Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը դիմել է դատարան «168 Ժամին» պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ «168 Ժամը» նոյեմբերի 27-ին «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով հրապարակել էր նոյեմբերյանցիների բաց նամակը` ուղղված վարչապետ Ա. Մարգարյանին, ՀՀ նախագահի կոռուպցիայի գծով խորհրդական Բագրատ Եսայանին: Նոյեմբերյանցիները գրում էին, որ Ս. Ամիրաղյանն իրենց քաղաքի նախկին բաղնիքի շենքը նվիրել է իր նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին՝ Վարուժան Բաբաջանյանին: Պարոն Ամիրաղյանը չէր հավատացել, որ հրապարակվածը եղել է համաքաղաքացիների բաց նամակը եւ մեզ գրել էր, թե «Հոդվածում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում է իմ պատիվս, արժանապատվությունս եւ գործարար համբավս»: Այս նույն պատճառաբանությունն էլ նշված է հայցադիմումի մեջ: Եվ պարոն Ամիրաղյանը դատարանից խնդրել է «պարտադրել «168 Ժամ» շաբաթաթերթում հերքում տարածել «Շենքը նվիրել են ավագանուն» խորագրով հոդվածի վերաբերյալ»: Ի դեպ, խմբագրություն այցելած՝ Ս. Ամիրաղյանի շահերը պաշտպանող երիտասարդը «168 Ժամին» խորհուրդ էր տվել հերքում տպագրել, որպեսզի մեզ համար վատ չլինի: Մենք հրաժարվեցինք հերքում տպագրելուց եւ Նոյեմբերյանի քաղաքապետին խորհուրդ տվեցինք դիմել դատարան: Պարոն քաղաքապետը հետեւել էր մեր խորհրդին, եւ դատավարությունն ընդդեմ «168 Ժամի» տեղի կունենա հունվարի 30-ին Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: