– Քաղաքական գրեթե բոլոր ուժերը 2006թ. հայտարարել են նախընտրական տարի եւ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկում: Սակայն, որքան էլ զարմանալի է, ընդդիմությունն այդ գործընթացներից դուրս է եւ հայտնվել է լուսանցքում: Ինչո՞վ եք դա բացատրում:
– Նախ պետք է արձանագրել, թե ով է 2006թ. հայտարարել նախընտրական տարի: Ակնհայտ է, որ այդ հայտարարությունն արել է Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ իր համար մեկ օր ավելի իշխանության մնալը մեծ խնդիր է: Իմանալով Քոչարյանին, կարող եմ ասել, որ նա լուծում է մաքսիմում մեկ շաբաթվա խնդիր, եթե չասեմ` վաղվա օրվա: Դա են վկայում իր եւ ԱԳ նախարարի մեղանչական հայտարարությունները: Այնպես որ` իշխանությունները հորինել են այդ` 2006թ. նախընտրական տարի լինելու մասին լոզունգը` 2006թ. ապահով ապրելու համար: Ես չեմ կիսում դա: Ինչ վերաբերում է ընդդիմության լուսանցքում հայտնվելուն, ապա դա էլ է հորինված, որը պիտակի նման ընդդիմությանը կպցնում են ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր լրատվամիջոցները: Ուզում են պնդել, որ ընդդիմությունը պարտվեց ու հայտնվեց լուսանցքում: Այս հարցում եւս համամիտ չեմ, որովհետեւ պարտությունն ու հաղթանակը քաղաքականության մեջ հարաբերական է: Խնդիրը պետք է այլ տեսանկյունից դիտարկել` դրանից ժողովուրդը շահե՞ց, թե՞ տուժեց: Եթե նայենք իրական գործընթացներին, ապա պետք է հստակ ասեմ, որ ընդդիմությունը, որն ունի նույնիսկ մի շարք սխալներ, այսօր հասարակության մեջ շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի, քան իշխանությունը: Դա ակնհայտ է. իշխանությանն ատում են, իսկ ընդդիմության որոշ գործիչների կասկածում են:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ ընդդիմության այս պասիվ փուլում իշխանությունն ինքը կստեղծի արհեստական ընդդիմադիր մեկ ուժ, եւ կփորձի դրանով լրացնել այդ դաշտը, եւ արդյունքում իրական ընդդիմությունը կհայտնվի լուսանցքում:
– Ճիշտն ասած, ես նոր կուսակցություններ ստեղծելն եմ համարում արհեստական: Մենք այսօր ունենք ներքաղաքական եւ արտաքին քաղաքական պարտադրված խնդիրներ, որոնք շատ ավելի կարեւոր են: Եվ որպեսզի հասարակությանը դրանից զերծ պահեն, իշխանություններն իմիտացիոն խնդիրներ են մտցնում դաշտ: Շատ ավելի մտահոգիչ է այն, որ երկիրն է հայտնվում լուսանցքում եւ այս առումով, իսկապես` ջհանդամը, թե ընդդիմությունը լուսանցքո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ ո՞ւմ մեղքով է երկիրն այս վիճակում հայտնվել: Իհարկե, իշխանությունների: Իսկ թե ընդդիմության գնահատականները լա՞վն էին, թե՞ վատը, անկե՞ղծ էին, օրինապա՞շտ էին, կեղծարա՞ր էին, սուտասա՞ն, թե՞ գլուխգովան էին, մոտեցումներ են, որոնցից յուրաքանչյուրն իր արմատն ունի: Բայց ընդդիմությունը գոնե պայքարեց, տեսածն ասաց, գոնե փորձեց ճանապարհներ ցույց տալ այդ իրավիճակից դուրս գալու համար: Ընդդիմությունը գոնե փորձեց հանրաքվեի գործընթացը դեմոկրատական հենքի վրա դնել, նույնիսկ փորձեց իշխանությունների հետ համաձայնության գալ` արդար ընտրություններ կազմակերպելու հարցում: Իշխանությունն այդ առաջարկներն էլ չընդունեց ու այսօր մեղավոր կատվի նման, որին էլ չեն կերակրում, սկսել է սրա-նրա դուռն ընկնել ու մլավել:
– Սմբատ Այվազյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր դաշտում գաղափարական հստակեցումներ են տեղի ունենում, եւ ամեն մեկն իր տեղը պետք է գտնի այս ընթացքում: «Հանրապետությունը» պարզե՞լ է, թե ընդդիմադիր որ ուժի հետ է հնարավոր ձեր հետագա համագործակցությունը նաեւ ընտրությունների ժամանակ:
– Գաղափարական հստակեցումների առումով ես շատ կարեւոր եմ համարում մեր կուսակցության 4-րդ համագումարը, որտեղ դրվեցին գաղափարական մեր հստակ մոտեցումներն ու աշխարհաքաղաքական գործընթացներում դրվեց կուսակցության առանցքը: Ես համարում եմ, որ առանցքը ճիշտ էր, եւ շարժվում ենք այդ ուղղությամբ: Աշխարհաքաղաքական այս ճնշումները բնականոն են, որովհետեւ իշխանությունները, գոնե մեր տարածաշրջանում, իսկապես լուրջ պրոբլեմներ դրեցին աշխարհի առջեւ: Մենք մեր պրոբլեմներով ձանձրացրել ենք աշխարհին, եւ այսօր աշխարհն արդեն ստիպված պարտադրում է մեզ իր լուծումները: Այս առումով, ընդդիմությունը ոչ միայն երկրի ներքաղաքական խնդիրների հետ կապված լուծումներ պետք է դնի իր առջեւ, այլեւ արտաքին քաղաքական ուղղություններում պետք է որոշակի թեզեր ապահովի հանուն երկրի: Ի տարբերություն մյուս ուժերի` մենք ունենք հստակ կողմնորոշում: ԱՊՀ-ի մասին, որպես անցած կառույց խոսում է անգամ ռուսական առաջին հեռուստաալիքը, իսկ մարդիկ կային, ովքեր այն ժամանակ ինձ մեղադրում էին պորտալարը կտրելու մեջ ու ասում էին` ո՞վ է մեզ գազ մատակարարելու: Հիմա ի՞նչ է` մատակարարո՞ւմ է: Կարծում են, թե Ռուսաստանում Հայաստանի տարի կամ Հայաստանում Ռուսաստանի տարի հայտարարելով հայ-ռուսական հարաբերությունները լավանալո՞ւ են: Սա պարզապես անհեթեթություն է: Արդյո՞ք լավացել են այդ հարաբերությունները: Ակնհայտ է` ոչ: ՌԴ-ն ունի իր շահերը, եւ ի զարմանս ռուսների եւ ի տարբերություն ՀՀ իշխանությունների` հայերն էլ ունեն իրենց շահերը: Եվ, դժբախտաբար, մեր շահերը գնալով չեն համընկնում: Եթե ՌԴ-ն կարող է իր տնտեսական` գազային եւ էներգետիկ լծակներով, երկարաձգել իր ժամանակն ու աշխարհի վրա ազդեցություն ունենալ, ապա Հայաստանը չի կարող: Այս կոնտեքստում են լինելու բոլոր ճնշումները նաեւ նախագահների փետրվարյան հանդիպման ընթացքում, որտեղ դրվելու է նաեւ ԼՂՀ հիմնահարցը: Սա է պատճառը, որ արտաքին քաղաքական տարբեր գերատեսչություններ սահմանադրական հանրաքվեի օրինականությունը կախված վիճակում են պահում` չհամակերպվելով արդյունքների հետ: Իսկ եթե ամբողջ աշխարհը չի համակերպվում դրա հետ, հայ մարդը, հատկապես` ընդդիմադիր կուսակցությունն, ինչո՞ւ պետք է համակերպվի ու գնա 2007թ. խորհրդարանական ընտրությունների, եթե այս երկրում արդար ընտրություններ չկան: Դրա համար մեր նպատակը արտահերթ ընտրությունների հասնելն է: Այլ խնդիր է, թե աշխարհը ինչպես է վերաբերվում դրան: Ակնհայտ է, որ ՌԴ միջամտությունները ռացիոնալ չեն. ՌԴ-ն պարտադրում է իր մոտեցումները, որոնք, եթե չասեմ` հակադրվում են, ապա անտեսում են հայկական մոտեցումներն ու Հայաստանին վերագրում են ինչ-որ մարզի կարգավիճակ: Եվ նրանց պաշտոնյաները չեն էլ խուսափում Հայաստանն անվանել «ֆորպոստ»: Նրանք ուժային չոր մեթոդներով պարտադրում են մեզ շարժվել իրենց խաղի կանոններով: Մեզ համար Հայաստանի անկախությունը գերակա արժեք է, եւ ես պայքարելու եմ դրա համար: Էռնեստ Հեմինգուեյն ասել է` «Աշխարհում որեւէ մեկը չի ապրում լիարժեք կյանքով, բացի ցլամարտիկներից»:
– Իշխանական բուրգը կարծեք հստակ բաժանվել է երկու մասի` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների: Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ իրենց հետ է Սերժ Սարգսյանը, իսկ Ռ. Քոչարյանի թիմում, բացի ՀՅԴ-ից, ՕԵԿ-ից, կան նաեւ նորաստեղծ «Դաշինք» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որոնք ցանկանում են առաջիկա ԱԺ ընտրություններում մեծամասնություն ունենալ: Հնարավո՞ր է` «Հանրապետությունն» ինչ-որ ժամանակ վերանայի իր դիրքորոշումն ու միանա ՀՀԿ-ին` թույլ չտալով Ռ. Քոչարյանի հենարան կուսակցություններին երկրի քաղաքական առաջիկա տարիների զարգացումների որոշողը դառնալ:
– Ճիշտն ասած, դեռ ակնհայտ չէ նման բաժանումը: Եվ հստակ չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Քոչարյանի հենարանն է լինելու, որովհետեւ կապիտալը միշտ տաքուկ անկյուն է փնտրում: Առանձնապես մեծ չէ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի կուսակցությունների տարբերությունը: Ես այստեղ գաղափարական տարաձայնություններ բացարձակ չեմ տեսնում: Երկու «խմբերն» էլ դեմ են ազատ ընտրություններին, երկուսն էլ համապատասխան չափով խոչընդոտել են այս երկրում ցանկացած ընտրություն, մասնակցել են ապրիլի 12-ներին, ոգեւորվել են դրանցից, երկու թեւերն էլ արտաքին քաղաքական ուղղվածության առումով առանձնապես հստակ կողմնորոշում չունեն: Այնպես որ` եթե նույնիսկ ձեւավորվել են տարբեր թիմեր, ապա զուտ միմյանց հետ համագործակցելու համար է, որպեսզի մեկին մի քիչ ավելի, մյուսին մի քիչ պակաս հնարավորություն տան կերակրամանից օգտվելու համար: Սա շատ ավելի տրամաբանական է, քան ընդդիմադիր դաշտից որեւէ մեկին, ասենք` «Հանրապետությանը», այդ գործընթացներին ներգրավելը: Ես դեռ նման իրավիճակ չեմ տեսնում: Ինձ համար առաջնայինը ԼՂՀ հարցն է: Եթե ԼՂՀ հարցում իրենց մոտեցումները` երկու թեւերի, համընկնեն մեր մոտեցումների հետ, ես ներքաղաքական գործընթացները կթողնեմ մի կողմ: ԼՂՀ հարցն ինձ համար սրբության սրբոց է: Այս առումով պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, որը կբերի հայանպաստ լուծում ու չի կոտրի իմ ժողովրդի ոգին, հավատը ապագայի հանդեպ ու կապահովի Ղարաբաղի իմ եղբայրների անվտանգ կյանքը Ղարաբաղում: Այս կոնտեքստում, իհարկե, պատրաստ եմ համագործակցել: Մնացած հարցերում իրենք մոտեցումներ չունեն. իրենցը կոմպլեմենտարն է: Իսկ աշխարհը գնալով հրաժարվում է այդ մոտեցումներից: Կոմպլեմենտար մոտեցումները բերում են այն վիճակին, ինչում մենք ենք հայտնվել` լուսանցքից դուրս: Ամբողջ աշխարհը խոսում է Վրաստանին գազ, էլեկտրաէներգիա չմատակարարելու մասին` մոռանալով, որ այդ գազը Հայաստան էլ չի գալիս: Որեւէ հեռուստաընկերություն` սկսած CNN-ից, «Եվրոնյուզ»-ից, չի անդրադառնում Հայաստանին, կարծես այս տարածաշրջանում նման պետություն գոյություն չունի: Հայաստանը դարձել է մարդ-պետություն, որն անտեսանելի է ու լողում է բոլոր դաշտերում: Մենք` ոչ միս, ոչ ձուկ կարգավիճակում ենք: Սոյայատիպ բույսի` լոբու նման ենք: Եվ այս երկիրը լոբիության վերածել են այս իշխանությունները եւ որոշ ընդդիմադիրներ, այս կամ այն կողմ լողալով` ցուցադրելով իրենց մեծությունն ու ինքնաբավությունը: Չի կարելի աղքատների մեջ հարուստ ապրել, չի կարելի ռեսուրսներ ունենալ ու գործընթացներին չմասնակցել: