Նախորդ տարեվերջին Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում սենսացիոն բացահայտում է կատարվել: Դեկտեմբերի 23-ին ցմահ ազատազրկման դատապարտվածների 88 խցում կատարված խուզարկության ժամանակ զուգարանի հետին մասում հայտնաբերվել է թաքստոց, որտեղից դուրս է բերվել ավելի քան 60 հատ նրբասղոց (լոբզիկ) եւ նրբասղոցների կտորներ: Բացի այդ, թաքստոցում հայտնաբերվել են նաեւ սպիրտ, ինքնաշեն գինեթուրմ, ավազ, ցեմենտ, գաջ, մետաղյա լարեր, ինքնաշեն պարան: Մասնագետների կարծիքով, այս ամենը բավական էր կալանավայրից փախուստ կազմակերպելու համար: Բացի այդ, հնարավոր էր, որ ինքնաշեն պարանի միջոցով այդ սղոցները հայտնվեին նաեւ մյուս խցերում: Կալանավայրում կատարված հայտնաբերման մասին մեր տեղեկությունները հաստատեցին ՀՀ Արդարադատության նախարարությունում: Ըստ նախարարի մամլո խոսնակ Արա Սաղաթելյանի` խցի դատապարտյալներ Արտակ Ալեքյանը, Հակոբ Խաչատրյանն ու Արամ Պետրոսյանը կատարվածի առնչությամբ հրաժարվել են գրավոր կամ բանավոր բացատրություններ տալուց, իսկ խուզարկության ժամանակ հրաժարվելով կատարել բանտապահների պահանջները, միմյանց կոչ են արել թույլ չտալ խցից հանել արգելված իրերը: Արդյունքում, նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ: Իսկ կատարվածի վերաբերյալ այժմ ընթանում է ծառայական քննություն:
Ի դեպ, մեր տեղեկություններով, նույն դատապարտյալների մոտ նախորդ տարվա ապրիլին եւս հայտնաբերել էին նրբասղոցներ, ինքնաշեն պարաններ, մուրճ, մետաղալարեր, բջջային հեռախոս եւ այլն: Իսկ ստուգման ժամանակ պարզվել էր, որ կտրված են խցի երեք վանդակաճաղերը: Փախուստի փորձ կատարելու համար դատապարտյալների նկատմամբ այն ժամանակ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 35 եւ 355 հոդվածների հատկանիշներով: Իսկ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ դատապարտյալներին 2005թ. հունիսի 10-ին դատապարտել էր եւս 2 տարվա ազատազրկման:
Ա.Գ.