Զինված հարձակումները շատացել են

01/02/2006

Երեկ ժամը 10.00-ին զինված հարձակում է կատարվել Երեւանի քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանի` Հր. Քոչարի փողոցի վրա գտնվող բնակարանում: Հանցագործները կապել են Ա. Սարգսյանի կնոջն ու երեխաներին եւ բնակարանից հափշտակել փոքր չհրկիզվող պահարանը: Վերջին շրջանում հանրապետությունում շատացել են զինված հարձակումների դեպքերը: Մասնավորապես, հունվարի 21-ին Հայաստանի եւ Վրաստանի 5 քաղաքացիներ հրազենի սպառնալիքի տակ գումար են հափշտակել Բաղրամյան փողոցի վրա գտնվող արտարժույթի փոխանակման կետից (կարդացեք նաեւ` էջ 6): Նման հանցագործությունները կատարվում են մեծամասամբ

ՀՀ քաղաքացիների կողմից: Զինված հարձակումների եւ մանրումեծ գողությունների այս քանակը հիշեցնում է 1990-1994 թթ.: Իսկ վերջերս մետրոյի կայարաններից մեկում մի երիտասարդ անցորդ աղջկա վրա դանակ պահելով հանել էր տվել երկարաճիտ կոշիկները… Թվում էր, թե հաղթահարել ենք այդ ծանր տարիները, սակայն պարզվում է՝ վերադառնում ենք նույն ժամանակներ: Այսօր առավել զգույշ պետք է լինել, քանի որ շատերը «ջրի մարդու», «լույսի մարդու» (եւ այլն) անվան տակ կարող են ներխուժել բնակարաններ: