Ինչո՞ւ է աղմկում Հարությունյանը

27/01/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահի եւ ռեկտորի ընտրության շուրջ կրքերը գնալով բորբոքվում են: Ընդ որում, տպավորությունն այնպիսին է, որ այդ բորբոքումներն արհեստական են եւ հրահրվում են ինչ-որ ուժերի կողմից:

Այն բանից հետո, երբ ԵՊՀ խորհրդի նախագահի` 10 օր առաջ կայացած ընտրության ժամանակ խորհրդի նախագահի միակ թեկնածու, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը չընտրվեց այդ պաշտոնում, ոմանք դրանում փորձեցին մեղադրել խորհրդի ուսանող հատվածին: Մինչդեռ ուսանողները 72 հոգանոց խորհրդում ընդամենը 18-ն են: Այնուհետեւ ոմանք ակտիվորեն սկսեցին վարկաբեկել ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գեղամ Գեւորգյանին, ընդ որում, դա արվում է այնպիսի ծիծաղելի ու խղճուկ մեթոդներով, որ անհարմար վիճակի մեջ է գցում հենց այդ «վարկաբեկողներին»: Օրեր առաջ մաթեմատիկոս, ԵՊՀ ռեկտորի խորհրդական Գառնիկ Տոնոյանը մամուլում կարծիք էր հայտնել, թե Գ. Գեւորգյանի հեղինակած գրքերի որակը, մեղմ ասած, կասկածելի է, եւ որ ԵՊՀ-ում գործում է «դրսից ղեկավարվող մաֆիա»: Երեկ էլ «Փակագիծ» ակումբի հյուրն էր մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով Գ. Գեւորգյանին վարկաբեկելու նպատակով գիտությունների դոկտորի անգրագիտությունն ապացուցող «փաստեր» բերեց ու բացահայտեց վերոնշյալ մաֆիայի անդամներին: Բայց ամեն ինչի մասին` հերթով: Նախ ի՞նչ կապ ունի այստեղ Գ. Գեւորգյանը, ով վերջին մի քանի օրերի ընթացքում դարձել է որոշ շրջանակների հիստերիկ քննադատության թիրախ: Թվում է, թե տրամաբանական կլիներ, որ վերոնշյալ անձինք, ովքեր պնդում են, թե Գ. Գեւորգյանը ԵՊՀ ռեկտոր դառնալու հավակնություններ ունի, պաշտպանեին իրենց դեկանին: Իսկ ինչո՞ւ նրանք չեն ուզում դա անել, եթե իհարկե նրանց պնդումները համապատասխանում են իրականությանը: Բանն այն է, որ եւ՛ Գ. Տոնոյանը, եւ՛ Ա. Հարությունյանը, Գ. Գեւորգյանից, այդկերպ վարվելով, կարելի է ասել` վրեժխնդիր են լինում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այն բանից հետո, երբ Գ. Գեւորգյանը չի բավարարել Գ. Տոնոյանի` իրեն անհրաժեշտ ժամաքանակով ապահովելու պահանջը, պարոն Տոնոյանը նեղացել է ու հեռացել ֆակուլտետից: Իրավիճակը մի քիչ այլ է Ա. Հարությունյանի պարագայում: Նա շարունակում է դասախոսել մաթեմատիկայի ֆակուլտետում, սակայն երբ վերջերս կայացած ԵՊՀ խորհրդի անդամի ընտրությունների ժամանակ պարտվել է դեկան Գ. Գեւորգյանի աջակցությունը վայելող թեկնածուին, հավանաբար որոշել է նեղանալ դեկանից: Եվ ահա երեկ էլ «Փակագիծ» ակումբում պարոն Հարությունյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ վերջինս շատ է նեղացել, քանզի իր դեկանին վարկաբեկելու գործում պարոն Հարությունյանը մի տեսակ սկսեց «փրփուրներից կախվել», երբ փորձում էր ապացուցել, որ գիտությունների դոկտորը «կամ անգրագետ է, կամ էլ շատ փող է աշխատել»: Այդ նպատակով նա իր հետ բերել էր մի գիրք, որն, ըստ նրա, «դոկտորական դիսերտացիայի» նյութ է, եւ որի «տեխնիկական խմբագիրը» նույն Գ. Գեւորգյանն է, ով նաեւ ԳԱԱ թղթակից անդամ է: Պարոն Հարությունյանը ցույց տվեց, որ այդ գրքում, ասենք, թղթակից բառը գրված է «տ»-ով: «Ամբողջ գիրքը խայտառակություն է: Այսինքն` մարդը գիտության դոկտոր է, Ակադեմիայի թղթակից անդամ, բայց գրքում լոգարիթմի սահմանումը, որն 9-րդ դասարանում է գրված՝ սխալ է: Ուղղակի զավեշտի է հասնում: Այստեղ թեորեմ է ապացուցվում, որ Ղարաբաղը մերն է: Իմանալ-չհայտնելու համար դատ է, չէ՞, հասնում»,- իր դեկանին վարկաբեկելու «աղաղակող փաստեր» էր նշում նա: Վերոնշյալ գիրքը սակայն տպագրվել է 2004-ին: Թե ինչո՞ւ է պարոն Հարությունյանը միայն հիմա խոսում նրանում տեղ գտած բազմաթիվ թերությունների մասին, նա չմանրամասնեց: Ի դեպ, գրքի հեղինակը Գ. Գեւորգյանը չէ: «Էստեղ կամ մեծ փողեր են աշխատում, կամ էլ անգրագետ են: Երկու դեպքում էլ ես պատրաստ եմ դատարանում այս հարցը վիճարկել: Ես կուզեմ, որ ինձ դատի տան, եթե ես մեղադրում եմ»,- նշեց Ա. Հարությունյանը: Վերջինիս խոսքերով` ժամանակին Ուլյանով Լենինն ուզում էր, որ սեփական պետությունը պարտվի, որպեսզի բոլշեւիկներն իշխանությունը վերցնեն: Նույն ձեւով էլ, ըստ նրա, ԵՊՀ որոշ ուժեր կանոնադրությունը հարմարեցրեցին այնպես, որ համալսարանի կառավարումը հայտնվի դրսի ձեռքում: Ա. Հարությունյանի պնդմամբ` ԵՊՀ խորհրդի անդամ ուսանողների ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ ամեն ինչ մի կենտրոնից է ղեկավարվում: «Ժողովրդավարություն` չի նշանակում միայն փակ, գաղտնի քվեարկություն: Ժողովրդավարություն նշանակում է, որ ամեն մեկը քվեարկությունից առաջ ավելի շատ պետք է իր կարծիքը հայտնի եւ ավելի շատ կողմնորոշի մյուսներին»,- ասաց նա ու հավելեց, թե խոսակցություններ կան, որ մաֆիան իր նպատակին հասնելու համար մինչեւ 400 հազար դոլար է շրջանառության մեջ դրել: «Այսինքն` կաշառելով… նույնիսկ քվեարկության մեխանիզմն է այնպես սարքված, որ հասկանում են, թե ով է «կողմ» քվեարկել: Ուսխորհուրդները երբ ձեւավորվում էին, այդ նույն մարդիկ, ես նկատի ունեմ այդ նույն ընդունելության քննությունների մաֆիայի ներկայացուցիչներին, դեռ երկու տարի առաջ գիտեին, որ այս որոշումը պետք է ընդունվի»,- պնդում է Ա. Հարությունյանը: Վերջինիս խոսքերով` երբ ինքը 2002-ի մարտի 13-ին քննադատել է ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր Ռ. Մարտիրոսյանին, վերջինս դա շատ ծանր է տարել, ու Գ. Գեւորգյանին համապատասխան հանձնարարական է տրվել եւ 2002-ի աշնանը, երբ մաթեմատիկայի ֆակուլտետում «ԵՊՀ խորհրդի ընտրություն էր կատարվում, «տուալետից» մարդ էին բերում քվեարկելու», եւ այդ ամենը` նրա համար, որ Ա. Հարությունյանը չընտրվի խորհրդի անդամ: Նրա պնդմամբ` այսօր այդ նույն մարդիկ, որոնց ինքը (Ռադիկ Մարտիրոսյանը), Ակադեմիայի թղթակից անդամներ է դարձրել, դեկաններ է դարձրել, համագործակցում են մաֆիայի հետ: «Նրանք միշտ ընդունելության քննությունների հանձնաժողովներում ունեն իրենց մարդիկ: Արդեն աշնանն իմանում են, թե ով է լինելու հանձնաժողովի նախագահը: Այդ մարդիկ բոլոր տարիներին ընդունելության քննությունների ժամանակ ունեն իրենց թիմը, իրենք գրքերը տպում են, դասագրքեր են գրում, որոնք ահավոր են»,- պնդում էր բանախոսը: Լավ, իսկ ովքե՞ր են Ա. Հարությունյանի նշած մաֆիայի անդամները կամ այդ մաֆիայի հետ համագործակցողները: «Մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյան, կրթության փոխնախարար Արա Ավետիսյան, կրթության նախկին նախարար Էդուարդ Ղազարյան, եւ Շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանիկ Զաքարյան»,- գիտական համակարգի մաֆիոզների ցանկը բացահայտեց նա, որում քիչ ուշ ավելացրեց նաեւ ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանին: «Սրանք համարյա թե ամեն օր երեկոյան ռեստորաններում հավաքվում են եւ քննարկում են բոլոր պլանները: Եվ ընդ որում այդ ուսանողների հիմնական մասին նրանք ռեստորանում լավ… բան են արել»,- բացահայտումների շարքն այսպես շարունակեց բանախոսը, ում համոզմամբ` ամբողջ խնդիրն այն է, որ «ընդունելության քննությունների մաֆիան փորձում է տիրանալ համալսարանի կառավարմանը»: Ի դեպ, Ա. Հարությունյանի այս ելույթում շատերը տեսնում են Ռադիկ Մարտիրոսյանի, ԵՊՀ ռեկտորի խորհրդական Գառնիկ Տոնոյանի եւ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի ձեռագիրը:

Ա. Հարությունյանի հայտարարությունների կապակցությամբ փորձեցինք ստանալ վերոնշյալ «մաֆիոզների» կարծիքը: Մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գ. Գեւորգյանի խոսքերով` Ա. Հարությունյանն այն մարդը չէ, որ ինքը ժամանակ կորցնի եւ պատասխանի նրա ասածներին: