Այն օրերին, երբ ՀՀ ֆինանսների նախարար Վ. Խաչատրյանը վարչապետին ներկայացրած իր հաշվետվությունից հետո պատասխանում էր լրագրողների հարցերին, մի պահ լավատեսական զգացումներ արթնացան։ «Աղքատության մակարդակը 2005թ. ընթացքում նվազել է 3.9 տոկոսային կետով եւ կազմել է 39 տոկոս»,- նշված էր հաշվետվության մեջ։ Սակայն երբ համեմատում ես պաշտոնական տվյալներն ու աչքիդ տեսածը՝ հայտնվում ես քաոսային իրավիճակում։ Որքան աղքատությունը մեծանում է, այնքան ավելի շատ ես հանդիպում փող մուրացող մարդկանց։ Եվ գալիս ես այն եզրակացության, որ պատկան մարմիններին հետաքրքրում է ոչ թե աղքատության նվազեցումը, այլ թվային առումով դրա պատկերումը թղթի վրա։ Այսինքն՝ հազարավոր աղքատ մարդիկ մեր չինովնիկների աչքին երեւում են ոչ թե որպես մարդ, այլ, ասենք, X տոկոսային կետ։
Տարիներ շարունակ հայերը հպարտացել են իրենց ազգային արժանապատվությամբ, իսկ այսօր որպես նվաճում ներկայացնում են այն, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ստանալու ենք ավելի քան 230մլն ԱՄՆ դոլար։ Իսկ այս կորպորացիան այդ օգնությունը տրամադրում է աշխարհի ամենաաղքատ երկրներին։ Ի՞նչ ենք անում՝ ազգովի ողորմությո՞ւն ենք խնդրում։ Կարելի է ասել, ամոթ է, ամաչելով ենք խնդրում, բայց ամենաամոթալին այն է, որ ամենաաղքատ երկրների մեջ նաեւ ամենա ոչ ժողովրդավարն ենք, քանի որ այդ գումարի հատկացումը հանրաքվեի պատճառով հայտնվել է հարցականի տակ։
Որպես նվաճում է ներկայացվում նաեւ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 20 մլն ԱՄՆ դոլար վարկը։ Այն ուղղված է հանրապետությունում աղքատության հաղթահարմանը եւ տրված է 40 տարով։ Գումարն ուղղվելու է պետբյուջե եւ ծախսվելու է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում նախագծված աշխատանքների վրա։ Բացի այս, մեզ գրանտ է տրամադրել նաեւ Հոլանդիան՝ 4.7մլն դոլար։
Այսինքն, բոլորը կարծես մտածում են մեր երկրում աղքատությունը նվազեցնելու մասին։ Իսկ մե՞նք։ Մենք էլ ենք այդ ուղղությամբ մտածում, սակայն երեւի ավելի ճիշտ կլինի ասել՝ մտածում ենք ոչ թե աղքատությունը նվազեցնելու, այլ այն մասին, թե ինչպե՞ս ցույց տանք, որ այս ուղղությամբ աշխատում ենք։ Եթե դրսում տեսնեն, որ իրենց գումարներն աննպատակ ծախսվում են, մեզ այլեւս փող չեն տա։
Իսկ ինչպե՞ս կարելի է ցույց տալ, որ աշխատանքներ են կատարվել։ Ճիշտ է, պետք է թվերով հիմնավորել, որ աղքատությունը նվազել է։ Իսկ դրա համար կա մի շատ հարմար եղանակ։ Աղքատությունը հաշվարկվում է սպառողական զամբյուղի հիման վրա։ Այսինքն՝ հաշվարկվում է, թե մարդուն ինչ քանակի եւ ինչ տեսակի ծառայություններ են անհրաժեշտ նորմալ գոյատեւելու համար, եւ այդ ապրանքների ու ծառայությունների գումարային մեծությունը համեմատվում է եկամուտների հետ։ Եթե եկամուտները փոքր են սպառողական զամբյուղի գնից, նշանակում է` մարդը գտնվում է աղքատության գծից ներքեւ։
Սպառողական զամբյուղում ներառված ապրանքները եւ ծառայություններն ունեն մի շատ բնական հատկություն. դրանց գներն աճում են։ Հետեւաբար, աճում է նաեւ սպառողական զամբյուղի գինը։ Եթե սպառողական զամբյուղի գինն ավելանում է, իսկ եկամուտները մնում են անփոփոխ, ապա աղքատության մակարդակն աճում է։
Իսկ մեզ մոտ ի՞նչ է տեղի ունենում։ Հայտարարվում է, որ աշխատավարձերը բարձրանում են։ Ընդ որում, դա արվում է այնպիսի լղոզված կերպով, որ շատերի համար պարզ չի լինում, թե իր աշխատավարձն ինչ չափով է բարձրացել։ Այն, որ աշխատավարձի բարձրացումն էական չէ, ոչ ոք չի կարող ժխտել։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ ժողովրդի եկամուտների մեծ մասը գոյանում է ոչ թե պետբյուջեից վճարված միջոցներից, այլ ուրիշ աղբյուրներից, որոնց մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում արտասահմանյան տրանսֆերտները։ Եթե սրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ դոլարի փոխարժեքը, հետեւաբար եւ` դոլարային օգնություն ստացող բնակչության մի մասի իրական եկամուտները, իրականում նվազել են, ապա հասկանալի է դառնում, որ աղքատության նվազեցման վիճակագրություն արձանագրելու համար սա բավարար չէ։ Հարկավոր է էլի ինչ-որ բան անել։
Իսկ ի՞նչ կարելի է անել: Պատասխանը մեկն է՝ այն, ինչ անում են Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) ու Կենտրոնական բանկը։ Նրանք ցույց են տալիս աննախադեպ ցածր սղաճ։
Մասնավորապես, ԱՎԾ-ի պաշտոնական ինտերնետային կայքում կարող եք ծանոթանալ 2005թ. սպառողական գների ինդեքսին (ՍԳԻ)։ Այստեղ դուք զարմանքով կհայտնաբերեք, որ 2005թ. դեկտեմբերի վերջի դրությամբ մեր ՍԳԻ-ն կազմել է 100.6։ Այսինքն, 2004թ. համեմատ անցյալ տարվա ընթացքում գներն աճել են ընդամենը 0.6 տոկոսով։ Պակաս հետաքրքիր չէ նաեւ այն հանգամանքը, որ դատելով 2005թ. 12 ամիսների տվյալներից՝ կարելի է եզրակացնել, որ ողջ տարվա ընթացքում գները կայուն կերպով նվազել են (աղյ.)։
Աղյուսակ
Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում
(2005 թ. hունվար-դեկտեմբեր ամիսները նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանների համեմատ)
Հունվար 104.9
Փետրվար 104.8
Մարտ 104.4
Ապրիլ 103.6
Մայիս 102.9
Հունիս 102.3
Հուլիս 101.5
Օգոստոս 101.1
Սեպտեմբեր 100.9
Հոկտեմբեր 100.8
Նոյեմբեր 100.7
Դեկտեմբեր 100.6
Սրան անդրադարձել էինք «168 Ժամ»-ի նախորդ համարներից մեկում։ ՀՀ ցանկացած բնակիչ, որը գոնե տարին 1-2 անգամ գնումներ է կատարում, դժվար թե հավատա այս վիճակագրությանը։ Դա կապն է (հեռախոսի եւ հեռագրի ծառայությունների գները)։ Այդ ցուցանիշը կազմել է 97։ Այսինքն, 2005թ. ընթացքում կապի ծառայությունների գները, ըստ ԱՎԾ-ի, նախորդ տարվա համեմատ նվազել են 3%-ով։
Այս ամենի արդյունքն այն է, որ սպառողական զամբյուղի գինն աննշան փոփոխություն է կրել, ինչը չի կարող բացասաբար անդրադառնալ աղքատության ցուցանիշի վրա։ Ինչպես ասել է իմաստուն մարդկանցից մեկը՝ կա սուտ, կա ահավոր սուտ, եւ կա վիճակագրություն։ Թեեւ ամեն մարդ իրավունք ունի որոշել՝ հավատա վիճակագրությա՞նը, թե՞ իր սեփական աչքերին։ Պարզապես ակնհայտ է դառնում, որ ոչ մի բան հենց այնպես չի արվում։