«Ինչքան հայկական կողմը բավարարել է թուրքական կողմի նախապայմանները, այնքան Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ քաշել: Թուրքիան պահանջում էր, որ Հայաստանը ցեղասպանության հարցը չբարձրացնի, Հայաստանը չբարձրացրեց:
Թուրքիան չբավարարվեց եւ նախապայման դրեց Հայաստանի վրա, որպեսզի ճնշի սփյուռքի վրա, եւ սփյուռքը չբարձրացնի այդ հարցը»,- երեկ «Հայելի» ակումբում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ նշեց քննարկման մասնակից, Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչ Կիրո Մանոյանը:
Վերջինիս համոզմամբ` այն, որ այսօր Հայաստանի կողմից Թուրքիային հողային պահանջ չի ներկայացվում, տակավին չի նշանակում, որ վաղը չի կարող նման պահանջ ներկայացվել: Կ. Մանոյանի կարծիքով` «սահմանային խնդիրների վերաբերյալ տարածքային պահանջ ներկայացնել»` չի նշանակում պատերազմ հայտարարել: «Թուրքիայի հողային ամբողջականությունը որպես փաստ ճանաչված է Հայաստանի կողմից, սակայն ոչ մի իշխանություն չի կարող հայտարարել, թե Թուրքիայից հողային պահանջներ չունենք, որովհետեւ հայ ժողովուրդը թույլ չի տա, որ այդ իշխանությունը մնա իշխանության»,- պնդում է ՀՅԴ ներկայացուցիչը: Լրագրողներից մեկի այն դիտարկմանն ի պատասխան, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջ չունի, Կ. Մանոյանը նշեց, թե դա թարգմանչական սխալի հետեւանք է եղել եւ նման հայտարարություն չի եղել: Ինչեւէ, քննարկման մյուս մասնակցի` պատմաբան Հայկ Դեմոյանի համոզմամբ էլ` ո՛չ թուրք, ո՛չ հայ հասարակություններն այսօր պատրաստ չեն հարաբերությունների հաստատմանը: «Սահման բացել դեռ չի նշանակում, որ բարիդրացիական հարաբերություններ պետք է հաստատել, մանավանդ, երբ այդ սահմանի բացումը տեղի կունենա երրորդ կողմի ճնշման ներքո»,- վստահ է Հ. Դեմոյանը: Վերջինս լրատվամիջոցներին կոչ արեց «չօգտագործել ատելության լեզուն» եւ մյուս կողմից էլ` հասարակությանը «քայլ առ քայլ պատրաստել դրան»: «Երբեք չփորձենք մեզ զոհի կերպարի մեջ տանել»,- շարունակեց նա: ՀՅԴ ներկայացուցչի պնդմամբ էլ` Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն «ցեղասպանությունը գործածող պետության ժառանգորդն է, այլեւ հենց ցեղասպանությունն իր լրումին հասցնողը»: «Թուրքիայի Հանրապետությունը նույնքան եւ հավանաբար ավելի պատասխանատու է հայոց ցեղասպանության խնդրի մեջ, ինչքան Օսմանյան Կայսրություն կոչվածը: Թուրքիայի Հանրապետությունը ցեղասպանության գործածությունն իր ավարտին հասցնողն է»,- պնդում էր Կ. Մանոյանը: Վերջինիս լրացրեց Հ. Դեմոյանը, ում խոսքերով` 1924-ին Թուրքական Հանրապետության կողմից ընդունված լքված հողերի մասին օրենքով լքված գույքը պետականացվել է, ինչն, ըստ նրա, նշանակում է` օրենսդրորեն հաստատել այն, ինչ երիտթուրքերն իրականացրին 1914-18-ին: «Այսօր մեր բաղադրիչներով` Հայաստանով, Ղարաբաղով, սփյուռքով, մենք բավականին հզոր ներուժ ունենք, բայց ցավոք այդ ներուժն օգտագործված չէ»,- այս կարծիքին է պատմաբանը, ում կարծիքով, եթե այսօր հայ-թուրքական սահմանը բաց լիներ, թռչնագրիպի հետ կապված «այլ զարգացումներ» կլինեին: Ի դեպ, պրն Դեմոյանի կանխատեսումներով` թռչնագրիպը կարող է իսկական աղետ դառնալ Թուրքիայի համար: Նրա խոսքերով` թռչնագրիպի հետեւանքով ամռանը կտրուկ նվազելու է Թուրքիա այցելող զբոսաշրջիկների քանակը, ինչը բնակչության շրջանում կհանգեցնի խոր բեւեռացման, ինչն էլ իր հերթին կարող է բերել 2000-2001-ի խոր տնտեսական ճգնաժամին: Մի խոսքով, չի բացառվում, որ Թուրքիայի վերջը եկել է: Ինչեւէ, Հ. Դեմոյանը նաեւ այն համոզմանն է, որ Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացումը կենաց-մահու հարց չէ: «Եթե 1991-ին սահմանը բաց լիներ, հնարավոր է, որ մենք այսօր հայրենական արտադրություն չունենայինք: Թուրքիայի կողմից սահման փակելը սխալ էր: Այսօր իրենք ամբողջովին կարող էին վերահսկել Հայաստանի տնտեսական դաշտը: Նույնիսկ սահմանը փակ լինելու պարագայում տնտեսական որոշակի ներկայություն եւ վերահսկողություն կա»,- պնդում էր նա, ում կարծիքով, եթե սահմանը բացվի, ապա «բացասական սցենարները չեն բացառվում»: Կ. Մանոյանն էլ այն կարծիքին է, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն իմաստ չունի, եթե հետեւանք չի ունենալու: «Ցեղասպանության ճանաչումը պարզապես կմիտի արծարծել մեր իրավունքների հարցը, այլապես իմաստ չունի»,- շեշտում էր նա ու պնդում, թե Թուրքիան այսօր չի փոխվել: ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով` Թուրքիայի այսօրվա իսլամամետ իշխանություններն ուզում են, որ Թուրքիան Եվրամիության (ԵՄ) անդամ դառնա ոչ թե հայերի համար, այլ իրենց համար, այսինքն` որպես Թուրքիայում բնակվող իսլամներ` ուզում են ունենալ այն ազատությունները, որոնք Աթաթուրքի քաղաքականությունն իրենց չի տալիս: «Թուրքիայի վարչապետը Թուրքիայում պաշտոնական միջոցառումներին մենակ է գնում. իր կնոջ հետ չի կարող գնալ, որովհետեւ օրենքն արգելում է, որ կինը, ով մասնակցում է պաշտոնական միջոցառումներին, գլուխը գլխաշորով փակած լինի: Եվ նույնիսկ վերջին պաշտոնական այդպիսի միջոցառմանը Թուրքիայի վարչապետի կինը չէր էլ հրավիրված»,- նշում է պրն Մանոյանն ու հավելում, թե Թուրքիայի վարչապետի երկու աղջիկները սովորում են ԱՄՆ-ում, հենց նույն պատճառներով, որովհետեւ իրենք ուզում են համալսարան գնալիս գլխաշորերով գլուխները ծածկել, ինչը Թուրքիայում արգելված է: «ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ներկա իշխանությունների նպատակն այս արգելքը վերացնելն է եւ ոչ թե հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալը»,- ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի թաքնված դրդապատճառներն է բացահայտում ՀՅԴ ներկայացուցիչն ու կարծիք հայտնում, թե եվրոպացիներն էլ, տեսնելով այս մոտեցումները, ընկնում են այն խաբկանքի մեջ, որ Թուրքիան իսկապես փոխվում է: «Մենք տակավին ոչ մի հիմք չունենք նույնիսկ այդ մասին մտածել սկսելու համար»,- նշում էր ՀՅԴ ներկայացուցիչը: Վերջինիս խոսքերով` Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականություն կա, եւ այնքան ժամանակ, որքան այդ հարձակումը չի բացառվի, ռուսական զորքերը մեր երկրից չպետք է դուրս գան: «Կարծում եմ, որ Վրաստանը մեզ համար բավարար դաս է, որպեսզի մենք ժամանակից շուտ չշարժվենք այդ զորքերի դեմ»,- նշում է նա: Իսկ ինչո՞վ է Թուրքիան կաշկանդված Հայաստանին պատերազմ հայտարարելու հարցում: Հ. Դեմոյանի կարծիքով` չհարձակվելու առաջին պատճառն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ երկրորդ պատճառն էլ այն է, որ «Թուրքիան իր տնտեսական եւ քաղաքական կողմնորոշումներում ինքնուրույն չէ»: Ի դեպ, պատմաբանը նաեւ կարծիք հայտնեց, թե թուրքական բանակի զինտեխնիկայի մեծ մասն «ուղղակի մետաղի ջարդոն է»: Ինչեւէ, Կ. Մանոյանն էլ այն կարծիքին է, որ Թուրքիան այսօր Հայաստանի վրա չի հարձակվում, որովհետեւ դա կնշանակի` մոռանալ ԵՄ-ի մասին: Սակայն, ըստ նրա, ոչ մի երաշխիք չկա, որ հանկարծ Թուրքիայում մի նոր հեղաշրջում տեղի չի ունենա, եւ իշխանության չեն գա այնպիսի ուժեր, որոնք Եվրոպային կասեն` «ձեզ էլ, ձեր ԵՄ-ին էլ»: Իսկ ավելի լավ չի՞ լինի, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ` դրանով իսկ դառնալով ավելի կանխատեսելի երկիր: «Նայած թե ինչ պայմաններով է դառնում ԵՄ անդամ: Եթե առանց փոխվելու, այսօրվա վիճակով անդամ դառնա, պարզ է, որ կանխատեսելի չի լինի»,- վստահ է ՀՅԴ ներկայացուցիչը: Կ. Մանոյանը մեզանում սահմանի բացման հետ կապված քննարկումները նորմալ է համարում, քանզի Թուրքիան մեր հարեւանն է, մյուս կողմից էլ` նա այդ քննարկումներն աննորմալ է համարում, որովհետեւ «ոմանք շատ խանդավառ ձեւով սահմանը բացելու գովքն են անում»: