Հայաստանյան քաղաքական դաշտի չափազանց ծանրակշիռ ուժերից մեկը դադարեցնում է իր հրապարակային գործունեությունը: Իսկ ի՞նչն է այդ ուժին ստիպել դիմել նման ծայրահեղ քայլի եւ հայ ժողովրդին, ըստ էության, թողնել բախտի քմահաճույքին: Այս մասին` քիչ հետո:
Հայաստանի Առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հունվարի 28-ին հրավիրել էր, իր խոսքերով` նախավերջին ասուլիսը: Վերջինիս ընթացքում տեղեկացանք, որ ՀԱԿ գնահատմամբ` Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին քաղաքականության` 2005-ի ամռանը տեղի ունեցած փոփոխության արդյունքում առաջացավ «տնտեսական ազդեցություն գործադրելու անհրաժեշտություն», որի նպատակն, ըստ պարոն Ուրիխանյանի, «գունավոր հեղափոխություններ» վերապրած երկրներում արհեստական ճգնաժամ առաջացնելով, ըստ էության, հեղափոխությունների արդյունքը զրոյացնելն է, մեկնարկային վիճակի բերումը եւ ՌԴ` դրանց վրա ունեցած ազդեցության վերահաստատումը: ՀԱԿ առաջնորդի խոսքերով` Արեւմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող այդ երկրների հանդեպ բացահայտ ճնշում չցուցաբերելու եւ տարածաշրջանային մյուս երկրների համեմատությամբ խտրականություն իբրեւ չդնելու համար հայտարարվեց այդ երկրներին մատակարարվող գազի նոր, ընդհանուր սակագին: «Մի շարք վերլուծությունների արդյունքում եւ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հաղորդած տեղեկությունների համաձայն (մոտ մեկ շաբաթ առաջ գրեթե վերջնականորեն հաստատված 80-85 դոլար 1000 խորանարդ մետր (խմ) գազի դիմաց)` կարելի է վստահորեն պնդել, որ ՀՀ-ի հետ բացարձակապես անանջատելի ռազմական կապերով կապակցված ՌԴ-ն վերահաստատում է մեր երկրի հանդեպ ռազմավարական գործընկերոջը, բարեկամական պետությանը վայել վերաբերմունքը, որը սակայն, համաշխարհային քաղաքական դիվանագիտության կանոնների համաձայն` հարկադրված է քողարկել իբր բարձրացվող գազի գնի հայտարարությամբ»,- նշեց Տ. Ուրիխանյանը: Վերջինիս խոսքերով` հայ քաղաքական մտքի բազմաթիվ «գիգանտներ», հեռու լինելով որեւէ վերլուծություն կատարելու ընդունակությունից, անմիջապես սկսեցին դատապարտել ՌԴ-ի գործողությունները, չնայելով նախագահների եւ միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` դեռ շարունակվող բանակցությունների շարունակությանը, որի ժամանակ, նրա համոզմամբ` հարկավոր էր բարձրացնել լայն հասարակական ալիք ու հանրային ընդվզում` ի պաշտպանություն պաշտոնական Երեւանի գործողությունների, այլ ոչ թե` սեփական քաղաքական շահերից ելնելով լացակումած ելույթներ ունենալ: Տ. Ուրիխանյանի խոսքերով` հենց այս հանգամանքով էր պայմանավորված գազամուղը պայթեցնող ահաբեկիչների քայլը, որով Վրաստանին վերջնական հարված հասցնելով, ցույց տվեցին նաեւ Հայաստանին, թե ինչ կարող է լինել, եթե…: «Զարմանալի համընկնումով, Սահակաշվիլու կոշտ մեղադրական հայտարարությանն ի պատասխան, խողովակներում կուտակվեց դրանց վերանորոգումը եւս 80-100 ժամով հետաձգող կոնդենսատը»,- իրենց նախավերջին ասուլիսում նկատեց ՀԱԿ ղեկավարը: Վերջինս այդ նախավերջին ասուլիսում նաեւ տեղեկացրեց, թե իրենք խստագույնս դատապարտում են ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման դիմաց որեւէ վճար պահանջելու մասին արվող ցանկացած հայտարարություն: Միեւնույն ժամանակ` ՀԱԿ-ը դատապարտում է նաեւ այդ բազաները տեղակայող երկրի պաշտոնական ներկայացուցիչների ցանկացած քայլ, «որը կարող է այդպիսի հարցերի շուրջ մտահոգություն առաջացնել մեր հասարակության մեջ»: Այդ նախավերջին ասուլիսում պարոն Ուրիխանյանը նաեւ համոզմունք հայտնեց, թե 10 օրվա ընթացքում պաշտոնապես կհայտարարվի «80-85 դոլար 1000 խմ գազի դիմաց սակագինը» եւ դա հաստատող պայմանագիրը կգործի մինչեւ 2013-14 թվականները: «ՀՀ-ի` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ոչ միայն չի խոչընդոտի վերոգրյալ հարցերի լավագույնս կարգավորմանը, այլեւ կնպաստի 2007-ին աբխազական երկաթգծի վերաբացմանը»,- կարծում է Տ. Ուրիխանյանն ու ավելացնում, թե Հայաստան-Իրան կառուցվող գազամուղին զուգահեռ` 2007-ի հուլիսից կսկսվի տարանցիկ փոխադրման հնարավորություն ունեցող պահեստային խողովակի տեղադրումը: Հետաքրքիր է, իսկ այս վերջին պնդումը դարձյալ առաջին ձեռքից եկող տեղեկությո՞ւն է, ինչպես գազի դեպքում, թե՞ կանխատեսում: «168 Ժամի» այս հարցին ի պատասխան, բանախոսը տեղեկացրեց, թե դա «տեղեկություններով հիմնավորված կանխատեսում է»: Այսքանից հետո իրենց նախավերջին ասուլիսում ՀԱԿ ղեկավարը խորհրդավոր տոնով նշեց, թե 2008-ին նոր կպարզվի, թե ինչ կապ ունի այս ամենի հետ այն հանգամանքը, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության համակարգում, ըստ նրա, աշխատում են մոտ 800 աշխատակիցներ (որոնց նա անվանեց զինվոր), իսկ ՌԴ դեսպանատան անվտանգության համակարգում` ընդամենը 40:
Լավ, վերջապես ինչո՞ւ էր հունվարի 28-ին հրավիրված այդ ասուլիսը նախավերջինը: «Որովհետեւ վերջին ասուլիսը կլինի հետեւյալը. մենք կհայտարարենք, թե որ քաղաքական ուժի, ուժերի, ինչ միավորման մեջ ենք գնալու ընտրություններին եւ ում ենք սատարելու նախագահական ընտրությունների ժամանակ»,- տեղեկացրեց Տ. Ուրիխանյանն ու հավելեց, որ այդ վերջին ասուլիսն էլ տեղի կունենա 20-25 օր հետո: «Դա տեղի կունենա 20-25 օր հետո: Չե՞ք լսել այդ թիվը մի քանի օր առաջ: Էլ ո՞վ էր ասել` 20-25 օրով հետաձգում եմ իմ հայտարարությունը»,- հարցրեց ՀԱԿ ղեկավարը: Միգուցե վերջինս նկատի ունի ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՞ն, քանզի օրերս նման հայտարարություն էր արել հենց Պաշտպանության նախարարը: «168 Ժամի» այս հարցին էլ Տ. Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Ես որեւէ անուն չտվեցի եւ հաստատ չեմ տա. մանավանդ` այդ անունը»: Ինչեւէ, Տ. Ուրիխանյանը նաեւ տեղեկացրեց, թե այդ վերջին ասուլիսից հետո ՀԱԿ հրապարակային գործունեությունը կդադարի, սակայն ՀԱԿ-ը չի լուծարվի եւ այլ կուսակցության չի միանա: