Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի կամ հասարակությանը հայտնի՝ Կոմանդոսի անունը Արցախյան պատերազմից հետո համեմատաբար քիչ է հնչում: Միայն բանակի հետ կապված տոնական օրերին նրան կարող ենք տեսնել բարձրաստիճան զինվորականների կողքին:
Երբեմն էլ որեւէ հարցի շուրջ հանդես է գալիս հայտարարությամբ: Արդեն քանի տարի` ԴՕՍԱԱՖ-ի ամբողջ համակարգը հանձնել են նրան: Դժվար է ասել, թե Արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցող Կոմանդոսի համար արդյո՞ք սա արժանի հատուցում էր: Հայտնի է, որ պատերազմին մասնակցած շատ զինվորականներ հիմա շատ ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում եւ շատ ավելի մեծ կերակրատաշտակից են օգտվում: Բայց ԴՕՍԱԱՖ-ն էլ ունի իր «հաճույքները»:
Հին ու բարի ժամանակներում ԴՕՍԱԱՖ-ը վարորդներ պատրաստող ընկերություն էր, որն ամբողջ հանրապետությունում ուներ շրջանային եւ քաղաքային կազմակերպություններ: Այն զինված ուժերում ծառայելու համար երիտասարդներ էր պատրաստում: Դա օգտակար էր նաեւ այն պատանիների համար, որոնք վարորդի, կապավորի, անկարգելիստի (պարաշյուտիստի), տանկիստի եւ այլ մասնագիտություններ էին ստանում: Իսկ գործունեության նպատակներին վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրելիս կտեսնենք, որ ԴՕՍԱԱՖ-ի նպատակն էր բնակչության շրջանում ռազմական ու ռազմատեխնիկական գիտելիքների քարոզումը, տեխնիկական ու ռազմատեխնիկական մարզաձեւերի զարգացումը, ռազմակիրառական նշանակություն ունեցող մասնագիտությունների պատրաստմանը մասնակցելը եւ այլն: Այս աշխատանքների համար ընկերությունը ՊՆ-ից ֆինանսավորվում էր: Կարելի է ասել, որ ԴՕՍԱԱՖ-ն անկախ, բայց կիսառազմականացված հիմնարկ էր: ԴՕՍԱԱՖ-ը մի նշանակությունն էլ ուներ՝ պաշտոնաթող զինվորականներին աշխատատեղ էր ապահովում, այսինքն` այստեղ դասավանդող մասնագետները եւ մյուս աշխատողները հիմնականում զինվորական սպաներ էին:
ԽՍՀՄ փլուզումից հետո 1991թ. ԴՕՍԱԱՖ-ը հռչակվեց ինքնուրույն հասարակական կազմակերպություն` ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն (ՊՄՏԸ) անունով, որի հիմնադիրները դարձան հանրապետության շրջաններում իրավաբանական կարգավիճակ ունեցող 48 հ/կ-ներ: Այսինքն՝ ՊՄՏԸ-ն դարձավ ԴՕՍԱԱՖ-ի իրավահաջորդը եւ պահպանեց խորհրդային տարիներին ունեցած նպատակները: 1996թ. կառավարության որոշումով ԴՕՍԱԱՖ-ի գործունեության մեջ փոփոխություններ կատարվեցին. տարածքային հ/կ-ները դարձան դուստր ձեռնարկություններ: Եվ նախկին իրավաբանական կառույցները կորցրին իրենց անկախությունը: Այսինքն՝ նրանց գործունեությունը եւ ֆինանսական հաշվարկներն արդեն պետք է ղեկավարվեին «կենտրոնից»: 2000թ. կառավարության մեկ այլ որոշմամբ` դրանք դարձան ՍՊԸ-ներ, որոնց 100 տոկոս բաժնետերը դարձավ ՊՄՏԸ-ի կենտրոնական խորհուրդը: Եվ այդտեղից էլ սկսվեց ԴՕՍԱԱՖ-ի կամ ՊՄՏԸ-ի քայքայումը: Նախ ասենք, որ միանգամից խախտվեցին երկու՝ հասարակական կազմակերպությունների /ՀԿ/ եւ ՍՊԸ-ների մասին օրենքները: ՀԿ-ները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են: Ու որպեսզի կարողանան շահույթ ստանալ եւ օգտագործել իրենց գործունեության համար, իրավունք ունեն ՍՊԸ-ներ հիմնադրել: Սակայն ընկերությունը որպես հիմնադիր իրավունք չունի դառնալ դրանց 100 տոկոսանոց բաժնետերը: ՊՄՏԸ-ի կանոնադրության համաձայն` կազմակերպության բարձրագույն մարմինը համագումարն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ եւ պատգամավորներից ընտրում է կենտրոնական խորհուրդ, որն էլ ընտրում է նախագահին: 2001թ. համագումարի ժամանակ կենտրոնական խորհրդի նախագահ ընտրվեց գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, որն էլ արդեն եկավ ղեկավարելու ՊՄՏԸ-ի գործունեությունը: Դժվար է գնահատել կամ հաշվել, թե ի՞նչ տարածքներ ունի այդ կազմակերպությունը, ի՞նչ նպատակով է դրանք օգտագործում եւ իր ՍՊԸ-ներով ի՞նչ շահույթ է ստանում: Շահույթ ստանում է, որովհետեւ ՊՆ պատվերով տարեկան մոտ 2300 երիտասարդ է նախապատրաստում ծառայության համար: ՊՆ-ն յուրաքանչյուր երիտասարդի համար վճարում է 48.000 դրամ: Բացի այդ, ընկերությունը վարորդական վճարովի դասընթացներ է անցկացնում նաեւ քաղաքացիների համար: Մեր տեղեկություններով` ընկերությունը պարբերաբար վարձակալության է տալիս մարզային իր շինությունները: Մեզ չհաջողվեց պարզել` ՍՊԸ-ների միջոցով ստացած շահույթը որքանո՞վ է ուղղվում ՊՄՏԸ-ի կանոնադրական նպատակներին: ՊՄՏԸ-ի գործունեության հետ կապված որոշ հարցերի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ա. Տեր-Թադեւոսյանից, բայց մեզ անընդհատ պատասխանում էին` նախագահը տեղում չէ: Փորձեցինք խոսել նաեւ նրա տեղակալ Էդուարդ Հակոբյանի հետ, նա էլ հրաժարվեց՝ նշելով, թե նախագահն ասել է, որ ժամանակ չունեն եւ պատրաստվում են հերթական համագումարին, որը տեղի կունենա փետրվարի 3-ին:
Ի դեպ, նախորդ՝ 2003 թ. համագումարի ժամանակ ընտրված կենտրոնական խորհրդի եւ նախագահի լիազորություններն ավատվել են 2005թ. դեկտեմբերի 21-ին: Եվ նոր խորհուրդ ու նախագահ պետք է ընտրվեին մինչ այդ: Դեկտեմբերի 21-ից մինչեւ փետրվարի 3-ը վերոհիշյալ մարմիններն աշխատել են առանց լիազորությունների, ասել է թե՝ ապօրինի: Ուշացած, բայց ի վերջո, այս տարվա հունվարից ընկերությունը ձեռնամուխ է եղել հերթական համագումարը հրավիրելու գործին: Բայց նորից` օրենքի խախտումով: Այդ կազմակերպությունը պետք է մինչեւ դեկտեմբերի 21-ն ընտրեր համագումարին մասնակից պատգամավորներին, ինչը, սակայն, նոր է պատրաստվում անել: Իսկ ՀԿ-ների մասին օրենքն ասում է, որ «եթե նշված ժամկետում հնարավոր չէ նոր պատվիրակներ ընտրել, ապա արտահերթ ժողովի են հրավիրվում կազմակերպության նախորդ ժողովին մասնակցելու համար ընտրված պատվիրակները»: Որոնց էլ պետք է տրվի գործունեությունը շարունակելու եւ նոր համագումարին պատրաստվելու լիազորություն, ինչը չի արվում: Ինչեւէ, օրինական թե անօրինական, համագումարը տեղի կունենա փետրվարին, որի ժամանակ, թերեւս, խորհրդի նախագահ կընտրվի նորից Ա. Տեր-Թադեւոսյանը: