ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն անհանգստություն է հայտնել հայ հասարակության մեջ գազի գնի փոփոխության պատճառով նկատվող հակառուսական տրամադրությունների կապակցությամբ: «Հայաստանում հասարակական կարծիք է ձեւավորվում, որը, դժբախտաբար, Ռուսաստանի օգտին չէ: Այս հասարակական կարծիքը կարող է հետագայում երբեւէ իր դերը խաղալ: Սա այն է, ինչ մեզ իսկապես անհանգստացնում է»,- կարծում է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Սակայն այս իրավիճակը, Սողոմոնյանի խոսքերով, պարտավոր է շտկել ռուսական կողմը: «Բնական է, եթե գազի գինը թանկանա, ինչպե՞ս կարող ես մարդուն բացատրել, թե պետք է այլ կերպ մտածել,- հայտարարեց նա` հատուկ շեշտելով,- ես ուզում եմ` մենք մի բան ֆիքսենք. այն գինը, որ եղել է մինչեւ հիմա, բնական է, որ այլեւս չի լինելու, այդ գնով գազ այլեւս գոյություն չունի»: Իսկ թե ՀՀ-ն ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանից ՀՀ-ին գազ մատակարարող գազամուղի՝ Հյուսիսային Օսիայի Վերին Լարս գյուղի հատվածում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, լրագրողներին այդպես էլ չհաջողվեց ճշտել, քանի որ Սողոմոնյանն այս հարցում դիրքորոշման խնդիր չի տեսել եւ այդ պատճառով էլ հարցը նախագահի հետ չի քննարկել:
Ա.Գ.