ՕԵԿ-ը ծանրակշիռ դեր կունենա

27/01/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների «ջրերը կրկին սկսել են մեկ առվով չհոսել», թեեւ Ռոբերտ Քոչարյանի մոտ կոալիցիոն կուսակցությունների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչեւ 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմը կոալիցիան, հավատարիմ չորս տարով կնքված կոալիցիոն հուշագրին, դե յուրե պետք է պահպանվի: Բայց նախարարների` կառավարությանը հաշվետվություններ ներկայացնելու ընթացքում այդ պայմանավորվածությունը խախտվեց: Եվ ՀՀԿ-ական վարչապետն ընդգծված բացասական գնահատականներ տվեց ՕԵԿ նախարարներին: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր, ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանի հետ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀԿ-ական վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից կառավարության հաշվետվությունների ժամանակ ՕԵԿ նախարարների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին ու տրված գնահատականներին:

– Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ: Միաժամանակ կարծում եմ, որ կառավարությունը կոլեգիալ մարմին է եւ պատասխանատվությունն ըստ էության նույնպես կոլեգիալ է, եւ ոչ թե անհատական: Ուստի գնահատականներն էլ պետք է տրվեն ոչ թե անհատական, այլ կոլեգիալ: Այս կապակցությամբ կցանկանայի նաեւ նշել, որ ըստ էության այդ խնդիրները պետք է կարգավորվեն օրենսդրորեն` «Կառավարության մասին օրենքի» ընդունումով:

– Արդյո՞ք ՕԵԿ-ի նկատմամբ ցուցաբերված անբայրացակամությունը հետեւանք չէ այն բանի, որ այս կուսակցությունը, լինելով իշխող կոալիցիայի անդամ, շարժվում է երկակի ստանդարտներով` շատ հաճախ պահելով իրեն որպես ընդդիմություն:

– ՕԵԿ-ը մշտապես իրեն պահում է որպես սկզբունքային քաղաքական ուժ եւ մշտապես լավին լավ է ասում, վատին` վատ: ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը բազմիցս ասել է, որ լինել իշխանության մեջ, չի նշանակում` ասել, թե ամեն ինչ լավ է ու չխոսել բացասական երեւույթների մասին: Իսկ եթե մենք չենք խոսում բացասական երեւույթների մասին, ապա շատ խնդրահարույց է դառնում դրանց շտկումը: Այս է մոտեցումը եւ հետագայում էլ նույնպես ՕԵԿ-ն իր սկզբունքների հիման վրա օբյեկտիվորեն խոսելու է բացասական երեւույթների մասին:

– Հնարավո՞ր է, որ այսքանից հետո ՕԵԿ-ը սկսի բոյկոտել ՀՀԿ-ին, ու խմբակցությունը դեմ քվեարկի Կառավարության ներկայացրած օրինագծերին:

– Ի՞նչ է նշանակում բոյկոտել ՀՀԿ-ին: Մեր կուսակցությունը բոլոր քվեարկությունների արդյունքում մշտապես իր սկզբունքային դիրքորոշումն է արտահայտում եւ քվեարկելիս ելնում է իր սկզբունքներից, այլ ոչ թե քաղաքական կոնյունկտուրայից: Այնտեղ, որտեղ գտնում ենք, որ մեր սկզբունքները մեզ հնարավորություն չեն տալիս համաձայնել այս կամ այն հարցի հետ, մենք դա արտահայտում ենք:

– Կանխատեսումներ կան, որ քաղաքական դաշտում վերադասավորումներ են սպասվում: Եվ առաջիկայում որոշ ընդդիմադիր կուսակցություններ դառնալու են իշխանամետ, իսկ որոշ իշխանամետ կուսակցություններ` ընդդիմադիր: Եվ այս համատեքստում ամենաշատը խոսում են ՕԵԿ-ի մասին, որը շուտով դառնալու է ընդդիմություն: Որքանո՞վ է դա հավանական:

– Չեմ կարծում, որ քաղաքական կանխատեսումներ կարելի է իրականացնել զուտ խոսակցությունների հիման վրա: Մենք մեր տեղն ու դերն ունենք քաղաքական դաշտում: ՕԵԿ-ն ընդհանուր առմամբ իր խնդիրը տեսնում է մեր պետության մեջ օրենքի երկիր կառուցելու մեջ: ՕԵԿ-ն ունի ծանրակշիռ դեր եւ պատասխանատվության իր բաժինը, եւ մենք մտադիր ենք շարունակել մեր ծանրակշիռ դերակատարումը երկրի քաղաքական կյանքում: Ես չգիտեմ՝ ով ինչ սցենար է մտածում, քաղաքական ինչ կանխատեսումներ են անում: Եվ եթե ամեն մի սցենար նստես ու քննարկես, ժամանակը չի հերիքի:

– Ըստ տարածված կարծիքի` Ռոբերտ Քոչարյանն այլեւս չի վստահում կոալիցիային, որն այս տարիներին նրա համար ծառայել է որպես քաղաքական հենարան եւ 2007-2008թթ. նախաշեմին ցանկանում է այդ դերում տեսնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Եվ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ քաղաքական դաշտ է մտել կապիտալը, երբ արդեն գործարարներն են կուսակցություններ ստեղծում:

– Ես կարծում եմ, որ կապիտալը վաղուց արդեն մտել է քաղաքական դաշտ: Միաժամանակ, մենք բազմիցս ասել ենք, որ կողմնակից ենք, որ քաղաքական գործընթացներն ու դրանց տարբեր կոմպոնենտները լինեն հրապարակային: Մենք կողմնակից ենք արդար մրցակցությանը եւ այստեղ խնդիր չենք տեսնում:

– Արդեն ուրվագծվում է ապագա ԱԺ-ի պատկերը, ուր մեծամասնություն են կազմելու ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը»: Դա չի՞ մտահոգում Ձեզ:

– Այդպիսի չակերտավոր ուրվագծումներ դեռ շատ-շատ կլինեն: Առաջ չընկենք ժամանակից, ապագա ԱԺ ուրվագիծը պետք է ձեւավորվի ժողովրդի ընտրությամբ, որտեղ վստահ եմ, որ ՕԵԿ-ն իր ծանրակշիռ դերը կունենա:

– Սակայն մեր երկրում տեղի ունեցած ընտրություններն ու հատկապես նոյեմբերին կայացած հանրաքվեն ցույց տվեցին, որ ՀՀ-ում այլեւս անհնար է արդար ընտրություններ անցկացնելը:

– Համաձայն չեմ, որ ՀՀ-ում այլեւս անհնար են արդար ընտրությունները: Դա ի՞նչ է նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունն անհնար է: Ես համաձայն չեմ այդ դատապարտվածի մոտեցման հետ: Պետք է ամեն ինչ անենք, որ 2007-2008թթ. ընտրություններն անցնեն առավելագույնս օբյեկտիվ ու համապատասխանեն միջազգային չափանիշներին: Ի վերջո, պետք է հասկանանք, որ կեղծիքները վնասում են Հայաստանին: Ուստի կարծում եմ` պետք է օրենսդրորեն խստացվի նաեւ քրեական պատասխանատվությունը ընտրակեղծիքների համար, իսկ այս ուղղությամբ օրենսդրական քայլեր արդեն իսկ նախաձեռնում ենք:

– Եվ վերջին հարցը` կապված մշակույթի նախարարի թափուր աթոռի հետ: Ե՞րբ եք առաջարկելու նախարարի նոր թեկնածուին:

– Քննարկումներ կան, եւ ամսվա վերջին հստակ կիմանանք: