Ո՞վ է շարունակաբար պղծում Հոլոքոստի հուշարձանը Երեւանում

01/02/2006 Էմիլ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երեւանցիներից քչերը գիտեն, որ իրենց քաղաքում կա մի հուշաքար, որը նվիրված է մարդկության դեմ կատարված թերեւս ամենածանր հանցագործության զոհերին: Օղակաձեւ զբոսայգու «Պապլավոկ» սրճարանին հարող հատվածում տեղադրված այդ փոքրիկ եւ համեստ հուշաքարն աննկատ է նույնիսկ նրա կողքով անցնողների մեծամասնության համար: Իսկ փոքրաթիվ նկատողներն էլ կարող են զարմանալ, թե ինչու է նրա վրա փորագրված Դավթի աստղը մի տեսակ լղոզված: Այն մոտիկից զննելիս նրանք կնկատեն բազմաթիվ փոսիկներ ու քերծվածքներ: Մոտ երկու ամիս առաջ ինչ-որ մեկը համառորեն փորձել է մուրճի եւ երկաթե սուր գործիքի միջոցով ջնջել հրեա ժողովրդի հայտնի խորհրդանիշը: Սակայն հասկանալով, որ դա անելն այնքան էլ հեշտ չէ, «գործը» կիսատ է թողել եւ հեռացել: Այնուամենայնիվ, հասցված վնասը բավական լուրջ է:

Սա նմանատիպ առաջին (եւ միգուցե վերջին) դեպքը չէ: Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող բազալտե հուշաքարը բազմիցս է պղծվել վերջին մեկուկես տարվա ընթացքում: Այն սկզբում տեղադրվել էր Օղակաձեւ այգու մեկ այլ՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակա հատվածում: Սակայն 2003 թվականի ամռանը Երեւանի քաղաքապետարանը որոշեց այն հեռացնել եւ դրա զբաղեցրած կանաչ տարածքը հատկացնել մի փողատիրոջ՝ քաղաքը հերթական «վետերոկով» գեղեցկացնելու նպատակով: Հայաստանի փոքրաթիվ հրեական համայնքին մի կերպ հաջողվեց հուշաքարն իր ներկայիս վայր տեղափոխելու թույլտվություն ստանալ, ինչին հետեւեցին դրա կանոնավոր պղծումները:

Առաջին լուրջ պատահարը գրանցվեց 2004 թ. սեպտեմբերի 17-ին՝ հրեական Նոր տարվա տոնակատարությունների վերջին օրը, երբ անհայտ վանդալները սպիտակ ներկով հուշաքարի վրա խաչ եւ «սատանայական» 666 թիվը նկարեցին: Հավանաբար նույն անձինք էլ հետագա մի քանի ամիսների ընթացքում այն առնվազն չորս անգամ տապալել են գետնին: Վերջին նման միջադեպը գրանցվել է 2005 թ. փետրվարի 11-ին: Ոստիկանությունն այն ժամանակ եզրակացրեց, որ հուշաքարն ինքն իրեն է շուռ եկել, առանց որեւէ արտաքին միջամտության: Հրեական համայնքի ղեկավարներն ու այգին խնամող «Պապլավոկի» աշխատողները դա բացառեցին: Վերջիններս պատահածից հետո լրջորեն ամրացրին հուշաքարի հիմքը, եւ այն մինչ այժմ կանգուն է մնացել:

Այնուհանդերձ, վանդալներն իրենց գոյության մասին կրկին հիշեցրին նոյեմբերի վերջին, այս անգամ որպես թիրախ ընտրելով Դավթի աստղը: Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց: Հունվարի 26-ի առավոտյան՝ Հոլոքոստի զոհերի միջազգային օրվա նախօրեին, հուշաքարի կողքով անցնողները չէին կարող չնկատել նրա վրա սեւ ներկով նկարված ֆաշիստական մեծ սվաստիկան: Սրճարանի աշխատողներն այն արագորեն մաքրեցին միջադեպի մասին տեղյակ պահվելուց հետո: Ինչպես բանվորներից մեկն ասաց. «Էս քարի ձեռը կրակն ենք ընկել: Վրան ինչ ասես չեն թափել. սպիտակ ներկ, սեւ ներկ, մազութ»:

Հակահրեական վանդալիզմի նման դրսեւորումներ պատահում են նաեւ աշխարհի ամենազարգացած երկրներում, որտեղ հակասեմիտիզմը դարձել է մարդատյացության եւ տգիտության հոմանիշ: Սակայն այնտեղ դրանք միշտ հսկայական աղմուկ են առաջացնում, խստորեն դատապարտվելով այդ երկրների առաջին դեմքերի կողմից: Նույնիսկ հակասեմիտիզմի խորը արմատներ ունեցող Ռուսաստանում վերջերս մեծ իրարանցում էր առաջացրել Մոսկվայի գլխավոր սինագոգի վրա երիտասարդ մի ֆաշիստի կատարած հարձակման արդյունքում: Դրան հետեւած նախաքննությունն ընթանում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ու գլխավոր դատախազի անձնական հսկողության տակ:

Հայաստանում, սակայն, ոչ մի բարձրաստիճան պետական պաշտոնյա կամ հայտնի մտավորական Հոլոքոստի հուշաքարի շարունակվող պղծումները դատապարտող հայտարարություններով դեռ հանդես չի եկել: Մեր իշխանությունների բախտը բերել է այն առումով, որ տեղի հրեական համայնքն աշխատում է բարձրաձայն չխոսել երեւանյան վանդալիզմի եւ հակասեմիտական այլ դրսեւորումների մասին, վախենալով, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել Հայաստանի միջազգային վարկին: «Մենք շարունակում ենք մաքրել մեր հուշարձանը: Մենք այդ կապակցությամբ որեւէ հայտարարություն չենք անում, որովհետեւ սա Հայաստանի քաղաքականությունը կամ հայ ժողովրդի դիրքորոշումը չէ»,- ասում է համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նրա խոսքերով՝ «Կան սեւ ձեռքերով չար մարդիկ, որոնք կրկին փորձում են տարածել այն միտքը, որ Հայաստանում կա հակասեմիտիզմ: Բայց անկասկած այն գոյություն չունի»։

Հոլոքոստի հուշաքարին հասցված անդառնալի վնասը ցույց է տալիս, որ նման խնդիր, այնուամենայնիվ, կա: Ի տարբերություն Եվրոպայի եւ Ռուսաստանի, Հայաստանը հակասեմիտիզմի ավանդույթներ չի ունեցել: Երեւի այն պատճառով, որ հրեաներն այստեղ երբեք մեծ թիվ չեն կազմել եւ հետեւաբար լուրջ մասնակցություն չեն ունեցել մեր երկրի տնտեսական եւ հասարակական կյանքում: Այս հարցում նաեւ կարեւոր դեր է խաղացել հայերի եւ հրեաների պատմական ճակատագրերի ընդհանրությունը: Ըստ երեւույթին, հակասեմիտիզմի սերմերը Հայաստանում ցանվեցին 1960-ական եւ 1970-ական թվականներին: Դրանում մեծ դեր ունեցան սովետահայ որոշ պատմաբաններ, որոնք պնդում էին, թե հայերի ցեղասպանությունը ծրագրավորելիս եւ իրագործելիս Երիտթուրքերն ուղղորդվել են հրեաների սիոնիստ առաջնորդների կողմից: Թե կոնկրետ ինչպես են սիոնիստներն օգտվել Հայոց Մեծ եղեռնից, Իսրայելի պետությունը ստեղծելիս երբեք չի բացատրվել:

Այս ծիծաղելի տեսությունը, որի հետեւից երեւում են սովետական ՊԱԿ-ի ականջները, որդեգրվեց հայ ծայրահեղ ազգայնական շրջանակների կողմից: Այդ ուժերը հատկապես ակտիվացան վերջին տարիներին, տեղական մամուլի միջոցով անխափան տարածելով իրենց հակահրեական մտքերը: «Ցեղապաշտների» ամենակարկառուն ներկայացուցիչ Արմեն Ավետիսյանը 2003 եւ 2004 թվականներին դարձավ հայկական առաջատար թերթերի (նույնիսկ իրենց արեւմտամետ համարող) գլխավոր հերոսներից մեկը: Հարցազրույցներից մեկում Ավետիսյանը սպառնաց Հայաստանից արտաքսել բոլոր հրեաներին: «Ջհուդներին» հայհոյելը դարձավ նաեւ ԱԼՄ հեռուստաալիքի սեփականատեր-մեկնաբան Տիգրան Կարապետյանի սիրված զբաղմունքներից մեկը:

Մեր իշխանություններն այս ամենի դեմն առնելու ցանկություն չունեին, մինչեւ որ Հայաստանը չհիշատակվեց ԱՄՆ Պետքարտուղարության՝ 2005-ի հունվարին հրապարակված հակասեմիտիզմի մասին տարեկան զեկույցում: Ավետիսյանին արագորեն ձերբակալեցին, երկու ամիս պահեցին բանտում եւ այնուհետեւ ազատ արձակեցին, դատապարտելով երեք տարվա պայմանական ազատազրկման: Դատարանում հավաքված մի քանի տասնյակ «ցեղապաշտներ» իրենց առաջնորդին դիմավորեցին որպես ազգային հերոսի: Ավետիսյանի ազատ արձակելու օգտին էին արտահայտվել նաեւ մի շարք հայտնի քաղաքական գործիչներ եւ նույնիսկ մարդու իրավունքների այն ժամանակվա օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Ռիմա Վարժապետյանի կարծիքով՝ այդ դատական գործը դրական ազդեցություն ունեցավ հակասեմիտիզմի հետագա տարածումը կանխելու առումով: «Հակասեմիտիզմի դրսեւորումների հետ կապված այն տհաճ օրերը, որ մենք ապրեցինք նախորդ տարվա ընթացքում, կարծես թե արդեն անցել են»,- ասում է նա: Եվ իրոք, «Հայ արիական միաբանություն» կոչվող կուսակցության ղեկավարն իր ձերբակալվելուց հետո հակահրեական արտահայտություններ հրապարակայնորեն չի արել: Նույնը թերեւս կարելի է ասել Տիգրան Կարապետյանի մասին, որը հիմա զերծ է մնում հրեաների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուց: Այդ առումով բավական հատկանշական է, որ ԱԼՄ-ի նկարահանող խումբն այն փոքրաթիվ լրագրողների թվում էր, ովքեր ներկա էին եւ պատշաճ ձեւով լուսաբանեցին հրեաների ցեղասպանության հուշաքարի մոտ հունվարի 27-ին տեղի ունեցած միջոցառումը:

Այդ միջոցառումը, որ կազմակերպել էր հրեական համայնքը, նվիրված էր ՄԱԿ-ի կողմից հայտարարված Հոլոքոստի զոհերի միջազգային օրվան: Կազմակերպիչների ասելով՝ նրանք հրավիրել էին նաեւ Հայաստանի կառավարության եւ հայ հասարակության հայտնի ներկայացուցիչների: Սակայն նրանցից միայն մեկը՝ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը որոշեց ներկա լինել արարողությանը: «Հոլոքոստը մեծ ողբերգություն էր ոչ միայն հրեա ժողովրդի, այլ նաեւ մարդկության համար,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: -Մենք` հայերս, պարտավոր ենք նման ողբերգություններին գնահատական տալ, որպեսզի դրանք չկրկնվեն: Ի վերջո, մենք ինքներս ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք»:

Մինասյանը, որը ղեկավարում է ԱԺ Հայ-իսրայելական բարեկամության պատգամավորական խումբը, նաեւ դատապարտեց հուշաքարի դեմ կատարված ոտնձգությունները. «Մեկուկես միլիոնանոց քաղաքում միշտ էլ կգտնվեն մեկ-երկու թափթփուկներ, որոնք նման անբարոյական արարքներ են գործում: Դա մեր ազգին հարիր չէ»:

Նման հայտարարությունները դժվար թե զսպեն հուշարձանը պղծողներին, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ իշխանությունները չեն էլ փորձում իրենց հայտնաբերել եւ պատժել: Վանդալների գործը շուտով կարող է բարդանալ այլ պատճառով: Բանը նրանում է, որ հրեական համայնքը մտադիր է Հոլոքոստի հուշաքարը փոխարինել ավելի մեծ արձանով: «Այն լինելու է ի հիշատակ անցյալ դարի բոլոր ցեղասպանությունների զոհերի, ներառյալ` Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը: Մենք վստահ ենք, որ այլեւս ոչ ոքի ձեռքը չի բարձրանա պղծել այդ հուշարձանը»,- ասաց Ռիմա Վարժապետյանը: Նրա խոսքերով՝ համայնքը վերջերս այդ նպատակով հանգանակություն է սկսել: Առայժմ գումարներ ստացվել են միայն հրեաներից: