահայտվեն: Քաղաքապետարանից Վանիկ Զաքարյանն ասեց, որ էդ տները նախատեսված են ծայրահեղ անապահով ընտանիքների համար ու դրանք կահավորված են լինելու, բայց մեզ տվել են լրիվ դատարկ տուն»:

Ստիպում են կեղծե՞լ

«Դիակոնիա» հիմնադրամը Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանում հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատրյանների` գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ստորագրել պարտավորեցնելու համար: Խաչատրյանները հրաժարվում են պայմանագիրը ստորագրելուց՝ պատճառաբանելով, որ պայմանագրի կետերն իրենց ստրկացնում են եւ ստիպում են իրենց կեղծել: Կեղծիքը մասնավորապես վերաբերում է բնակարանի մակերեսին, որն, ինչպես պնդում են Խաչատրյանները, 65 քմ է, իսկ դատարան ներկայացրած հավաստագրով՝ 86,9 քմ: «Ես մասնագետ եմ կանչել, չափել է եւ ասել է, որ տարածքը կազմել է 65 քմ, իսկ դատարանում ներկայացրած սեփականաշնորհման թղթերի մեջ 86,9 քմ է: Կարող է վաղն էլ պարտադրեն, որ էսքան քմ-ի համար գումար մուծեմ»,- ասում է Վ. Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանների, իրենց պարտադրում են կեղծել այդ թիվը, որպեսզի բարերարներին ապացուցելու հիմքեր ունենան, թե իրենց գումարներով կատարվել է համապատասխան ծավալի աշխատանք: Նրանք ասում են, որ «Դիակոնիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Վազգեն Համբարձումյանը Հրազդանում այդ գումարներով 50 մետրանոց ջրավազանով վիլլա է կառուցել, իսկ «Հույսի ավանը» լցրել է իր հարազատներով, որոնք այնքան էլ անապահով չեն: Ինչ վերաբերում է պայմանագրի այն կետերին, որը փոխառուն պարտավոր է կատարել, ապա մեջբերենք դրանցից մի քանիսը. Փոխատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծել պայմանագիրը եւ փոխառուին դատական կարգով վտարել զբաղեցրած բնակարանից, եթե փոխառուն բնակարանն օգտագործել է բնակարանի նշանակությանն անհամապատասխան: Էականորեն վատթարացրել է բնակարանի վիճակը: Առանց փոխատուի համաձայնության բնակարանը հանձնել է 3-րդ անձի: Իր վարքագծով հաճախակի անհարկի տհաճություններ է պատճառում մյուս բնակիչներին՝ հարբեցողություն, թմրամոլություն, թեթեւաբարո կյանք եւ այլն: Թեեւ Վաչագանը պայմանագրի կետերը չի խախտել, այդուհանդերձ, կարծում է, որ դատական պրոցեսից հետո իր ընտանիքին կվտարեն: Վերջիններս պնդում են, որ բազմիցս նախագահին նամակով դիմել են, որպեսզի վերահսկողական ծառայությունը ստուգումներ կատարի «Դիակոնիա» հիմնադրամում, սակայն դրանք մշտապես անպատասխան են մնում, որովհետեւ նախագահական նստավայրի նամակների բաժնի պետ տիկին Աիդան այդ նամակները չի փոխանցում: «Մեր նամակը` նախագահի ստուգող հանձնաժողովի ղեկավար Բարսեղյանին ուղղված, կրկին չհասավ, որովհետեւ «Դիակոնիայի» տնօրեն պրն Համբարձումյանի կապերի շնորհիվ տիկին Աիդան վերացնում է,- ասում է Վ. Խաչատրյանը,- պատասխանում է՝ դա բարեգործական հիմնադրամի գործ ա, մենք իրավունք չունենք խառնվելու»: Ինչեւէ, Խաչատրյանները բնակվում են «Հույսի» թաղամասում գտնվող 3 սենյականոց բնակարանում, հայտարարում են, թե իրենց խաբել են, պահանջում են սեփականության իրավունք, դժգոհում են, որ մայրն ու քույրն իրենց հետ ապրելու հնարավորություն չունեն, որովհետեւ բնակարանը 5 սենյականոց չէ, պատերը խոնավ են, անձրեւաջրերը լցվում են բնակարան, լուսամուտները սառցակալած են եւ այլն: Կառավարությանը, նախագահականին եւ քաղաքապետարանին կոչ են անում, որ «Դիակոնիա» հիմնադրամը խաբեությամբ է զբաղվում:

Մաղարիչի սկզբունքը բացառվում է

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ Պարույր Ջամբազյանն ասում է, երբ այցելել են Խաչատրյանների օթեւանած ռեստորանի տարածք` Անգինը պատմել է, թե ինչպես է առնետը երեխայի մատները կրծել: Ազդվել է եւ որոշել է ընտանիքին ամեն գնով օգնել: Դրամաշորթության մեղադրանքները պրն Ջամբազյանը համարում է հերյուրանք եւ Խաչատրյանին խորհուրդ է տալիս փաստերով դիմել իրավապահ մարմիններին: «Բնակարաններ տրամադրելիս մենք մեր կամքով հանձնաժողով ենք ստեղծում` ընդգրկելով տարբեր օղակների ներկայացուցիչների: Նկարում ենք տները, ստուգում ենք բոլոր փաստերը, որպեսզի համոզվենք` կարիքավո՞ր են արդյոք: Մենք գիտենք, որ Հայաստանում տարածված է մաղարիչի սկզբունքը: Պայմանագրում կետ կա, ըստ որի` հանձնաժողովի անդամների կողմից նման բան կիրառելու դեպքում իրավունք ունենք զրկելու անդամությունից: Նույնը կարող է մեր դեմ կիրառվել: Երբ պատճառաբանում են, թե մեր երեխաները հոգեպես տանջվում են, որ բնակարանն իրենց սեփականությունը չէ՝ ինձ բարկացնում է, որովհետեւ մենք իրավունք չունենք իրենց հանելու, եթե պայմանները չեն խախտվում: Ես ուղղակի երեխաներին եմ խղճում, սիրտս չի տանի… Մեղադրանքների համար ես միայն կասեմ՝ ես իմ գրպանից հանեմ, որ ե՞տ գողանամ»: Պրն Ջամբազյանը գտնում է, որ շատ դեպքերում ծնողները երեխաներին օգտագործում են: Վերջինս վկայում է, որ անապահով ընտանիքների անդամներից շատերը փորձեր են արել` տրամադրված բնակարանների փաստաթղթերը կեղծելով դրանք վաճառել: Նրանցից շատերը հակված են սեփականաշնորհման իրավունք ստանալ, որպեսզի վաճառեն բնակարանները, դրա համար էլ սկզբունքորեն ճիշտն այն է, որ բնակարանները հանդիսանան «Դիակոնիա» հիմնադրամի սեփականությունը: Այդ սկզբունքի նպատակը երեխաներին ապահովագրելն է, որպեսզի ծնողների սխալ քայլից նրանք կրկին փողոցում չհայտնվեն:

Իրավաբան Շողեր Դանիելյանը նշում է, որ բնակչները պետք է կնքեն գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը ՀՀ-ում գործող սահմանված պայմանագիր է: «Թաղամասում մոտ 40 ընտանիք կա, որոնք կարգին մարդիկ են: Վաչագան Խաչատրյանը հայտարարում է, թե ես այն ոսկորն եմ, որը պիտի կանգնի հիմնադրամի կոկորդին: Նրանք հրաժարվում են պայմանագիր կնքելուց՝ պատճառաբանելով, որ կզրկվեն իրենց իրավունքներից: Պահանջում է սեփականության իրավունք, այլ ոչ թե անհատույց օգտագործման իրավունք»: Շ. Դանիելյանի հավաստմամբ՝ Խաչատրյանների բողոքների հիման վրա հանձնաժողովի անդամները ստուգումներ են կատարել եւ համոզվել են, որ դրանք կեղծ բամբասանքներ են: Ի դեպ, հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախագահի աշխատակազմի, Սոցապ նախարարության, քաղաքապետարանի եւ կառավարության ներկայացուցիչներ: Ստուգումներ կատարում են նաեւ Շվեյցարիայի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները: «Նա պահանջում է 5 սենյականոց բնակարան, բայց սա քաղաքապետարան չէ, բարեգործական հիմնադրամ է, որն իր հնարավորության սահմաններում մարդկանց օգնում է,- ասում է Շ. Դանիելյանը,- եթե չեն ուզում` թող ազատեն բնակարանը, որովհետեւ այսօր շատ կարիքավոր մարդիկ կան, որոնց անհրաժեշտ է, եւ շնորհակալ կլինեն դրա համար: Այս մարդկանց հետ հնարավոր չէ նորմալ փոխհարաբերություններ ստեղծել, ինչ առաջարկեցինք՝ չհամաձայնեցին: Երեխաների քանակը շահարկելով` թելադրում են իրենց ուզածը»: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վազգեն Համբարձումյանը հայտարարում է, որ Խաչատրյանների վարքագիծն ի սկզբանե բողոքական է եղել: «Երբ նրան ուղարկեցինք անվճար վիրահատության` բժիշկն ինձ տեղեկացրեց, որ Վաչագանը թմրամոլ է»,- ասում է պրն Համբարձումյանը: «Դուք ասում եք մի բան, որը հակասում է ձեր պայմանագրի կետերին»,- ասացի։ «Ես չեմ հետապնդել, չգիտեի, վիրահատության ժամանակ եմ իմացել: Նրա նպատակը բնակարանը վաճառելն է: Նրա կինն էլ համաձայն չէ, որ բնակարանը սեփականաշնորհվի, որովհետեւ համոզված է, որ ամուսինը կվաճառի, կփախնի: Ավել տարածք է ուզում` թող գնա Երվանդ Զախարյանին խնդրի: Տարիներ առաջ այդ մարդն արտասահմանում թմրաբիզնեսի մեջ մեղադրվելու համար դատապարտվել է ազատազրկման»,- ասում է պրն Համբարձումյանը: Ըստ նրա, Խաչատրյանների նպատակն է չաշխատելով, երեխաներին օգտագործելով, «Դիակոնիային» վարկաբեկելով ստանալ այն ամենը, ինչ հնարավոր է: