Շուկաների սեփականատերերը խոստացել են գումար չգանձել

01/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայրաքաղաքի 12 համայնքներում փողոցային առեւտրով զբաղվում են մոտ 2000-2200 վաճառականներ: Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքն արդեն կիրառվում է, եւ փողոցային առեւտուր իրականացնողներն այսուհետ համարվում են օրինազանցներ: Կիրառվում են պատժամիջոցներ, մասնավորապես` վարչական իրավախախտումների օրենքով սահմանված 10.000-20.000 դրամ տուգանքի չափով: Այս արգելքը վերահսկում են Տեղական ինքնակառավարման մարմինները եւ ՀՀ Ոստիկանությունը: Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը վստահեցնում է, որ տուգանքներից ստացված գումարները մուտքագրվելու են թաղապետարանների բյուջեներ, սակայն փողոցային առեւտուր իրականացնողները վկայում են, որ տեսուչներն արդեն լծվել են դրամաշորթության գործին: Օրինակ՝ գյուղմթերքի վաճառքով զբաղվող մի առեւտրական մեզ հետ զրույցում պատմեց, որ տեսուչն իրեն տուգանել է, գումար է պահանջել, սակայն, երբ համոզվել է, որ վերջինս դեռ գումար չի աշխատել, իրենից պահանջել է տուգանքի չափին համարժեք մթերք տալ: Տուգանված մթերքը, բնականաբար, թաղապետարանի բյուջե չի մուտքագրվի: «Ոստիկանությանն ու թաղապետարաններին հանձնարարվել է համատեղ շրջել եւ, եթե պետք է արձանագրություն կազմել, ապա պետք է համատեղ կազմեն: Նրանք չպետք է առանձին գործեն, որպեսզի առաջվա պես չլինի: Եթե վաճառողը ձեզ նման բան է ասել, ապա գոյություն ունի ոստիկանություն, թող գնան ցուցմունք տան, որ այսինչ տեսուչը շորթել է»,- ասում է պրն Գեւորգյանը՝ խորհուրդ տալով առեւտրականների ասածը հալած յուղի տեղ չընդունել, քանի որ շատերն առեւտուրը շարունակելու նպատակով կարող են ստել:

Տարիներ առաջ քաղաքապետարանը փողոցային առեւտուրը կասեցնելու համար խոստանում էր փոխարենը մինի շուկաներ կառուցել, իսկ ներկայումս այդ շուկաների մասին ոչինչ չի ասվում: Ինչո՞ւ չեն կառուցվում խոստացված շուկաները: «Մինի շուկա հասկացողության մի մասն արդարացրեց, իսկ մյուս մասը՝ ոչ: Մինի շուկաների տեղանքները հարմարավետ չէին: Արդեն կայացած շուկայի վայրում հնարավորություն եղավ մինի շուկա կառուցելու, վաճառողը գրեթե 10-20 մետր հեռավորության վրա հնարավորություն ունեցավ առեւտուր անելու, դա համարեցինք կայացած մինի շուկա: Իսկ մնացած հասցեավորումներում քաղաքաշինական առումով հնարավոր չէր, որովհետեւ փակվում էր անցուդարձը: Մինի շուկաների համար մեր ընտրած մյուս տարածքները բանուկ մասեր չէին, եւ առեւտրականները ոչ մի կերպ չհամաձայնեցին տեղափոխվել այդ տարածքներ»: Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետն անձամբ շրջում եւ բացատրական աշխատանքներ է տանում առեւտրականների հետ: Շրջայցի արդյունքում վերջինս պարզել է, որ, օրինակ, Բժշկական համալսարանի շրջակայքում փողոցային առեւտուրն 90%-ով կարգավորված է, թեեւ փողոցային առեւտուր իրականացնողների բացակայությունը նաեւ պայմանավորված է ցուրտ եղանակով: Ըստ նրա, եղանակային տաք պայմանների ժամանակ նոր հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել կատարված աշխատանքը: Կ. Գեւորգյանի կարծիքով` պետք է փոխվի առեւտրականի եւ գնորդի հոգեբանությունը: Առեւտրականը պիտի գիտակցի, որ չի կարելի հակահիգիենիկ ապրանք վաճառել, իսկ սպառողն էլ պետք է ոչ թե փողոցից, այլ քաղաքակիրթ պայմաններում վաճառվող ապրանք գնի, որպեսզի չվտանգի առողջությունը: «Հավատացնում եմ, որ տեղափոխվելուց հետո, 1-2 ամիս հետո իրենք ուրախ կլինեն, որ շուկայում են առեւտուր անում: Եվ վերջապես շուկաներում սանհանգույցներ կան, մարդիկ լվացվելու հնարավորություն կունենան: Որքան էլ զարմանալի է, բայց փողոցում առեւտուր անողները շենքերի մուտքերում են իրենց բնական կարիքները հոգում: Ես չեմ ուզում կանանց վարկաբեկել, բայց, եթե հաց վաճառող կանանց ձեռքերի եղունգներին նայեք, այլեւս նրանցից հաց չեք գնի»,- ասում է պրն Գեւորգյանը: Վերջինս կարծում է, որ առեւտրականների 70%-ն այնքան անճար չէ, որքան ձեւացնում է: Թեեւ քաղաքապետարանը մասնավոր շուկաների վարձավճարները նվազեցնելու լծակներ չունի, այդուհանդերձ պրն Գեւորգյանը վստահեցնում է, որ շուկաների սեփականատերերն ընդառաջելով առաջարկում են առեւտրականներից սկզբնական շրջանում վարձավճար չպահանջել: «Քաղաքապետի հետ խորհրդակցությունների ժամանակ շուկաների սեփականատերերից նույնիսկ խոստացել են 1 տարի ժամկետով գումար չգանձել, մինչեւ որ առեւտրականներն ադապտացվեն: Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի շուկաների սեփականատերերից նման առաջարկություն եղել է, փակ շուկայից առաջարկեցին առաջին մեկ ամիսն ազատել վարձավճարից,- վստահեցնում է պրն Գեւորգյանը: -Հիմա Շենգավիթ համայնքում մի հոյակապ շուկա է բացվելու, մենք «Գարեգին Նժդեհ» հրապարակի առեւտրականներին կընդառաջենք, որ գնան այնտեղ»: Ի դեպ, փողոցում, անթույլատրելի վայրերում առեւտուր իրականացնելու համար սահմանված տուգանքը չվճարելու դեպքում համապատասխան հանձնաժողովի կողմից կարգազանցը բերման կենթարկվի, իսկ տուգանքը վճարելուց հրաժարվելու դեպքում գործը կտրվի դատարան եւ բնակարանից գույք կգանձվի: