Հայաստանին չեն վստահում

27/01/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Դեռ անցած տարվա դեկտեմբերի 22-ին ՀՀ Արտգործնախարարությունը հայ ժողովրդի եւ կառավարության անունից շնորհակալություն էր հայտնում ԱՄՆ-ին` Հայաստանին ցուցաբերվող աջակցության եւ վստահության համար: Խոսքը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» (ՀՄԿ) կողմից մեր երկրի հետ համագործակցության ծրագրի «հաստատման» մասին է: ՀՄԿ-ն որոշել էր գյուղական շրջաններում աղքատության կրճատման եւ տնտեսական զարգացման համար Հայաստանին տրամադրել 235.65 մլն դոլարի ֆինանսական օգնություն: Սակայն, ամենայն հավանականությամբ, դեռ վաղ է երախտապարտ լինել: Մեր հավաստի աղբյուրներով` ծրագրի հաստատումն անորոշ ժամանակով կասեցված է: Որքան էլ պաշտոնական տեղեկատվությունը սահուն կերպով շրջանցի այս փաստը, միեւնույն է` դրա բացատրությունը պարզ է. ՀՄԿ-ն չի վստահում Հայաստանին: Ինչո՞ւ:

Հունվարի 18-ին ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ է ուղարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում մասնավորապես գրում է. «Ինչպես նշված էր դեկտեմբերի 16-ի իմ նամակում, ՀՄԿ տնօրենների խորհրդի որոշումը ձգձգվում էր նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումների շուրջ առկա մտահոգությունների պատճառով: Այդ խախտումներն, ամենայն հավանականությամբ, բացասաբար կանդրադառնան ՀՄԿ ծրագրում Հայաստանի մասնակցության իրավասության ցուցանիշների վրա, մասնավորապես «արդարացի կառավարում» ենթախմբի մասով»: Ջ. Դանիլովիչն իր նամակում անդրադարձել է նաեւ հունվարի 12-ին իրեն ուղղված Վարդան Օսկանյանի նամակին. «Արտգործնախարարի նամակում առավել մանրամասներ են ներկայացվում նշված խախտումների բնույթի վերաբերյալ ու հիշատակվում են այն քայլերը, որոնցով ՀՀ կառավարությունը վերահաստատելու է իր նվիրվածությունը կառավարման ոլորտում բարելավումներ կատարելու իր պարտավորությանն ընդհանրապես: Մասնավորապես, հուսադրող է այն, որ նա ընդունում է, որ հանրաքվեն «կասկածի ու խախտումների առիթ է դարձել», եւ ինձ ոգեւորում է այն հանգամանքը, որ ձեր կառավարությունը պատրաստ է հետամուտ լինել ընտրակեղծիքների եւ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին»: Դանիլովիչը հույս է հայտնել, որ Օսկանյանի նամակը կդառնա հրապարակային, եւ ինքը բավարար հիմքեր կունենա` ՀՄԿ-ի խորհրդին առաջարկելու շարունակել ու ստորագրել համագործակցության ծրագիրը: «Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք հետեւել զարգացումներին` հատկապես ուշադրության կենտրոնում պահելով «արդարացի կառավարման» ասպարեզում ձեր կառավարության գործունեությունը: Ինչպես դուք գիտեք, ցուցանիշների նշանակալի շեղման կամ Հայաստանի մասնակցության իրավասության սկզբունքներին հակասող գործողությունները կարող են հանգեցնել ծրագրի կասեցմանը կամ դադարեցմանը, եթե անգամ ծրագիրն արդեն իրականացման փուլում է»,- նշվում է նամակում:

Ի դեպ, Վ. Օսկանյանի վերոնշյալ նամակը նախարարության կայքում տեղակայված է միայն անգլերեն լեզվով: Ինչպես տեղեկացանք նախարարությունից, հայերեն տարբերակի հրապարակման գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Ինչեւէ, այս եռակողմ նամակագրությունից կարելի է եզրակացնել, որ Հազարամյակի մարտահրավերների ծրագիրն այս «հազարամյակում» կարող է եւ չստորագրվել: Հիշեցնենք, որ ՀՄԿ-ն ԱՄՆ պետական գերատեսչություն է, որն աշխատում է աշխարհի ամենաաղքատ երկրների հետ` հիմնվելով այն սկզբունքի վրա, որ օժանդակությունն ավելի արդյունավետ է, երբ երկրում առկա են լավ կառավարման, տնտեսական ազատությունների եւ մարդկային կապիտալի ոլորտում ներդրումների ամրապնդման մեխանիզմներ:

Ի դեպ, հունվարի 17-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Ամենայն հավանականությամբ, նրանց քննարկման հիմնական թեման Հայաստանի ժողովրդավարությանն ԱՄՆ-ի ներկայացրած «մարտահրավերն» է եղել: