Լուրջ մարտահրավեր

27/01/2006

Հունվարի 17-ին Ռոբերտ Քոչարյան-Ջոն Էվանս հանդիպման ընթացքում վերջինս հայտարարել էր, թե Վաշինգտոնում եւ այլուր լուրջ մտահոգություններ կան ՀՀ հանրաքվեի գործընթացի շուրջ, ուստի ԱՄՆ-ը չի կարող հաստատել Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն վերահաստատել ԱՄՆ-ին, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու ու 2007-2008թթ. ազատ եւ արդարացի ընտրություններ անցկացնելու պարտավորությունը: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանից, որը գտնում է, թե հանրաքվեի վերաբերյալ ԵԽ ԽՎ Բյուրոյի զեկույցում տեղ գտած գնահատականները չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, հետաքրքրվեցինք` ԱՄՆ նման սպառնալիքը դրա հետեւանք չէ՞։ «Ճիշտն ասած, այլ բան է, թե ինչ է խոսել դեսպան Էվանսը Հանրապետության նախագահի հետ, բայց մեկ բան ակնհայտ է. 2007-2008թթ. ընտրություններն իսկապես Հայաստանի համար ունեն բացառիկ նշանակություն: Նույն իրադարձությունները տարբեր ժամանակներում տարբեր գնահատականներ են ստանում,- ասաց Տ. Թորոսյանը` ավելացնելով,- համոզված եմ, որ մենք հանրաքվեի ժամանակ բաց թողեցինք հիանալի հնարավորություն` ցույց տալու համար, որ Հայաստանը կարող է անցկացնել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ընտրական գործընթաց: Ցավոք, դա տեղի չունեցավ: Բնական է, որ այս առումով բացառիկ նշանակություն են ստանում 2007-2008թթ. ընտրությունները: Ավելին` դրանց ընթացքի գնահատականը լինելու է շատ ավելին, քան զուտ որպես ընտրական գործընթացի գնահատական: Այսինքն` անկախ որեւէ մեկի, որեւէ դեսպանի որեւէ զգուշացումից, սա է իրողությունը եւ այն շատ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: Այս խնդիրն էական նշանակություն ունի թե՛ ներքին քաղաքական կյանքի, թե՛ արտաքին հարաբերությունների, թե՛ մասնավորապես ԼՂՀ խնդրի համար»: