Երեկ քաղաքապետարանի ճեպազրույցում Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը տեղեկացրեց այն մասին, որ առողջության առաջնային պահպանության ոլորտին ուղղվող ֆինանսներն ավելացել են եւ բյուջեի հաշվին առաջնային բուժօգնությունը դարձել է անվճար, այսինքն՝ պետպատվերի շրջանակներում: Ամբուլատոր պոլիկլինիկ ծառայություններին ուղղվող գումարներն ավելացել են 15%-ով: Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է չափորոշիչ, որով սահմանվում է` անկախ սոցիալական կարգավիճակից առաջնային օղակում բուժօգնություն մատուցել անվճար: Այս ծրագիրն, ինչպես նշեց պրն Սողոյանը, նպատակ ունի բուժօգնությունը մոտեցնել բնակչությանը, դարձնել ավելի մատչելի եւ հնարավորություն ստեղծել ավելի վաղ հայտնաբերելու, կանխարգելելու հիվանդությունները՝ վաղ շրջանում առաջնային օղակում բուժելու համար: Այս պարագայում քաղաքացին հնարավորինս զերծ կմնա ստացիոնար բուժումից, ինչը բնականաբար թանկ է նստում թե՛ պետության եւ թե՛ քաղաքացու վրա: «Շատ կարեւոր է, որպեսզի բնակիչներն իմանան, որ տեղամասային պոլիկլինիկաներում ամենակարեւոր օղակը տեղամասային մանկաբույժը, թերապեւտը եւ ընտանեկան բժիշկներն են, որոնք հիմնական պատասխանատուներն են հանդիսանում իրենց կցագրված բնակիչների առողջության համար»,- ասաց պրն Սողոյանը: Անվճար նեղ մասնագիտական օգնությունը, լաբորատոր գործիքային հետազոտությունները կարող են իրականանալ միայն նշված մասնագետների ուղեգրի առկայության դեպքում: Ստացիոնար պայմաններում նույնպես պետական պատվերի համար հիմք են հանդիսանում նշված մասնագետների ուղեգրերը: Մեջբերելով նախնական վերլուծության արդյունքները` պրն Սողոյանը նշեց. «Պոլիկլինիկաների մասով այցելությունների թիվը 2004-ի նկատմամբ 2005-ին աճել է 14%-ով, կանխարգելիչ այցերը` 13%-ով, տնային այցերը` 19,5%-ով: Անցյալ տարի ավելացավ 65 տարեկանից բարձր խմբի սպասարկումը պետպատվերի շրջանակներում, եւ արդյունքները ցույց տվեցին, որ բավական մեծացել է գործունեությունը: Այս տարի, մինչեւ հունվարի 27-ի վերլուծությունները ցույց են տալիս բավականին մեծ աճ»: Պոլիկլինիկ հաճախումները 26 օրերի ընթացքում ավելացել են 47%-ով, տնային կանչերը` 24%-ով, իսկ լաբորատոր գործիքային հետազոտությունները` 50%-ով: Պրն Սողոյանի կարծիքով՝ որոշումը հասել է բնակչությանը, եւ նրանք ակտիվորեն օգտվում են առաջին օղակում բուժօգնություն, ախտորոշում ստանալու իրենց իրավունքից: Պրն Սողոյանի տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի ծննդատներում 2005թ. արձանագրվել է ծնունդների 3,5% աճ: Ի դեպ, 2007թ. առաջնային օղակներում բժիշկների ընտրություններ են լինելու, այսինքն՝ բնակչության հավաքագրում է սկսվելու, որի միջոցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնող բժիշկներն այլեւս չեն աշխատի պոլիկլինիկաներում: Բժիշկներին ընտրելու են բնակիչները, այնպես որ, անվճար սպասարկել զլացող բժիշկները կկորցնեն իրենց աշխատանքը: Իսկ այն քաղաքացիներին, որոնցից պոլիկլինիկաների բժիշկները դրամ կշորթեն, պրն Սողոյանը կոչ արեց դիմել քաղաքապետարանի Առողջապահության վարչություն կամ Առողջապահության նախարարություն: