Այս օրերին Հայաստանում քննարկվող ամենահրատապ թեման, անշուշտ, գազի խնդիրն է։ Խոսքը եւ՛ պայթեցված գազատարի վերականգնման ժամկետների մասին է, եւ՛ գազի սակագների շուրջ հայ-ռուսական առայժմ անհաջող բանակցությունների։ Բայց գազի թեման ընդամենը պրոբլեմի առաջին, ամենաերեւացող շերտն է։ Իրականում քննարկման առարկան շատ ավելի ընդգրկուն է։ Ըստ էության, օրակարգում հայ-ռուսական հարաբերությունների վերանայման խնդիրն է։ Իսկ այս համատեքստում շատ կարեւոր է, թե ինչպես է Հայաստանում ընկալվում Ռուսաստանը, եւ ինչպես է Ռուսաստանում ընկալվում Հայաստանը։
«Կրտսեր եղբոր» բարդույթը
Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը Հայաստանում ընկալվել է որպես «ավագ եղբայր», «հայ ժողովրդի փրկիչ», «ռազմավարական գործընկեր» եւ այլն։ Մինչեւ այսօր էլ այս ընկալումը բավականին ամուր է նստած մեր մեջ։ Այնքան ամուր, որ նույնիսկ Ղարաբաղյան պատերազմին մասնակցածները, ովքեր մի քանի տարի շարունակ մասնակցել են ռազմական գործողություններին եւ այդպես էլ ոչ մի ռուս չեն տեսել, հանկարծ կարող են հայտարարել, թե «առանց Ռուսաստանի մենք չէինք կարող հաղթել»։ Իրականում ռուսական (խորհրդային) զորքերը միայն մի անգամ են մասնակցել մարտական գործողություններին` ադրբեջանցիների հետ համատեղ գրավել են Շահումյանի շրջանը, բայց այս փաստը մեր ընդհանուր ընկալման վրա որեւէ հետք չի թողել։
Նույնը շարունակվում է նաեւ այսօր։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Երեւանում հարցում էր անցկացվել, եւ պարզվել էր, որ հարցվածների կեսից ավելին չի հավատում, որ Ռուսաստանը կթանկացնի Հայաստանին մատակարարվող գազը։ Եվ սա` այն դեպքում, երբ ռուս պաշտոնյաները բազմիցս հայտարարել էին, թե ամեն ինչ որոշված է` Ռուսաստանն առաջնորդվելու է շուկայական հարաբերություններով։
Փաստորեն, մենք առ այսօր միամտաբար հավատում ենք հայ-ռուսական «եղբայրական» հարաբերություններին եւ շարունակում ենք ձգտել ամեն կերպ դուր գալ մեր «ավագ եղբորը»` հաճախ մեր արժանապատվության հաշվին։ Ավելին` մենք փորձում ենք հայ-ռուսական հարաբերությունների մեր ընկալումը պարտադրել նաեւ ռուսներին։ Եվ դա բացահայտ երեւաց Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Տպավորությունն այնպիսին էր, թե Հայաստանը ոչ թե պետություն է, այլ Ռուսաստանին խոպանչիներ մատակարարող տարածք, եւ ընդամենը խնդիր էր դրված ցույց տալ, որ այդ «խոպանչիները» նաեւ մշակույթ ունեն։
«Սոլնեչնայա Արմենիա»
Իսկ ինչպե՞ս է Ռուսաստանում ընկալվում Հայաստանը։ Ռուսներն, իհարկե, առանձնապես մեծ տարբերություն չեն դնում «Սոլնեչնայա Արմենիա»-ի եւ, ասենք, «Սոլնեչնի Տուրկմենիստան»-ի միջեւ։ Պարզապես մեր նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ ավելի քամահրական է։ Եվ երբ ռուս պաշտոնյան Հայաստանն անվանում է «ֆորպոստ», խնդիրն այն չէ` ճի՞շտ է ասում, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ նա կարծում է, թե իր այդ գնահատականով կոմպլիմենտ է անում Հայաստանին։ Այսինքն, նրա պատկերացմամբ, Հայաստանը երկիր է, որի համար Ռուսաստանի ֆորպոստը լինելը մեծ պատիվ է։ Նա մեղավոր չէ, մենք ենք մեզ այդպես դրսեւորել։
Եթե Ռուսաստանը փորձեր մեզ խաբել, ու մենք խաբվեինք, պրոբլեմն այսքան խորը չէր լինի։ Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ Ռուսաստանը չի ձգտում խաբել մեզ։ Նրանք բազմիցս հայտարարել են, օրինակ, որ ղարաբաղյան խնդրում մեր դաշնակիցը չեն եւ հարցի լուծումը տեսնում են միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Գազի հարցով հայտարարել են, թե քաղաքական խնդիրները կապ չունեն, եւ իրենք առաջնորդվում են միայն տնտեսական շահերով։ Իսկ մի քանի օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդհանրապես սենսացիոն հայտարարություն արեց` տեղեկացնելով, թե Ռուսաստանը զենք է վաճառելու Հայաստանին եւ Ադրբեջանին` դարձյալ առաջնորդվելով կոմերցիոն շահերով։ Այսինքն, Ռուսաստանն ամեն կերպ փորձում է «բացել մեր աչքերը» եւ մեզ ստիպել ձերբազատվել «կրտսեր եղբոր» բարդույթից, բայց մենք համառորեն շարունակում ենք օրհնել հայտնի սհաթը։
Այնպես որ, վերջին շաբաթների «գազային կրքերը» պատասխանելու են շատ ավելի կարեւոր հարցի. կկարողանա՞նք հաղթահարել այդ բարդույթը, թե՞ ոչ։ Ի դեպ, եթե կարողանանք, հայ-ռուսական հարաբերությունները դրանից ամենեւին չեն տուժի։ Ճիշտ հակառակը` կդրվեն ավելի ամուր եւ գործնական հիմքերի վրա։ Փորձը ցույց է տալիս, որ միակողմանի սիրո վրա հիմնված հարաբերությունները շատ ավելի խախուտ են, քան փոխադարձ շահով պայմանավորված հարաբերությունները։